Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հետք»-ը գրում է․
Հայաստանի պետական բյուջեի եկամուտների ոչ մեծ հատված մշտապես ապահովվում է իրավախախտումների համար նախատեսված տուգանքների հաշվին։ Բյուջեում այդ տողն այսպես է ձեւակերպված՝ իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր։ Տարեկան բյուջեն ընդունելիս այդ մուտքերը պլանավորվում են։ Այս տարի պլանը գերակատարվել է։
Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2023 թվականի առաջին կիսամյակում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցների կամ ավելի պարզ ասած՝ տուգանքների արդյունքում բյուջե է մուտքագրվել 10.6 մլրդ դրամ։
Դրա մեծ մասը՝ մոտ 8.5 մլրդ դրամը (80.2%) ՀՀ ոստիկանությունն է «ապահովել»։ Այստեղ ոստիկանությունը գանձման համար պատասխանատու պետական մարմինն է։ Բյուջեի բացվածքը, ցավոք, թույլ չի տալիս ավելի մանրամասն հասկանալ, թե կոնկրետ ինչ իրավախախտումների մասին է խոսքը, սակայն ենթադրվում է, որ այստեղ էական դեր ունեն ՃՈ տուգանքները։
Հատկանշական է, որ բյուջեի թե ճշտված, թե նախնական պլանով, երբ հաստատվել է 2023 թվականի պետական բյուջեն, նախատեսվել է, որ Ոստիկանության գծով իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերը պետք է կազմեին 5 մլրդ 946 մլն դրամ։
Դա նշանակում է, որ ՀՀ ոստիկանությունը պետբյուջե պլանավորվածից 42.9%-ով ավելի շատ գումար է մուտքագրել տուգանքների գծով, այլ կերպ ասած՝ այդքանով գերակատարել է պլանը։
Մյուս կառույցներից իրավախախտումների համար առաջացած մուտքերը փոքր կշիռ ունեն։
Ինչպես բյուջեի բոլոր տողերն ու տնտեսական ցուցանիշները, այնպես էլ տուգանքները պլանավորվում են տվյալ տարվա պետական բյուջեն ընդունելիս։ Դրանք կանխատեսումներ են, որոնք կատարվում են տնտեսական և մյուս ցուցանիշների հիման վրա։
Ըստ տնտեսագետ Ջուլիետ Թադևոսյանի՝ պլանավորումը բյուջեի կառավարման գործառույթի առաջին փուլն է, իսկ պլանավորման առաջին փուլը կանխատեսումն է։
«Դրանք ուղղորդում են և չակերտների մեջ ասած՝ պարտադիր են կատարման համար։ Շեղումները բոլոր դեպքերում բացատրության կարիք ունեն։ Պլանավորման մեթոդներից մեկը էքստրապոլացիան է․ այսինքն՝ նայում են անցած տարի որքան են հատկացրել և, ելնելով մոտավոր զարգացումներից, անում են կանխատեսում։ Կան նաև գիտական, տնտեսաէկոնոմամետրիկ հաշվարկներ կանխատեսումների ծավալները որոշելու համար։ Հայաստանում հիմնականում աշխատում են էքստրապոլացիայի՝ նախորդ տարվա փորձը հաշվի առնելով»,- բացատրում է տնտեսագետը։
Ըստ նրա՝ այս տարվա առաջին կիսամյակում իրավախախտումներից պետական բյուջե պլանավորածից ավելի շատ դրամական մուտքերը կարելի է բացատրել տվյալ ոլորտներում վերահսկողական ապարատի բարելավմամբ։
«Գուցե, ավելի շատ խախտումներ են արձանագրել, որովհետև կոռուպցիան գործարքների մեջ չեն մտել վարորդների հետ։ Իրավախախտումներից պետբյուջե մուտքերի ծավալների մեծացումը նաև պայմանավորված է այդ ոլորտներում ներդրումների ավելացմամբ, բարձր աշխատավարձի հետ բարձրանում է նաև կատարողականը»,- ասաց Ջուլիետ Թադևոսյանը։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 160.7 մլրդ դրամ։ Այդպիսով, գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը ապահովել են բյուջեի ընդհանուր եկամուտների 0.9%-ը։