կարևոր
4657 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-02 21:06
Արցախ Քաղաքական

Եթե ձեր վստահությունը լինի՝ անձամբ պատրաստ եմ ստանձնել իշխանափոխության պատասխանատվությունը․ Թեւանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Արցախի Անկախության օրվան նվիրված հանրահավաքի հարթակից Ազատության հրապարկում, դիմելով ժողովրդին, ասաց՝ բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է հստակ պատասխանատվություն՝ իշխանափոխության իրականացման համար։ «Ես հայտարարում եմ՝ բոլորս միասնական ջանքերով պետք է իրականացնենք իշխանափոխության գործը եւ, եթե ձեր վստահությունը լինի, անձամբ պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նիկոլ Փաշինյանը, նրա համոզմամբ, շատ լավ գիտի, որ դատվելու է Հայաստանի Հանրապետությանը սպառնալիք ներկայացնելու եւ պետական դավաճանության հոդվածներով, քանի որ Պրահայում նա համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս եւ դրա հետեւանքով է, որ պաշարված է Արցախը եւ Ցեղասպանության եզրին են մեր 120 000 հայրենակիցները։

«Շատ լավ հասկանալով, որ պետք է դատվի՝ նա Հայաստանը դիտարկում է որպես թուրքական ազդեցության գոտի, եւ միայն այդ դեպքում չի դատվելու։ Նրա համար կան 2 տարբերակ՝ կա՛մ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները չլինեն ու ինքն իր կաշին փրկի, կա՛մ հակառակը»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Բոլորիս խնդիրը, նրա համոզմամբ, պետք է լինի Պրահյան գործընթացից դուրս գալն ապահովելը, որովհետեւ Պրահայում է Լաչինի միջանցքը փակվել։ Իսկ դրա համար պետք է Երեւանում ձեւավորելն նոր իշխանության, ասաց նա, այնուհետեւ մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Նոր իշխանության ձեւավորմամբ՝ կունենանք լեգիտիմ իշխանություն, որը հանդես կգա Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությամբ»,-վստահեցրեց նա։

Անդրանիկ Թեւանյանը կոչ արեց այս գործին միանալ նաեւ նրանց, ովքեր իշխանության մեջ են։ Նա փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում եւ ունի առաքելություն տեր կանգնելու Արցախին։ Եթե մենք հրաժարվում ենք այդ առաքելությունից, նշեց Թեւանյանը, վերանում է Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը։

«Հետեւաբար, Արցախը հիմա այնտեղ պայքարելով՝ պահում է Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը»,-եզրակացրեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։