կարևոր
2305 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-14 12:37
Հասարակություն

Ի՞նչ ծրագրեր ունի ՄԻՊ-ը գերությունից վերադարձած անձանց համար

Ի՞նչ ծրագրեր ունի ՄԻՊ-ը գերությունից վերադարձած անձանց համար

«Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագրում» որոշ քայլեր են ձեռնարկված ռազմական գործողություններից տուժած և գերությունից վերադարձած անձանց հոգեբանական վիճակի բարելավման համար։ Երեք տարիների ընթացքում աջակցություն կստանան գերությունից վերադարձած բոլոր անձինք։

Մասնավորապես, 2023 թ․ երկրորդ կիսամյակում նախատեսվել էր գերությունից վերադարձած անձանց առնվազն 30 տոկոսին ֆիզիկական և հոգեբանական հետազոտության բացահայտումների հիման վրա տրամադրել անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն։ 2024 թ․ առաջին կիսամյակում թիվը կդառնա 50, իսկ երկրորդին՝ 80 տոկոս։   2025 թ․ երկրորդ կիսամյակում նախատեսվում է ֆիզիկական և հոգեբանական հետազոտության բացահայտումների հիման վրա տրամադրել անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն գերությունից վերադարձած բոլոր անձանց։  

Որպես արդյունքային ցուցանիշ` սահմանված է, որ գերությունից վերադարձած անձանց շարունակաբար կդրամադրվի անհատական, երկարաժամկետ և հետևողական աջակցություն՝ ըստ տարիների։  

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանը Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած  քննարկման ընթացքում նշել է, որ իրենք դիտարկել են նաև անցած տարիներին տրամադրված հոգեբանական աջակցության տվյալները և նկատել, որ այն չի իրականացվել ամբողջ ծավալով կամ կրել է կարճաժամկետ բնույթ:

«Գործողությունների այս ծրագրում մենք առաջարկել ենք, որ հոգեբանական աջակցությունները կրեն շարունակական բնույթ»,- նշել է Անտոնյանը՝ հավելելով, որ  տվյալ ոլորտը չէր կարող ընդգրկել ամբողջ գործողությունների ծրագիրը, քանի որ ոլորտը պահանջում է համալիր մոտեցում և այն կարգավորող առանձին մշակված ռազմավարություններ կան։  

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին ՀՀ  վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի` Ադրբեջանն ազատ է արձակում գերեվարված 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Անձանց փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին՝  Ղազախ–Իջևան սահմանին։

Աննա Հարությունյան

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին, 3-րդ կուրս