կարևոր
27265 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-17 15:56
Տարածաշրջան Քաղաքական

Ցավալի է՝ 21-րդ դարում սովից մարդ է մահանում. թուրք լրագրողը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ այդքան էլ հետեւողական ճանապարհով չի գնում` այս մասին Yerkir.am-ին տված հարցազրույցում հայնել է թուրք լրագրողը։ Նա, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նշել է՝  չնայած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին, վաղը կարող է արտաքին քաղաքականությունը հանկարծակի փոխվել՝ հանուն սեփական շահերի։

Թուրքիայի վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո, կարո՞ղ է արդյոք փոխվել Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, Ջան Սերհաթ Հալիսը դժվարացավ պատասխանել, նշելով, որ ԱԶԿ-ի արտաքին քաղաքականությունը շատ անկայուն եւ հիփոթետիկ է։ «Իսկապես դժվար է հստակ, կանխատեսելի ասել, թե ինչպիսին կլինի նրա արտաքին քաղաքականությունը, եւ հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետին, սովամահության դեպքին ու Ադրբեջանի կողմից իրականացվող ամենօրյա ագրեսիային, թուրք լրագրողն ասաց, որ   հարցին մանրամասնություններով տեղյակ չէ, սակայն դատապարտում է իրավիճակը: «Իհարկե, ցավալի է, որ 21-րդ դարում մարդը սովից մահանա։ Այս ամենը կապված է պետությունների քաղաքականությունից։ Դա իսկապես շատ ցավալի է, շատ տխուր իրավիճակ է։ Բայց սա միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված չէ, այլ տեղի է ունենում աշխարհի շատ պետությունների քաղաքականության պատճառով։ Եթե նկատում եք,  շատ երկրներ տարբեր խնդիրների ու պատերազմների մեջ են իրենց հարեւանների հետ։  Ծիծաղելի է, 21-րդ դարում մարդիկ դեռ հողի համար կռվում են»,-ընդգծել է նա։

Թուրք լրագրողն անդրադարձել է նաեւ սպասվող Պուտին-Էրդողան հանդիպմանը, նշելով, որ թուրք հասարակությունը մեծ ակնկալիքներ չունի։ «Շարունակվում են տարբեր շահագրգիռ հանդիպումներ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ եւ այս ամենի նպատակը Թուրքիայի տնտեսական աղետը շտկելն է։ Թուրքական լիրան հատկապես վերջին երեք տարիներին դրամատիկ վիճակում է, շատ է ընկել։ Արդյունքում, սրվել է նաեւ տնտեսական ճգնաժամը։ Սա սկսում է հարցեր առաջացնել անգամ իշխող ԱԶԿ-ին ընտրողների համար։ Արդարություն եւ Զարգացում կուսակցության պահպանողական ընտրողները, ովքեր մինչ այժմ աջակցում են Էրդողանի բոլոր գյուտերին եւ կանգնած են նրա թիկունքում, ինչ էլ նա անի, հիմա չեն կարողանում շունչ քաշել տնտեսական ճգնաժամից»,- ընդգծել է թուրք լրագրողը։