կարևոր
6028 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-02 13:56
Քաղաքական

Ամանորյա դիտարկումներ․ Ավետիք Իշխանյան

Ամանորյա դիտարկումներ․ Ավետիք Իշխանյան

Անցած, 2023 թվականը հայոց պատմության և հայ ժողովրդի, իմ կարծիքով ամենաողբերգական տարիներից էր։ Այն կարելի է համեմատել 1894-96 թթ․ համիդյան, 1909թ․ Ադանայի, 1915թ․ հայոց մեծ ցեղասպանության, 1920թ․ Շուշիի ջարդերի հետ։ Եվ եթե, վերը թվարկված ջարդերի կազմակերպիչները եղել են հայ ժողովրդի թշնամիները, ապա 2023թ․ Արցախի ողբերգության համահեղինակը Հայաստանի վարչապետ կոչեցյալ է։ Այն որ Արցախի կորուստը, շատերին անտարբեր էր թողնելու, իսկ շատերը ուրախությունից իրենց կորցնելու  էին՝ կասկած չունեի։Բայց, նաև միամտաբար մտածում էի, թե բոլոր հրճվողները, գոնե հաշվի առնելով Հայաստանում գտնվող արցախցի փախստականների տառապանքները, ձեռնպահ կմնան իրենց ցնծությունը ի ցույց  դնել և ձևեր կթափեն, թե իբր ցավում են Արցախի կորստի համար։ Բնականաբար, այդպիսիք նույնպես եղան։ Օրինակ, այս հարցման մասնակիցները, որոնց մեծ մասը, տարբեր ձևերով պաշտպանել են վարչապետ կոչեցյալի քաղաքականությունը և ձևեր են թափում, թե ցավում են Արցախի կորստի համար։ Եթե իսկապես ցավում եք, ապա մատնանշեք Արցախն Ադրբեջանի կազմում հայտարարող դավաճանի անունը։Սակայն, ի զարմանս, եղան այնպիսիները, որ առանց խղճի խայթ զգալու, ցինիկաբար, 2023թվականը գնահատեցին, որպես լավ, դրական ձեռքբերումների տարի։ Առաջինը, աչքիս ընկավ, ականավոր քպ-ական Հովիկ Աղազարյանի մտքի գոհարները․ «Դժվար, ցավալի, երբեմն նաև՝ նորմալ իրադարձություններով լի տարի էր, ես ինքս անձամբ՝ որպես քաղաքացի, որպես պատգամավոր, գնահատում եմ լավ տարի, բոլոր դժվարություններով հանդերձ՝ ես գնահատում եմ լավ տարի։ Եվ այս ողորմելին, ժամանակին եղել է ՀՅԴ անդա՞մ, երդվել է զենքի վրա՞։ Պարզ է, ՀՅԴ-ից նրա ֆինանսական ակնկալիքները չեն արդարացել և վերջապես նա գտել է իր կուռքին՝ ստրկանալ և վայելել հարուստ ստրկությունը, թե չէ հայրենի՜ք, զե՜նք, երդու՜մ․․․ Պարզ է, որ այս արարածն արտահայտում է բոլոր քպ-ականների հավաքական կարծիքը։

Հաջորդն աչքիս ընկավ, իրեն իրավապաշտպան համարող, Վարդան Հարությունյանի հոդվածը։ Վարդան Հարությունյանը, իրեն ներկայացնում է, որպես այսօրվա գարշապետին ընդդիմադիր գործիչ։

Դեռ մի կողմ դնենք, որ իրեն իրավապաշտպան համարող անձը, չի նկատում քաղաքական համատարած հետապնդումները, քաղբանտարկյալներին։ Իր հոդվածում, Վարդան Հարությունյանը հակադրում է Արցախը Հայաստանին, հոդվածն անվանելով՝ «Կա՛ Հայաստանի հանրապետությունը»։ Հոդվածում հեղինակը ձևեր է թափում, թե իբր ցավում է Արցախի կորստի համար, մխիթարելով ընթերցողին, որ պատմության մեջ մենք շատ կորուստներ ենք ունեցել։ Արցախի կորուստը համարելով, քաղաքական կոպիտ սխալ, Վարդան Հարությունյանը  չի մատնանշում այդ սխալի կոնկրետ  հեղինակին։ Ըստ էության Վարդան Հարությունյանը չարախնդում է բոլոր նրանց վրա, ովքեր իր խոսքերով «հուսահատ են, ողջը կորած են համարում» և շարունակում է․ «Սա բնական է։ Մարդիկ 1988-ին մի գործ են սկսել, որն այսօր տապալվել է։ Իրենց կյանքի մի հսկայական հատված՝ 35 տարի, տվել են այդ գործին։ Շատերն այդ գործի շնորհիվ են կայացել ու հանրային դեմք դարձել։ Շատերն այդ գործով են պայմանավորել մեր ապագան ու մեր լինել-չլինելը, հետեւաբար այս տապալումը չէր կարող նրանց հուսահատության գիրկը չնետել»։ Հետաքրքիր է, նա այդ մարդկանց թվում տեսնու՞մ է իր կուռք՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նույնպես։ Չէ՞ որ, եթե չլիներ 88-ի շարժումը, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր դառնա  Հայաստանի նախագահ, Վանո Սիրադեղյանը՝ Ներքին գործերի նախարար, հետևաբար և Վարդան Հարությունյանը՝ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյա։ Հարց Վարդան Հարությունյանին․ «Ո՞վ է կայացել, արցախյան շարժման շնորհիվ, ապա և  ուրացել Արցախը»։

Օրվա վերջին կարդալով վարչապետ կոչեցյալի ուղերձը, ըստ էության Վարդան Հարությունյանը համաձայն է նրա հետ՝ հակադրելով հայրենիքն ու Արցախը։ Նա իր հոդվածներից մեկում, առաջ ընկնելով վարչապետ կոչեցյալից, ինքն էր Հայաստանը որպես գազանավթային  խաչմերուկ երազում, իհարկե Արցախի հաշվին։

Կարդացի նաև, իրեն նախագահ համարող, վարչապետ կոչեցյալի խամաճիկ-կնիքի ուղերձը նույնպես։

Սա էլ ձևի համար, իբր ցավում է Արցախի կորստի համար, դրան հակադրելով , «․․․երկրի տնտեսական վերելքը․․․»։ Դե արի ու մի ասա․ «Թքել եմ ձեր վերելքի վրա»։

Զզվանքով կարդացի նաև վարչապետ կոչեցյալի ուղերձը։ Ոչ մի խոսք Արցախի կորստի մասին, այլ միայն, ուշադրություն՝ ոչ թե Արցախի, այլ լեռնային Ղարաբաղի փախստականների մասին։ Կարծես, այդ փախստականները երկնքից ընկան։ Նա միայն խոսում է կասկածելի տնտեսական աճի, բարձր աշխատավարձերի մասին, հակադրելով հայրենիք-պետություն հասկացողությունները, դրանով ևս մեկ անգամ շեշտելով, որ Արցախը ոչ թե մեր, այլ ադրբեջանցիների  հայրենիք է։

Մեր, հայ ժողովրդի ողբերգությունն այն է, որ հովիկաղազարյաններն, վարդանհարությունյաններն, եզակի դեմքեր չեն։ Այդպիսիք են բոլոր քպ-ականները, նախարարները, իրենց քաղհասարակություն կոչողները։ Սրանց բոլորի համար կարևորը իրենց անձնական և ընտանեկան բարեկեցությունն է, թեկուզ  հայրենիքի կորստի, իրենց հայրենակիցների տառապանքների հաշվին։ Նրանք բոլորը Արցախն ուրացող վարչապետ կոչեցյալի հենարանն են։

Ավետիք Իշխանյան