կարևոր
3727 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-03 14:00
Քաղաքական

«Ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք». Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

«Ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք». Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աղետալի վիճակն ուղեկցվում է միջազգային կառույցների և դերակատարների կողմից որդեգրված «խոսք` գործի փոխարեն» գործելաոճով:

Ակնհայտ ճգնաժամը, որը ստեղծվել է Արցախում, Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիությունները, թղթի վրա մնացած Հաագայի դատարանի վճիռը և Նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը Լաչինի միջանցքի վերաբերյալ, հարցեր են առաջացնում, որոնց մեջ առաջին պլան է մղվում «ախր անարդար է, ա՜խր մենք ճիշտ ենք, ա՜խր ո՞ւր է նայում աշխարհը» հարցը:

Տարաբնույթ միջազգային քեռի-հոպարների և մորքուր-հորքուրների հայտարարությունները Լաչինի միջանցքն անհապաղ բացելու և 120.000 հայերի ֆիզիկական գոյության սպառնալիքը վերացնելու անհրաժեշտության մասին՝ Ալիևի համար ընդամենը կանխատեսելի կլկլոց են, որի ներքո նա շարունակում է իր սև գործը:

Լավ, ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք: Ահա այսպիսի հուսահատ հարց է առաջանում հազարավոր հայերի գլխում: Այս հարցը, սակայն, միաժամանակ և՛ սխալ է, և՛ պատասխան ունի: Փորձեմ բացատրել այս պարադոքսը:

  1. Հարցիպատասխանը շատ ակնհայտ է, և այն բոլորովին կապված չէ Ադրբեջանի էներգակիրների, լոգիստիկ նախագծերի և գլոբալ հակամարտությունում իր որոշակի ռազմավարական արժեքի հետ: Պատասխանը դաժան է, սակայն ճշմարիտ. մենք ոչ մեկին պետք չենք, քանզի պետք չենք ինքներս մեզ:

Մարդկության պատմությունը լի է տարբեր պետությունների կամ ազգերի պարտություններով և ձախողումներով: Սակայն դուք չեք գտնի և ոչ մի դեպք, երբ սեփական սխալներով, դավաճանությամբ, տգիտությամբ պաշտպանական պատերազմը ձախողած ղեկավարը շարունակի ներկայացնել իր հայրենակիցներին: «Պաշտպանական» բառը հատուկ եմ շեշտում, որպեսզի միանգամից բացառենք Հուսեյնի կամ Սահակաշվիլիի զուգահեռները, քանզի երկուսն էլ 1991 թվականին և  2008 թվականին տանուլ տվեցին հարձակողական պատերազմներ:

Չի կարող դրսից արդարություն ակնկալել մի ժողովուրդ, որ ինքն իր ներսում չի վերականգնել արդարությունը: Առ այսօր Նիկոլին որպես «վարչապետ»  հանդուրժող ժողովրդի հույսերն աշխարհից զավեշտալի են առանց այդ էլ ցինիզմի աստիճանի պրագմատիկ «միջազգայինների» համար: Իսկ նրանց մի մասը հաճույքով կրկնում է` մեզանից ի՞նչ եք ուզում, դուք ձեր հարցերը սկզբից լուծեք: Այս մասին են, օրինակ, Մակրոնի` մամուլ արտահոսած անկեղծությունները, կամ Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների ակնարկները: Եվ Սերժ Սարգսյանի հայտնի նամակի բովանդակությունը եռանախագահներին նաև նրանց այս «կոմֆորտ զոնայից» հանելու համար էր:

  1. Այժմ խոսենք «ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք» հարցի սխալ լինելու մասին: Իրականում մենք շատերին ենք պետք, տարածաշրջանում շահեր ունեցող ցանկացած խաղացողի: Այդպես էր մեր պետության վերականգնման առաջին իսկ օրերից՝ մինչև անգամ 2021-ի խորհրդարանական արտահերթը: Այդպես էր նաև այն ժամանակ, երբ մենք դեռ չունեինք Երրորդ Հանրապետություն, բայց նույն եվրոպական կառույցները Հայոց ցեղասպանության առիթով Թուրքիայի նկատմամբ ճնշում էին գործադրում:

Գլոբալ առումով մենք աշխարհին հետաքրքիր էինք մեր ազգային շահերից բխող երկու հարցով: Հատուկ եմ շեշտում «ազգային շահերից բխող», որովհետև թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, թե Արցախյան հիմնախնդիրը մերն էին, մեր պատմությունից ծագած, մեր շահերից բխող, մեր ապագան կանխորոշող:

Կարճ ասած, մենք աշխարհին պետք էինք մեր պրոբլեմներով: Մեր խնդիրներն էին մեզ կարևոր դարձնում տարածաշրջանում և հետաքրքիր` աշխարհի համար:

Անշուշտ, մենք շահագրգիռ էինք այդ խնդիրների լուծման մեջ` մեր կարմիր գծերի շրջանակներում:

Ցեղասպանության հարցը հայ-թուրքական հարաբերությունների նախապայման չէր, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հայկական դիվանագիտության անառիկ միջնաբերդն էր:

Այն, ինչ սկսվեց 2018-ի հեղաշրջմամբ և շարունակվում է առ այսօր, վերացրեց հայկական գործոնի սուբյեկտայնությունն աշխարհի համար: Փաշինյանը ոչ միայն պաշտոնապես հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, այլև ոչ մի գործնական քայլ ի սկզբանե չէր էլ անում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ (հիշեցնեմ, որ անգամ մինչև պատերազմ նա և քպ-ական ոհմակի այլ ներկայացուցիչներ գրեթե չէին խոսում Ցեղասպանության մասին ոչ ՄԱԿ-ում, ոչ Եվրոպայի խորհրդում, ոչ էլ այլ միջազգային բարձր հարթակներում):

Նիկոլի ջանքերով հայ ժողովուրդը զրոյացնում է իր գեոպոլիտիկ բանկային հաշվի բոլոր մնացորդները և դառնում աշխարհաքաղաքական բոմժ: Մեր թվարկած երկու խնդիրները մաքսիմալ կապիտալիզացնելու փոխարեն՝ նա սնանկության է մեզ հասցրել՝ ոչ մի բանի փոխարեն հրաժարվելով միջազգային քաղաքական օրակարգի երկու հայկական թնջուկներից:

Մենք աշխարհին այլևս/դեռևս պետք չենք, քանի դեռ կրկին օրակարգ չենք վերադարձրել մեր ազգային շահերից բխող հարցերը: Քանի դեռ դրսի համար մենք կրկին պրոբլեմատիկ չենք դարձել, այդ նույն դուրսը շարունակելու է մեզ կերակրել դատարկ հայտարարություններով:

Գլխացավը բուժելու փոխարեն՝ աշխարհը Նիկոլի ձեռքերով գլխատում է մեզ, իսկ մենք էլ վիզը կտրած հավի պես դեռ կշարունակենք որոշ ժամանակ հախուռն վազվզել այդ նույն աշխարհի գեղամիջում:

Ամփոփելով վերնագրում նշված հարցի ցավոտ, բայց ազնիվ վերլուծությունը՝ փաստենք, որ աշխարհ վերադառնալու բոլոր ճանապարհները տանում են դեպի վարչապետական աթոռ: Եվ եթե մեզ իրոք դուր չի գալիս, որ աշխարհն անցնում է մեր վրայով, ապա մենք պարտավոր ենք անցնել Նիկոլ Փաշինյանի վրայով:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ