կարևոր
4423 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-26 11:39
Քաղաքական

Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»

Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միշտ անուղղելի լավատես եմ եղել, բայց լավատեսությունը պիտի հիմք ունենա, հիմա այն շատ փխրուն է, չեմ ուզում խոստովանել, որ գրեթե չկա: Հաճախ ենք ասում, որ մեր խնդիրների պատճառը տգիտությունն է, հավելում եմ՝ նաև իրար չսիրելը: Իրար չենք սիրում, դադարել ենք ապրումակցել իրար, դադարել ենք մեկս մյուսի ցավով ապրել, դադարել ենք մեկս մյուսի ուրախությամբ ուրախանալ, չնայած վերջին շրջանում ուրախանալու առիթներ էլ կարծես չկան:

Այս ի՞նչ ատելություն է համակել բոլորիս, տեսե՞լ եք այն տեքստերը, որոնք մարդիկ գրում են համացանցային տիրույթում: Մեկդ կասի՝ ֆեյք էջեր են, կհակադարձեմ, իհարկե, նաև նման էջեր կան, բայց շատերի պարագայում մեր կողքին ապրող մարդիկ են, մարդիկ, որոնք կարծես բոլորին են ատում՝ արցախցուն, «նախկիններին», իշխանությանը, մարդիկ են, որոնք կարող են երիտասարդին բռնության ենթարկելու տեսանյութին այնպիսի մեկնաբանություն գրել, որը կարդալուց հետո կափսոսաք, որ նրանց հետ նույն օդն եք շնչում:

Եվ հետո՝ բոլոր ֆեյքերի «հետևում» էլի մարդ է, նշյալ մարդկանցից մեկը, այս անգամ՝ ուղղակի ոչ իր դեմքով: Այս ատելությունը սրբելու ու տանելու է բոլորիս, ատելության այս ալիքից որևէ մեկս չի փրկվելու: Այս ատելություն սերմանողները չեն էլ հասկանում, թե ինչպիսի մեղք են գործում: Բայց թերևս սխալվեցի՝ հասկանում են, չհասկացող մարդն այդքան ճիշտ թիրախներ չի ընտրի: Իսկ իրենք գիտեն, թե ոնց մարդկանց իրար դեմ «հանեն», ինչպես ստիպեն, որ բարկանան, լավ են ճանաչում մեր թույլ կողմերը և հմտորեն օգտվում են դրանցից: Վերջին օրերին որպես թիրախ ընտրված են ընտանիքները, որոնք այս պատերազմներում (ցնդելու բան է, չէ՞, ոչ թե մեկ, այլ մի քանի պատերազմ տեսանք) իրենց ամենաթանկերին կորցրեցին՝ որդիներին, հայրերին, եղբայրներին, քույրերին, ամուսիններին: Նրանց փաթեթավորված մի տեքստ են հրամցնում՝ «ով կասի, որ Հայաստանը ոչինչ չի արել Արցախի համար, ցույց տվեք նրան Եռաբլուրի տեղը»:

Ծնողներից շատերը մեծ ցավով ու ափսոսանքով արձագանքեցին դրան՝ ախր, մեր որդիները հանուն Արցախի զոհվեցին: Իհարկե, ոմանք այս խայծը հենց առաջին րոպեից հեռու վանեցին իրենցից: Բայց շատերի դեպքում հերթական սեպը խրվեց արցախցու ու հայաստանցու միջև: Ախր սա ի՞նչ բան է, ինչպե՞ս կարելի է մի բուռ մնացած հայրենիքում ու ժողովրդի մեջ նման տարանջատումների մասին խոսել: Օրինակ՝ ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե հայը որ մարզից է, եթե կարգին մարդ է, դրանով ամեն ինչ ասված է, եթե անհայրենիք ու սրբապիղծ է, ի՞նչ կարևոր է, թե Հայաստանի կամ Արցախի որ քաղաքից ու գյուղից է:

Այս տարանջատումը քանդեց մեր տունը, այս տարանջատումն ու ատելությունը դանդաղ սպանում է մեզ, բայց խելքի չենք գալիս, անհասկանալի ինքնավստահությամբ, մարտնչող տգիտությամբ առաջ ենք ընթանում դեպի ապագա, որն այնքան խավար ու անորոշ է, այդ ճանապարհին էլ ենք իրար ատում, աղմկում ու այդ աղմուկի մեջ չենք լսում ամենակարևորը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում