կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 13:41
Հասարակություն

Սևանա լճից ջուր` Ուրմիան վերականգնելու համար

Սևանա լճից ջուր` Ուրմիան վերականգնելու համար

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադարձան Սևանի հիմնախնդիրներին առնչվող՝ վերջին շրջանում հասարակության անհանգստությունն առաջացրած հարցերին:

Սիլվա Ադամյանը նշեց, որ շատ անհանգստացած է, քանի որ Իրանում գտնվող Ուրմիա լիճը վերականգնելու նպատակով հնարավոր է Հայաստանից ջուր տարվի: Նրա խոսքով` այդ ջուրն առաջին հերթին վերաբերում է Սևանին, որի ջրի չարաշահումը մեր էկոֆլորայի համար պարզապես աններելի է:

«Ինչի՞, էսօր մեր խնդիրը Ուրմիա լի՞ճն է: Ես չեմ հասկանում` Սևանի ջուրն ինչպե՞ս կարող է օգնել Իրանում գտնվող լճին: Նամակ ենք ուղղել ՀՀ կառավարությանը և ներկայացրել այն վտանգները, որոնք կարող են լինել, եթե Սևանա լճից Ուրմիային ջուր հատկացվի: Մինչ օրս պատասխան չկա»,- ասաց բնապահպանը:

Նա իր անհանգստությունը հայտնեց նաև այն առնչությամբ, որ պարբերաբար իրեն լուրեր են հասնում, և ինքն էլ անձամբ տեսել է Սևանի ավազանում գտնվող մարդկանց, ովքեր ինչ-որ հետազոտություններ են անում: «Ջրբացթողումների, ուսումնասիրությունների մասին լուրեր են հասել մեզ: Ասում են, որ այնտեղ նավթ են որոնում: Կան նաև խոսակցություններ` Սևանի և Համաշխարհային բանկի հետ կապված»,- ասաց Ադամյանը և կոչ արեց բոլորին` հասարակական ճնշումների միջոցով թույլ չտալ մեր էկոֆլորայի խաթարում և պատկան մարմինների ուշադրությունը սևեռել բնապահպանական հարցերի վրա:

Ինգա Զարաֆյանն էլ ահազանգեց ևս մեկ բնապահպանական խնդրի մասին: Նա նշեց, որ շրջանառվում են լուրեր, որ Սյունիքի մարզից շուրջ 50 հեկտար հողատարածք պետք է հատկացվի իրանցիներին:

«Ես անձամբ եմ տեսել` ինչպես են դատարկվում Սյունիքի գյուղերը: Բա մեր բնակիչները ո՞ւր պետք է գնան` ապրելու: Եթե այս տեմպերով շարունակվի, չգիտեմ` ով է գալու`  Սյունիքում ապրելու»,- ասաց ՀԿ նախագահը:

Նա անդրադարձավ նաև Սևանա լճի հիմնախնդիրներին` նշելով, որ Սևանը բարձր որակ ունեցող ջուր է, և շատերն են ուզում այն օգտագործել տարբեր նպատակներով, ինչը կարող է հանգեցնել անդառնալի բնապահպանական խնդիրների: