կարևոր
1987 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-14 14:48
Հասարակություն

«Պետության բոլոր հնարավորություններն առանձնացվել էին առաջնակարգ խումբ համարվող թուրքերի համար»

«Պետության բոլոր հնարավորություններն առանձնացվել էին առաջնակարգ խումբ համարվող թուրքերի համար»

Վերջին ամիսներին «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է Թուրքիայի պատմության թեմաներով իր ուսումնասիրություններով հայտնի Թաներ Աքչամի «Հարյուրամյա ապարտհեյդ․ 1918-1923 թթ. Թուրքիան. անկախությունը և ապարտհեյդ ռեժիմի կառուցվածքը» գիրքը, և կարճ ժամանակում թողարկվեց դրա երկրորդ հրատարակությունը: Հիմնվելով գրքի վրա՝ ես և Աքչամը մոտիկից անդրադարձանք փոքրամասնությունների նկատմամբ հանրապետական  վարչակարգի քաղաքականությանը, որը նա սահմանեց որպես «ապարտհեյդ»։ Բազմաթիվ թեմաներ ընդգրկող այդ հարցազրույցը կհրապարակենք երկու մասով («Ակունքի» կողմից այդ հարցազրույցի երկրորդ մասի թարգմանության հրապարակումը՝ շուտով-Ակունքի խմբագրություն)։

(Թուրքիայի-Ակունքի խմբ․) Հանրապետության հիմնադրման 100-ամյակը մեծ գովասանքով ու ոգեւորությամբ է տոնվում գրեթե բոլոր քաղաքական շրջանակներում։ Կցանկանայինք լսել Ձեր դիտարկումներն այս թեմայով։

Ես էլ եմ հետևում Թուրքիայի Հանրապետությունը փառաբանող խանդավառ տոնակատարություններին։ Երանի զուգահեռ հարց լիներ՝ «Ինչո՞ւ ենք այս վիճակում»․ եթե ​​միայն հնարավոր լիներ սառնարյունություն և հաշվենկատություն ունենալ այդ հարցին պատասխանելու համար։ Իմ իղձը «գովաբանության» և «ծաղրաբանության» այլընտրանքներից դուրս՝ քննադատական ​​խոսք-քննարկման միջավայր դուրս գալ կարողանալն է։ Սակայն ինչպես նկատում եմ, քննադատական ​​մտածողությունը բացակայում է: Խոսքը զուտ գովասանքի մրցույթի մասին է։ Անգամ իրենց ձախ և առաջադեմ համարող մեր մտավորականներն են միացել այս քարավանին, և ես սա բավականին նշանակալից եմ համարում։ Ասես հիմնականում մարդկանց մոտ ինչ-որ բանով ուրախանալու, ինչ-որ բանով հպարտանալու կարոտ կա։ Բայց ես կցանկանայի այս անառարկելի գովեստի արշավները, ներառյալ առաջադեմ և ձախ հատվածների կողմից, համարել որպես այն իրավիճակի լրջության ցուցիչ, որում մենք գտնվում ենք։

Չեմ ուզում ինձ սխալ հասկանան, իմ առաջարկածը «ծաղրարշավ» չէ հանրապետության դեմ, ինչը ժամանակին օգտագործում էին որոշ աջակողմյան կամ իսլամիստական շարժումներ։ Մեր ձեռքին «գովաբանող» ու «ծաղրաբանող» գործունեությունից զատ  քննադատական ​​մտածելու հնարավորություն կա, և սա գրեթե երբեք չի օգտագործվում։

Իմ հիմնական հարցը հետևյալն է՝ «Ինչո՞ւ ենք մենք այս վիճակում»։ Հարցին կարող ենք պատասխանել՝ ասելով, թե «Ինչպիսին էլ լինի մեր վիճակը, թեկուզ մանր-մունր խնդիրներ էլ լինեն, ամեն ինչ ծայրաստիճան լավ է»։ Իշխանության մեջ գտնվողները հավանաբար այսպես կպատասխանեն։ Եվ այս շրջանակների հետ հնարավոր չէ առողջ բանականության վրա հիմնված տրամաբանական զրույց վարել։ Սակայն կցանկանայի նկարագրել այն իրավիճակը որպես մի միջավայրի, որում մենք գտնվում ենք, որտեղ քաղաքացիների անհավասարությունը որոշիչ գործոն է, անարդարությունը՝ սանձարձակ, օրենքի գերակայության սկզբունքները ոչնչացված են, և մենք զրկված ենք հիմնական ժողովրդավարական իրավունքներից և ազատություններից: Եթե ​​մեր հասած հանգրվանը սա է, ապա հանրապետության հարյուրամյակի մասին մտածելը կարող է մեզ որոշակի պատասխաններ տալ, թե ինչու ենք այս վիճակին հասել։

«Ինչո՞ւ ենք այս կետում» հարցին կարող ենք պատասխանել երկու ձևով։ Առաջին պատասխանը, եթե դիտարկենք նկատված մեծ գովեստի լույսի ներքո, կարող է լինել այն, որ «Սկզբում ամեն ինչ լավ էր, հետո վատացավ»: Այստեղ կարևորը այն մասին խոսելն է, թե երբ են սկսվում «աղավաղումները» և «շեղումները»: Երկրորդ պատասխանն այն է, որ մեզ առերեսված խնդիրները կառուցվածքային են, եւ դրանց հիմքերը դրվել են հանրապետության ստեղծմամբ։ Ես նրանցից եմ, ովքեր հավատում են, որ երկրորդ պատասխանն է ճիշտ։ Պաշտպանում եմ այն տեսակոտը, որ իրավիճակը, որում գտնվում ենք, չի կարելի հասկանալ, մինչ չանդրադառնանք կառուցվածքին և բացահայտ չքննարկենք դրա կառուցվածքային թերությունները:

Կարող եք ուսումնասիրել հարյուրամյա հանրապետությունը երկու հիմնական հարացույցներից: Առաջինը ազատագրման հարացույցն է: Երկրորդը հիմնադրման հարացույցն է: Այս երկրում հանրապետությունը հարյուր տարի ուսումնասիրվել է անկախության հարացույցի շրջանակներում և այդպես էլ ուսումնասիրվում է։ Ըստ դրա՝ հանրապետությունը ստեղծվել է որպես Անատոլիան գրաված օտար ուժերի և սուլթան-խալիֆայական համակարգի դեմ անկախության պատերազմի արդյունք: Այս ուսումնասիրումը այսօրվա գովասանքի հեղեղման պատճառներից մեկն է: Երկրորդ ուսումնասիրումը հանրապետության ուսումնասիրումն է հիմնադրման հարացույցից: Սա նախկինում գրեթե երբեք չարված ուսումնասիրման ձև է, որը տալիս է «Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին» հարցը և պարունակում է այդ հարցի պատասխանը։

Իմ կարծիքով, հանրապետությունը իր ղեկավարության, հատկապես Մուստաֆա Քեմալի գիտակցված ընտրությամբ ստեղծվել է որպես ապարտհեյդ ռեժիմ։ Դա հստակ ցույց են տալիս հիմնադրման տարիների օրենքներն ու հրամանագրերը։ Եթե հանրապետության ստեղծումը չուսումնասիրենք որպես ապարտհեյդի ռեժիմի կառուցում, չենք կարող հասկանալ այսօրվա քաղաքացիների անհավասարությունը, անարդարությունները և ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Եթե ​​ չենք հասկանում ներկայիս ապարտհեյդը, չենք կարող հասկանալ ժողովրդավարական հասարակություն ստեղծման ձախողումը:

Ձեր գրքում ապարտհեյդը սահմանելիս խոսում եք հանրապետության հիմնադրման տարիներին «կաստայական» համակարգի ձևավորման մասին։ Ըստ դրա՝ սուննի մուսուլման թուրքերը վերևում են։ Սա ի՞նչ համակարգ է, ըստ Ձեզ, և կարո՞ղ ենք դա տեսնել այդ ժամանակահատվածում արտացոլված հայտարարություններում։ Ինչպե՞ս է դա անդրադառնում այդ ժամանակաշրջանի համակարգի վրա։

Փորձեմ պատասխանել ձեր հարցին՝ մի քանի հարցեր տալով։ Կոչ եմ անում հանրապետությունը գովերգողներին պատասխանել այս հարցերին.

Ինչո՞ւ հանրապետության պատմության ընթացքում չի եղել ոչ մի քրիստոնյա կամ հրեա բարձրաստիճան սպա։ Ինչո՞ւ քրիստոնյաներից կամ հրեաներից անվտանգության բարձրաստիճան սպա չի նշանակվել: Ինչու՞ ոչ մի քրիստոնյա կամ հրեա քաղաքացի չի ընդունվել ռազմական դպրոցներ։ Իսկ այն դեպքերում, երբ սխալմամբ ընդունել են՝ հեռացրել են դպրոցից։

Շարունակենք՝ ինչո՞ւ դատական ​​համակարգում չկա մեկ քրիստոնյա կամ հրեա բարձրաստիճան պաշտոնյա։ Ինչո՞ւ Գերագույն դատարանի, Հաշվիչ դատարանի և Սահմանադրական դատարանի անդամությունը միշտ հատկացվել է մահմեդական թուրքերին: Եթե ​​պատահաբար այս պաշտոններում եղել են քրդեր կամ ալեւիներ, ինչո՞ւ են նրանց պահանջել թաքցնել իրենց ինքնությունը։

Ճշմարտությունը սա է. պետական կարևոր քաղաքացիական և ռազմական պաշտոնները լիովին փակ են քրիստոնյաների և հրեաների համար։ Որոշ բացառություններով՝ փակ են նաև քրդերի և ալևիների համար: Ալեւիների և քրդերի հասնելն այդ պաշտոններին հնարավոր է միայն իրենց ինքնությունը թաքցնելով և ժխտելով։ Եվ արդեն այդ մարդկանցից պահանջվում է ոչ թե բացահայտել իրենց քրդությունն ու ալևիությունը, այլ՝ թաքցնել:

Կարո՞ղ է 100 տարվա այս ճշմարտությունը պատահականություն լինել։ Ես պնդում եմ, որ այս ճշմարտությունը պատահականություն չէ, և այն առաջացել է որպես գիտակցաբար ստեղծված կաստայական համակարգի հետևանք։ Մեր ունեցած համակարգը ապարտհեյդ-կաստայական համակարգ է։

Մեկ այլ առանձնահատկություն էլ ավելացնելով՝ փակենք թեման։ Հանրապետության ստեղծման տարիներին քրիստոնյաների (հույներ, հայեր և ասորիներ) և հրեաների բնակչության հարաբերակցությունը 10%-ից ավել էր։ Այժմ այս թիվը իջել է 1%-ից: Սա նույնպես պատահական չէր։ Հիմնադիրների ընտրությունն այն էր, որ երկրում ոչ մի քրիստոնյա կամ հրեա չմնա։ Թեև կարողացան հասնել դրան, նպատակ ունեին այդ ընթացքում նրանց թիվը հասցնել զրոյի։

Համակարգն իր հիմնադրման տարիներին ստեղծվել է որպես ապարտհեյդի ռեժիմ։ Եվ դա ոչ միայն ժամանակաշրջանի հռչակագրերում, այլեւ օրենքներում է հստակորեն իրականացվել։ 1924 թ․ Սահմանադրության 88-րդ հոդվածը, որը կարգավորում է, թե ով է լինելու քաղաքացին, պատրաստվել է այն ըմբռնման համաձայն, ըստ որի՝ «մեր քաղաքացին հանեֆի մազհաբից մահմեդական, թուրքերեն խոսող մարդն է»։ Սա ասող հանձնաժողովի անդամը Գալիպոլիի պատգամավոր Ջելալ Նուրի բեյն է։

Նույն քաղաքացիության քննարկումների շրջանակներում այն ժամանակվա ֆինանսների նախարար Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդան քրիստոնյաների և հրեաների նկատմամբ կառավարության տեսակետը ամփոփեց մեկ նախադասությամբ. «Մենք որքան հնարավոր է, շատ դժվարություններ կպատճառենք նրանց, ովքեր մեզ չեն պատկանում»: Այսպիսով, հանրապետության քաղաքացիները երկու մասի էի բաժանված՝ «մեզնից» և «ոչ մեզնից»: Քրիստոնյաներն ու հրեաները, ովքեր «մեզնից չէին», մինչև 1940-ական թվականները գրանցված էին «օտարազգիների մատյանում», և ոչ թե սովորական բնակչության ռեգիստրում: 1926 թ․ «Քաղաքացիական ծառայողների մասին» օրենքով քաղաքացիական ծառայող դառնալը հնարավոր էր միայն «թուրքական ցեղին պատկանողների համար»։ 1960-ականներին օրենքը փոխվեց, բայց մտածելակերպը մնաց նույնը։ Քրիստոնյաներին և հրեաներին ոչ միայն հեռու էին պահում պետական ​​ծառայությունից, այլև վտարում էին մասնագիտական ​​պալատներից և արգելում էին աշխատել բազմաթիվ ընկերություններում:

Ցանկը կարելի է երկարացնել, օրինակները ներկայացված են իմ գրքում։ Ամփոփելով արձանագրենք, որ հանրապետության հիմնադիրներն իրենց ընդունած օրենքներով և հրամանագրերով ստեղծեցին ապարտհեյդ համակարգ։

«Թուրքիայում ռասայական խտրականություն չկա» փաստարկը հաստատելու համար որպես օրինակ միշտ բերվում է Սահմանադրության հետևյալ հոդվածը՝ «Թուրքական պետության հետ քաղաքացիությամբ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»։ Ե՞րբ սա մտավ սահմանադրություն։ Ինչպե՞ս են բռնագրավվել փոքրամասնությունների հիմնադրամների գույքը, չնայած այս հոդվածին:

Ձեր ասած նախադասությունը 1924 թ․ Սահմանադրության 88-րդ հոդվածն է։ Եվ հոդվածը ստեղծվել է այսպես՝ «ռասայական խտրականություն անելու համար»։ Սա հստակ ասվել է քննարկումներում։ Ի վերջո, նկատի են ունեցել դա, և բացահայտ հայտարարել են դրա մասին։ Երկու տեսակ թուրք կա՝ մեկը թուրք է էթնիկ-լեզվական ծագմամբ, մյուսը թուրք՝ քաղաքացիությամբ։ Իսկ պետության իրական քաղաքացին առաջին տեսակի թուրքն է։ Պետության բոլոր հնարավորություններն այս առաջին խմբի թուրքերն համար էին։ Թուրքերի երկրորդ խումբը (նրանք, ովքեր միայն քաղաքացիներ էին, բայց ազգությամբ, կրոնով կամ ծագումով թուրք չէին) ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ․ այսքանը։ Բացի այդ, նրանք զրկված էին տարրական իրավունքներից։

Կարևոր է այն հարցը, թե արդյոք ուղիղ կապ կա փոքրամասնությունների հիմնադրամների ունեցվածքի բռնագրավման և այս զույգ քաղաքացիության միջև: Սա ուղղակիորեն կապված չէ քաղաքացիության հետ: Բայց դա ապարտհեյդ համակարգի հերթական դրսևորումն է։ Այն, ինչ կատարվում է այստեղ, շատ կանխամտածված, դավադիր, վախկոտ և իրականում նողկալի գործողություն է։ Իրավիճակը հետևյալն է. 1935 թ․ ընդունվեց «Հիմնադրամների մասին» նոր օրենքը։

1936 թ․ այս օրենքի հիման վրա Հիմնադրամներից պահանջվել է հայտարարագիր՝ իրենց մոտ եղած ակտիվների վերաբերյալ: Սա իրականում կանոնակարգ էր, որը սահմանվել էր մուսուլմանական հիմնադրամների ակտիվների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Սակայն 1936 թ․ հռչակագրերը 1974 թ․ Կիպրոսի ներխուժումից հետո վերածվեցին քրիստոնեական հիմնադրամների վրա ճնշում գործադրելու գործիքի: Քրիստոնեական հիմնադրամներից պահանջվել է «Վաքըֆնամե»՝ հիմնադրամի ակտ, որը կորոշի նրանց հիմնադրումը: Սակայն, քանի որ այդ հիմնադրամների մեծ մասը ստեղծվել է սուլթանի հրամանագրով, նրանք չունեին «Վաքըֆնամե»։ Միակ լուծումը կլիներ այս հիմնադրամներին փոխարինող նոր հիմնադրամների ստեղծումը: Սակայն Քաղաքացիական օրենսգրքի 101-րդ հոդվածն արգելում էր հիմնադրամներ ստեղծել որոշակի ռասայի կամ համայնքի անդամներին աջակցելու համար:

Համայնքային հիմնադրամները համարվում էին հիմնադրամներ, որոնք ստեղծված էին որոշակի կրոնի, ռասայի կամ համայնքի աջակցության համար՝ մինչև 1926 թ․ Քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը: Այսպիսով, համայնքներին օրինականորեն արգելվեց փակել այդ հիմնադրամները և ստեղծել նոր հիմնադրամներ։

Այստեղ դուք հիմնվելով Լոզանի պայմանագրի 37-44-րդ հոդվածների դրույթների վրա՝ կարող եք պնդել, որ համայնքները կարող են հիմնադրամներ հիմնել այնպես, ինչպես ցանկանում են: Բայց, օրինակ, 2005 թ․ Պետական ​​խորհուրդը մերժեց այն պնդումը, որ Լոզանի պայմանագրի հիման վրա կարող են ստեղծվել համայնքային նոր հիմնադրամներ: Այսպիսով, 1936 թ․ հռչակագրի հիման վրա հիմնադրամների կողմից այդ ամսաթվից հետո ձեռք բերված գույքը համարվել է անօրինական և բռնագրավվել:

Հիմա հետաքրքրականը սա է. պետությունը, որն ասում էր՝ «Չեն թույլատրվում ռասաներին աջակցող հիմնադրամները» և բռնագրավել էր ոչ մահմեդական հիմնադրամների ունեցվածքը, թույլտվություն է տվել նաև տասնյակ հիմնադրամների, որոնք ստեղծվել են «թուրքական ռասան ուժեղացնելու համար»։ Այսօր կան հարկերից ազատված 250-ից ավելի նման հիմնադրամներ։ Կցանկանայի այս իրավիճակը բնութագրել որպես «նենգ և վախկոտ ապարտհեյդ»: Այնպիսի ապարտհեյդ համակարգ է, որ բացեիբաց չի ասում և չի կարող կոպիտ ասել՝ «քրիստոնյաներն ու հրեաները չեն կարող նոր հիմքեր ստեղծել, միայն թուրքերը կարող են նման հիմքեր ստեղծել», վախենում է նրանցից։ Բայց ասում են՝ «հիմնադրամը չի թույլատրվում ռասա ուժեղացնել», և դա կիրառում են միայն ոչ մուսուլմանների նկատմամբ։ Իսկ թուրքերին՝ ազատ է… Հետո էլ թաքնվում են օրենքի ընդհանուր դրույթների հետեւում ու ասում՝ «Մենք դեմ ենք ռասիզմին»։ Այստեղ ուզում եմ նշել, որ սա ավելի նենգ, ավելի խորը մտածված ապարտհեյդ է, քան հարավաֆրիկյան ապարտհեյդ համակարգը։

Ինչպես հայտնի է, գաղտնի օրենքներում կա «տոհմային ծածկագիր»։ Կարծես հատկապես ոչ մուսուլմաններին են պիտակավորել։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչի համար է ծածկագիրը:

Առաջին, այս ծածկագիրը միայն քրիստոնյաներին և հրեաներին չի առնչվում: Գիտենք, որ քրդերը ևս ծածկագրված են։ Ամբողջական տեղեկատվություն չունենք այս կոդավորման համակարգի բոլոր ասպեկտների մասին: Այս ճշմարտությունը թաքուն է։ Ինչպես գիտեք, «տոհմային ծածկագրի» համակարգը «Ակօս»-ը օրակարգ բերեց։ Եթե դուք ​​օրակարգ չբերեիք՝ չէինք իմանա։ Քրդերի վերաբերյալ պիտակավորում-ծածկագումն էլ ես պատահաբար գտա։ Դա ևս գաղտնի էր։ Եվ դեռ գաղտնի է: Ծավալը չգիտենք։ Այդ իսկ պատճառով ասում եմ, որ թուրքական ապարտհեյդը վախկոտության վրա կառուցված նենգ ապարտհեյդ համակարգ է: Հենց այս պիտակավորման համակարգն է որոշում ներկայիս վարչական համակարգի գործունեության հիմնական մեխանիզմը, որի չափերի մասին տեղեկություն չունենք։ Կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որի մասին նույնիսկ մտածելը պետք է «սարսափելի» համարել։ Ապարտհեյդ համակարգը թաքցնել փորձելով՝ դա իրականացնող համակարգի մասին է խոսքը։

Հարցի պատասխանը, թե ինչու այս երկրում քաղաքացիական և ռազմական բյուրոկրատիայի վերին օղակներում չկա գեթ մեկ քրիստոնյա կամ հրեա՝ այս կոդավորման համակարգում է: Թեև ոմանք 3-4 սերունդ հետո մոռացել են իրենց քրիստոնեությունն ու հուդայականությունը, պետությունը դա չի մոռանում և դրա մասին գիտի այդ համակարգի շնորհիվ։ Հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու այս երկրում չկա մի բարձրաստիճան պաշտոնյա, ով հպարտորեն ասի «Ես ալեւի եմ» կամ «Ես քուրդ եմ»։

Ինձ համար տխուրը սա է. Հանրապետության հարյուրերորդ տարում այս «նենգության ու վախկոտության» վրա կառուցված ապարտհեյդ ռեժիմի մասին լուրջ քննարկման փոխարեն, դրա հիմնադիր փիլիսոփայության մասին բացահայտ խոսելու փոխարեն, սովորական գովեստներ են հնչում այդ ռեժիմի վերաբերյալ։ Եվ առավել եւս, այս գովեստի քարավանը ղեկավարում են իրենց առաջադեմ ու ձախ կոչող մարդիկ։

Ամփոփելով, եթե ուզում ենք, որ այս երկրում վերջանա քաղաքացիների անհավասարությունը, վերանան անարդարությունները, և գործի ժողովրդավարական իրավունքի պետությունն՝ իր ինստիտուտներով ու կանոններով, պետք է վերաիմաստավորենք հանրապետությունը ոչ միայն ազատագրման, այլև հիմնադրման հարացույցով։

(Շարունակելի)

https://www.agos.com.tr/tr/yazi/29368/devletin-tum-imkanlari-birinci-grup-turkler-icin-ayrildi

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net