Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Իսրայելի գաղտնի ծառայությունը` «Մոսադ»-ը, հիմնել է մոլի սիոնիստ, հրեական գործակալության ղեկավար, Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ Բեն Գուրիոն, ով առաջինն է հայտարարել Իսրայել պետության ստեղծման մասին ու պաշտոնական ստեղծումից 23 օր անց հրամայել՝ 3 հետախուզական գործակալություն ստեղծել, իսկ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության՝ MI6-ի առաջին ղեկավարը փայտե ոտքով պրոֆեսիոնալ հետախույզ, հրամանատար Մենսֆիլդ Քամինգն էր, ով հայտնի դարձավ «K» անունով եւ հետախուզական ամուր հիմքեր ստեղծեց իր երկրի համար, ապա «Նոր Հայաստանի» նմանօրինակ նորաստեղծ կառույցի ստեղծումը Փաշինյանը հանձնարարել է մարդու իրավունքների նախկին պաշտպան, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին:
Քրիստիննե Գրիգորյանը, ով ավելի շատ հայտնի դարձավ հոր՝ Սեւանի շուկայի տնօրեն Աղվան Գրիգորյանի աղմկահարույց վարքագծի ու ընդդիմադիրների դեմ իրականացրած սադրիչ քայլերի շնորհիվ, նոր պաշտոնը զբաղեցնելու համար 6 ամսյա դասընթաց է անցել արեւմտյան երկրներից մեկի հատուկ ծառայություններում։
Իշխանականները հայտարարել էին՝ ակնկալում են ծառայությունը դարձնել աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից։ Երեք ամսում Գրիգորյանը պետք է վարչապետի հաստատմանը ներկայացնի ծառայության կառուցվածքն ու կանոնադրությունը, հաստիքացուցակն ու անձնակազմի քանակը։ Ծառայությունը հայթայթած ինֆորմացիան տրամադրելու է Փաշինյանին։ Դեռ չգործող այս կառույցը կփոխարինի ԱԱԾ արտաքին հետախուզության դեպարտամենտին, ինչն ընդդիմության գնահատմամբ՝ թուլացնելու է արդեն իսկ գործող կառույցները։
Նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց այս ծառայության ստեղծման մասին կառավարության օրինագիծը: Թեպետ կառույցը ստեղծելու համար, ըստ օրենքի, երեք տարի ժամանակ կար, եւ թվում էր՝ Փաշինյանը ավելի հրատապ խնդիրներով պետք է զբաղված լինի, սակայն Հռոմի ստատուտի վավերացումից անմիջապես հետո նա անցավ այս կառույցի ձեւավորմանը։
Նշված պաշտոնին Գրիգորյանի նշանակման մասին լուրեր տարածվեցին դեռ այս տարվա սկսզբին, երբ նա հրաժարական տվեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից՝ հայտնելով, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել։ Այդ օրերին նաեւ ոչ պաշտոնական լուրեր էին շրջանառվում առ այն, որ, ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարվելուց անմիջապես հետո, մինչ կնշանակվեր նորաստեղծ պաշտոնին, Քրիստիննե Գրիգորյանը գտնվել է ՀՀ-ից դուրս, ամենայն հավանականությամբ, «հրահանգավորվելով» հատուկ կենտրոններից:
Կառույցի ստեղծման գաղափարից եւ Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունից խիստ դժգոհ էր Մոսկվան։ Լուրեր տարածվեցին, որ նախազգուշացումներ են եղել, ինչն էլ ենթադրաբար պատճառ է դարձել ժամանակավորապես դադարեցնելու գործընթացը։
Նոր «հետախույզը» մասնագիտությամբ արաբագետ ու իրավագետ է, տարիներ աշխատել է ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ «Սորոսի» հայաստանյան գրասենյակում։ 2018 եւ 2019 թվականներին եղել է Արարատ Միրզոյանի խորհրդականը։ Հայաստանի իրավապահ եւ ուժային համակարգերում սորոսականների արմատավորումը եթե չասենք Արեւմուտքի պահանջով է, ապա առնվազն գոհացնում է արեւմտյան երկրներին եւ համահունչ է նրանց ծրագրերին։ Փաշինյանը բացահայտ քայլերով է ապացուցում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը՝ գործի դնելով հակառուսական ողջ զինանոցը։
Ծառայությունը զինվորական բնույթ չունի, եւ պարզ չէ՝ Գրգորյանի «հետախույզները» ի՞նչ հմտությունների են տիրապետելու, ի՞նչպիսի գործողություններ են ծավալելու եւ այլն: Շատերի մոտ հիմնավոր կասկած կա առ այն, որ Ք. Գրիգորյանի ղեկավարած հետախուզական ծառայությունը առաջնորդվելու է ոչ թե ՀՀ կենսական շահերով ու նպաստելու է մեր անվտանգության ուժեղացմանը, այլ ընդամենը Արեւմտյան հետախուզական կառույցների «քավորությամբ» լրացնելու է Փաշինյանի իշխանության հակառուսական գործողությունների շարքը, ինչու չէ՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողին նաեւ զեկուցելով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գործողությունների մասին, որպեսզի վերջինս արագորեն համալրի անցանկալի անձանց ցուցակը։
Մեղրի Ղուկասյան