կարևոր
4135 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-10 10:40
Քաղաքական

Խնդիրները «ջրելու» դիմաց փա՞յ են վերցրել․ «Հրապարակ»

Խնդիրները «ջրելու» դիմաց փա՞յ են վերցրել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ պետության կողմից տարբեր բիզնեսներում «փայ մտնելու» արատավոր երեւույթի վերաբերյալ: Խոսքը «Լիդիան Արմենիա» ընկերության եւ ԶՊՄԿ-ի, «Վիվասելի» կողմից որոշակի բաժնեմաս կառավարությանը զիջելու մասին է: Պատգամավորը հետաքրքրվեց, թե որն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ «նվիրատվությունների» իրական շարժառիթը, արդյո՞ք այս գործարքների իրական բնույթը կառավարության կողմից բիզնեսում անօրինական փայ մտնելը չէ` հարկային տեռորի գործադրմամբ, չվճարված հարկային կամ այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու եւ չպատժվելու դիմաց: Հարցրեց նաեւ, թե պոտենցիալ ներդրումների առումով գնահատվե՞լ են այն նոր ռիսկերը, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս գործող բիզնեսներից փայ խլելու հետեւանքով։ Կառավարության ղեկավարը ոչ միայն ըստ էության չպատասխանեց այս հարցերին, այլեւ հումորի վերածեց դրանք։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանին հարցրինք` ինչո՞ւ Ձեզ մոտ առաջացան այդ հարցերը, Դուք այս գործարքների հետեւում կոռուպցիոն ռիսկե՞ր եք տեսնում։ 

- Խոշոր հարկատուների մեջ նաեւ «Վիվասել ՄՏՍ» ընկերությունն է պատրաստվում իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել կառավարությանը։ Այս պահին արդեն 3 խոշոր հարկատուներ, չգիտես ինչու, իրենց բաժնետոմսերը փոխանցում են պետությանը։ Եթե այս ընկերությունները մեր երկրում ներդրում են անում, պատշաճ կերպով հարկ են վճարում, ապա ինչո՞ւ են փայ տալիս կառավարությանը կամ մեկ ուրիշին։ Միջազգային փորձ չկա, որ դրական նպատակներով բիզնեսն իր փայը զիջի պետությանը։ Անհատույց նվիրաբերություն է եղել, որը խիստ անհասկանալի է։ Մենք տեսել ենք այս իշխանության օրոք համատեղ ներդրման ձախողում՝ Fly Arna ավիաուղիների մասին է խոսքը։ Պետության հետ համատեղ ներդրման ձախողված օրինակ է այս ավիաընկերության հիմնումը, որի 49 տոկոսը պետական էր, եւ  հիմնադրվելուց շուրջ մեկ տարի անց այն սնանկացավ։ Սա մի փաստ է, որ իշխանությունները փորձել եւ ձախողել են, եւ հարց է առաջանում՝ վերեւում թվարկված կազմակերպություններն ինչո՞ւ են ուզում ձախողակ կառավարման ճանապարհով գնալ։ Եթե այդ կազմակերպությունները խնդիր են ունեցել կամ ունեն օրենքի հետ՝ հարկեր վճարելու տեսքով, կամ կատարել են ինչ-որ չարաշահումներ, որը ենթադրում  է իրավական պատժամիջոցներ, ապա պետք է կրեն այդ հետեւանքները։ Չի կարելի «տնավարի» մոտեցմամբ ասել՝ գիտե՞ս, հարգելի տնտեսվարող, դու նախկինում պետության հետ օրենքի մասով խնդիր ես ունեցել, որ մի 20 տոկոս զիջես պետությանը, մենք կմոռանանք այդ խնդիրները։ Որեւէ մեկը նման իրավունք չունի։  

- Ի վերջո, ի՞նչ է թաքնված այդ նվիրատվությունների հետեւում, Հայաստանի քաղաքացին կարո՞ղ է վստահ լինել, որ այդ նվիրատվություններից գոյացած եկամուտն ուղղվում է իր կարիքներին, այլ ոչ թե ՔՊ-ի կուսակցական հարցերի լուծմանը։

- Վատ չէ, որ նվիրատվություն են արել մեր պետությանը, վատն այն է, որ հիմքերը պարզ չեն այդ նվիրատվությունների։ Ի՞նչ է նշանակում՝ պետությանը փայատեր են դարձնում, որ արխային աշխատեն։ Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է օրենքի առաջ հավասարության սկզբունքով աշխատել։ «Պետությանը փայ դարձնենք, ինչ ուզենք՝ անենք»-ը շատ վտանգավոր է։ Եթե ՔՊ-ի տրամաբանությամբ այս ձեւով բիզնեսի մեջ մտնելը լավ է, ապա թող հարկադրանքի կամ այլ ստվերային պայմանավորվածությունների միջոցով փայ վերցնի հենց իր սրտի օլիգարխներից։ Իշխանության մեջ կան բազմաթիվ բիզնեսմեններ։

- Նկատի ունեք Խաչատուր Սուքիասյանի՞ն։

- Այո, ինչո՞ւ նրանք պետությանը չեն նվիրաբերում իրենց բիզնեսի մասնաբաժինները, եթե դա այդքան լավ երեւույթ է։ 

- «Սաշիկի 50-50»-ը վերացնելու խոստումով իշխանության եկած ՔՊ-ականները կարո՞ղ է նույնն են անում այս խոշոր տնտեսվարողների դեպքում։ 

- Նախ՝ այդպես էլ հանրությունը չտեսավ՝ այդ «50-50» ասվածը իսկապե՞ս եղել է, թե՞ ոչ։ Մենք չտեսանք դատարանի՝ ուժի մեջ մտած ակտ, առ այն, որ եղել է «50-50» կոչվածը։ Այստեղ ավելի շատ քաղաքական դրդապատճառն էր ու պոպուլիստական միտումները, քան իրականությունը։ Սա ավելի վտանգավոր երեւույթ է, պետության անունից ինչ-որ իշխանավոր փորձում է ներել կոնկրետ ընկերությունների որոշակի պարտավորություններ՝ փայ մտնելու դիմաց։ Մեր ներդրումային միջավայրի, պոտենցիալ ներդրողների համար սա խիստ բացասական մեսիջ է։ Ժողովուրդն ասում է՝ անվճար պանիրը միայն թակարդում է։ Այս հարցերի շուրջ վարչապետի տված հիմնավորումները հաստատեցին իմ մտահոգությունները՝ խնդիրներ կան, եւ այդ խնդիրները ներելու դիմաց փայ են վերցրել։ Շատ կարեւոր մի հանգամանք էլ կա՝ արդյո՞ք իշխանություններն այդ ընկերություններից վերցրել են այնքան, որքան կազմում է իրենց մարտավարությունը, թե՞ մի քանի անգամ ավելի մեծ պարտավորություն ունեին պետության հանդեպ, իրենք վերցրել են մի քանի անգամ պակաս, իսկ մնացածը «ջրել» են»։