Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարին հիշարժան է Համազգային հայ կրթական և մշակութային միության համար։ Լրացավ Համազգայինի Մ․ և Հ․ Արսլանյան ճեմարանի 90 ամյակը։ Այս հոբելյանը ևս մեկ առիթ է վերստին հիշելու հասարակական-քաղաքական, մշակութային այն գործիչներին, ովքեր հաղթահարելով ամեն տեսակ դժվարություններ , երբեք չվհատվեցին, չդադարեցին գործել նոր շունչ տալով հայկական հարուստ մշակույթին, հիմնեցին կրթական այնպիսի հաստատություններ,որոնք Հայրենիքից հեռու սերունդներին ոչ միայն պիտի կրթեին իմացական առումով, այլ՝ հայ երիտասարդի ինքնությունը արթուն պահեին։ Ճեմարան, հայկական դպրոցներ, մշակութային կազմակերպություններ հիմնող սերունդը հպարտանալու առիթ պարգևեց ոչ միայն այդ օրերին, այլ նաև այսօր, երբ թերթում ենք հայոց պատմության էջերը։
Առաջին հանրապետության անկումից հետո ճակատագրի բերումով ողջ մնացած մտավորականությանը Հայրենիքից դուրս մեկ այլ փորձություն էր սպասվում։ Նրանց գերագույն նպատակը եղավ աշխարհասփյուռ հայության միտքը սևեռել ազգային նպատակներին։ Եվ հաջողության հասնելու միակ գրավականը հայեցի կրթությունն էր։ Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադիրները՝ Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան և ուրիշներ ճիգերի գերագույն լարումով ստեղծեցին հոգևոր այնպիսի միջավայր, որը միակ մխիթարանքը դարձավ Հայրենիքից դուրս ապրող, գաղթական հայի համար։ Ճեմարանը յուրատեսակ ավազան դարձավ, ուր մկրտվեցին հայ ազգի մեծերը, որոնց առաքելությունը եկող սերունդներին հոգևոր արժեքների փոխանցումն էր։ Անվերապահ պիտի ասել, որ ճեմարանի ավագ սերնդի ուսուցիչների՝ Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան, Կոստան Զարյան, Սիմոն Վրացյան, Բարսեղ Կանաչյան, Կարո Սասունի, և մյուսների, շնորհիվ մենք այսօր հաղորդակից ենք հայ գրականության ու մշակույթի այն մեծերի հոգևոր ժառանգությանը, որը սնանկ գաղափարախոսության արդյունքում հանիրավի մոռացության էր մատնված։
Սիրելի ճեմարանականներ շնորհավոր այս փառահեղ հոբելյանը։ Փառք ու պատիվ այն սերնդին, որոնց պատգամները մեզ պարտավորեցնում են հայ մնալ, ուր էլ ,որ լինենք մտածենք մի օր Հայրենիք վերադառնալու մասին, որովհետև միայն հայրենի հողի վրա հենվելով կարող ենք միասնաբար հայացքներս հառել հավերժին։
Համազգայինի Երևանի գրասենյակ
#Համազգային_Երևան #Համազգային_Ճեմարան_90