Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Pravda.ru-ի Հայաստանում հատուկ թղթակից Դարյա Ասլամովան հանդիպել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, «Դաշնակցություն» կուսակցության Ազգային ժողովի անդամ Արթուր Խաչատրյանի հետ:
- Այսօր Հայաստանում ընդունված է բոլոր դժբախտությունների համար մեղադրել Ռուսաստանին։ Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի հասցեին մեղադրանքների պայթյունը։
- Կարծում եմ՝ Ձեր գնահատականը չափազանցված է։ Կան, իհարկե, հակառուսական տրամադրություններ։ Այստեղ կան եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ։ Սկսենք օբյեկտիվից։
2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, բազմաթիվ հայեր վերադարձան Լեռնային Ղարաբաղ։ Ոչ թե այն պատճառով, որ եռակողմ համաձայնագիր ստորագրվեց, այլ այն պատճառով, որ նրանք հույս ունեին՝ ռուսական խաղաղապահ զորակազմը կապահովի իրենց անվտանգությունը։ Ականատեսն ենք՝ ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այո, Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Հասկանալի է՝ դա շատ բան փոխեց, բայց այնուամենայնիվ ․.. Մարդիկ հավատում էին՝ խաղաղապահ զորախումբը կապահովի իրենց անվտանգությունը։
Կա քաղաքական պատճառ, որովհետեւ տեսնում ենք՝ Հայաստանի ղեկավարության հստակ դիրքորոշումն արտաքին քաղաքական վեկտորը փոխելու հարցում։ Վեկտորի փոփոխությունն արդարացնելու համար նրանք սկսում են տարատեսակ մեղքեր բարդել Ռուսաստանի վրա։
- Հռոմի ստատուտի ստորագրումը, այսինքն՝ Հաագայի միջազգային տրիբունալի ճանաչումը նման է պատերազմ հայտարարելուն։ Սա պարզապես հարձակում չէ Պուտինի դեմ, այլ՝ հարձակում երկրի դեմ։
- Այո, դա հակառուսական ծառի ճյուղերից է։ Իշխանությունը վարում է հակառուսական քաղաքականություն՝ ուղղված արտաքին քաղաքական վեկտորը փոփոխմանը։ Հռոմի ստատուտի վավերացումն այդ քայլերից մեկն է, ի հավելում ՀԱՊԿ գագաթնաժողովի եւ ԱՊՀ աշխատանքներին մասնակցության բոյկոտումը։ Բայց, իհարկե, Հռոմի ստատուտի վավերացումն ամենացավոտ, կտրուկ քայլն է։ Մենք դեմ էինք դրա վավերացմանը՝ ընդգծելով, որ իշխանությունը սխալ է գնահատում ստատուտի վավերացման արտաքին քաղաքական ազդեցությունը։ Հռոմի ստատուտը չի ճանաչվել Սահմանադրական դատարանի կողմից։ Խորհրդարանը վավերացրել է այն։
- Արեւմտյան վեկտորն ընտրելիս՝ ի՞նչ է ակնկալում Հայաստանի կառավարությունը: Եվրոպայի եւ Հայաստանի կապն աշխարհագրորեն անհնար է։ Ի՞նչ կստանաք Արեւմուտքից:
- Կառավարության քաղաքականությունը մեզ համար շատ առումներով անհասկանալի է, անտրամաբանական եւ կործանարար։ Տվյալ իրավիճակում չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերությունների նման կտրուկ սառեցման գնալ։ Ինչի՞ վրա են նրանք հույս դնում, ի՞նչ այլընտրանքների։ Հասկանալի է՝ ամբողջ աշխարհում ընթանում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը։ Հավաքական Արեւմուտքն ու Ռուսաստանը հակամարտում են ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Հարավարեւելյան Ասիայում, Կենտրոնական Ամերիկայում։ Իսկ «ռազմական գործողությունների թատերաբեմը» միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմաններին չէ։ Կործանարար է Հայաստանը վերածել «ռազմական գործողությունների թատերաբեմի», կամ Ռուսաստանի եւ Հավաքական Արեւմուտքի միջեւ դիվանագիտական ու ռազմաքաղաքական առչակատման դաշտի։ Բացի այդ, այդ առճակատումը վերաճում է «ռազմական թատերաբեմի» Հավաքական Արեւմուտքի եւ Իրանի միջեւ։
- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այժմ Հայաստանը կդարձնեն «աշխարհի խաչմերուկ», դեպի Թուրքիա եւ Ադրբեջան ճանապարհները ապաշրջափակվելու են, իսկ Հայաստանը կվերածվի տրանսպորտային հանգույցի։
- Դա լուրջ չէ։ Ես գրեթե երկու տարի փորձում եմ ստանալ այս նախագծի տնտեսական հիմնավորումը։ Տնտեսական հիմնավորում չկա։ Այսինքն՝ սա զուտ քաղաքական նախագիծ է, Ընդ որում՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ինքն է այդ նախագծի հեղինակը, բայց ինքը պարզապես կամակատար է։ Սահմանը ոչ թե մենք, այլ թուրքերն ու ադրբեջանցիներն են փակել։ Նրանք քաղաքական զիջումներ են պահանջում սահմանը բացելու համար։ Ի՞նչ զիջումներ, հասկանալի է՝ Ղարաբաղ, Սյունիք, այսպես կոչված անկլավներ, փախստականների վերադարձ։ Ի վերջո, նրանք Հայաստանին կոչում են «Արեւմտյան Ադրբեջան»։ Նախագծի հեղինակներն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Նրանք պահանջում են միջանցք։ Բայց թե ի՞նչ կարգավիճակ ունի միջանցքը, պարզ չէ։ Փաշինյանը միջանցքը սահմանում է արտատարածքային։ Նման բան աշխարհում ոչ մի տեղ չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան ճանապարհ են պահանջում։ Պանթուրքիստների երազանքը Բոսֆորից դեպի Արեւելյան Չինաստան ճանապարհ ունենալն է, որը կկապի թյուրքալեզու պետություններին։ Եվ դա ինչ-որ կերպ Հայաստանի հանրությանը «վաճառելու» համար Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ այս նախագիծը տնտեսական օգուտ եւ խաղաղություն կբերի Հայաստանին։ Չկա խաղաղություն, չկա տնտեսական օգուտ։
- Եթե այս նախագիծն իրականացվի՝ Զանգեզուրի միջանցքը, ինչպես ադրբեջանցիներն են անվանում, բացվի, ի՞նչ արդյունք կունենա Հայաստանի համար։
- Նախ՝ փակման վտանգի տակ են հայտնվելու Իրանի հետ սահմանը եւ Հայաստանի ու Իրանի միջեւ անխափան հաղորդակցությունը։
Երկրորդ՝ ադրբեջանցիները միշտ կարող են սադրանք կազմակերպել ճանապարհին եւ հետո հայտարարել՝ կենսական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար պետք է զորախումբ մտցնեն։ Քանի որ ադրբեջանցիներն իրենց վատ չեն զգում Հայաստանի օկուպացված տարածքներում, 200 քառակուսի կիլոմետրն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Եվ նրանք կարող են գրավել եւս մի քանի քառակուսի կիլոմետր։
- Եվ այդ ժամանակ կկտրվի Իրանը։ Այժմ Իրանն Ադրբեջանին առաջարկել է իր տրանսպորտային միջանցքը Նախիջեւանի հետ հաղորդակցվելու համար։
- Այդ ճանապարհը գոյություն ունի։ Նախիջեւանն արդեն կապված է Ադրբեջանի հետ։ Նա շրջափակման մեջ չէ։ Իրանն առաջարկում է օգտագործել միջանցքը, որը Ադրբեջանը Նախիջեւանին կապում է Իրանի տարածքով, նույնիսկ առաջարկում է ընդլայնել ճանապարհը՝ բեռնահոսքը մեծացնելու համար։ Հասկանալի է՝ ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին դա չի բավարարում։ Իսկ նրանց ձեռնտու չէ, որ Նախիջեւանից Ադրբեջան տանող ճանապարհները վերահսկվեն Իրանի կողմից։ Դեռ կա Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ ճանապարհը։ Բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնելը նրանց ձեռնտու չէ: Դա կբարձրացնի նրանց կախվածությունն Իրանից։ Դժվար կլինի ճնշում գործադրել Իրանի վրա։ Իսկ Հայաստանի վրա ճնշում գոեւծադրելն ավելի հեշտ է։
- Ոմանք ասում են, որ «Հայաստանի անվտանգության ներկայիս երաշխավորը Իրանն է»։ Դուք Իրանը դիտարկո՞ւմ եք որպես անվտանգության երաշխավոր։
— Իրանը բազմիցս հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, եւ մի քանի անգամ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ զորքերն առաջ մղելով Արաքս գետի ափ (Արաքսը բաժանում է Հայաստանն ու Իրանը)՝ ցույց տալով, որ պատրաստ է միջամտել։ Նրանք այժմ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն ունեն։ Իսկ դեպի Իրան ճանապարհն անցնում է Սյունիքով։ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի բոլորի համար՝ Հայաստանի, Արեւմուտքի, Ռուսաստանի։ Քանի որ ես վստահ չեմ, որ Թուրքիայի անսահման հզորացումը ձեռնտու է Ռուսաստանին։
- Փաշինյանն էլ ազնվորեն ասում էր՝ դեռ իշխանության գալուց առաջ, որ Ղարաբաղը Հայաստանին պետք չէ. «Մենք ուզում ենք Ղարաբաղը հանձնել, այն մեզ համար նման է առանց բռնակի ճամպրուկի»: Մարդիկ գիտեին, թե ում օգտին են քվեարկել։ Դա նշանակում է՝ նոր սերունդը քվեարկում է հանուն խաղաղության եւ լիակատար դժկամություն վճռական գործողություններին։
- Չկա նորմալ մարդ, որ ասի՝ «ես դեմ եմ խաղաղությանը»։ Բայց ի՞նչ նկատի ունեն։ Քանի որ աշխարհի ամենախաղաղ վայրը գերեզմանոցն է, այնտեղ մարդիկ հանգչում են խաղաղությամբ։ Սա այն խաղաղությունն է, որն Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին։ Այնպես որ, մենք երկընտրանք չունենք՝ խաղաղություն, թե պատերազմ։ Մենք երկընտրանք ունենք՝ դիմադրել, թե՞ եւս մեկ ցեղասպանություն։ Մեր կառավարության քաղաքականությունը չի բերելու խաղաղության, այն բերելու է նոր ցեղասպանության։
Հրապարակման պատրաստեց՝ Գայանե Մանուկյանը