կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 23:38
Հասարակություն

Գերությունից վերադարձած, ապա կալանավորված մայորն ազատ կարձակվի. «Փաստինֆո»

Գերությունից վերադարձած, ապա կալանավորված մայորն ազատ կարձակվի. «Փաստինֆո»

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ կարձակվի։ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գ. Ստեփանյանի նախագահությամբ, քրեական գործի դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է Նարեկ Երիմյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը և նրա նկատմամբ գրավ կիրառել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Կարմեն Պողոսյանը։

Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր Երիմյանին կալանավորելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։ Նախաքննական մարմինն այլ խափանման միջոց չէր ընտրել, իսկ դատախազությունն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել մայորին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, դեկտեմբերի 27-ին բավարարել է դատախազության բողոքը՝ Երիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն այժմ գտնվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։ Քրեական գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննարկել է ամբաստանյալների խափանման միջոցի հարցը։ Երիմյանի պաշտպանը տեղեկացրել է, որ դատարանը որոշել է Երիմյանի նկատմամբ կիրառել գրավ՝ 100 000 ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գումարն այսօր կփոխանցվի, ինչից հետո Երիմյանն ազատ կարձակվի։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։

Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից 4-ը բավարարվել են։ Ն. Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր, սակայն վերջինս կալանավորվել էր՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված 32 զինծառայողները վերադարձվել են, որոնցից 6-ը որպես մեղադրյալ են ներգրավվել արդեն Հայաստանում։