Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները:
Ըստ Թագուհի Թովմասյանի՝ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը եղել է իշխանության քաղաքական որոշումը, որևէ հիմնավորում չկա: Թովմասյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն, այնուամենայնիվ, շարունակելու է, միջազգային դերակատարներին գրություն ուղարկելիս, իրեն ներկայացնելու է որպես «հանձնաժողովի՝ ապօրինաբար պաշտոնազրկված նախագահ»:
«Բայց ես չեմ հանձնվել: Այսօր արդեն Վարչական դատարան մուտք եմ արել և պահանջում եմ դատարանից վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը ծայրից ծայր տեղի է ունեցել ապօրինի: Ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից»,-ասաց Թովմասյանը:
Նա նշեց՝ ինքն ունեցել է անաշխատունակության թերթիկ, նախապես գրավոր տեղեկություն է ներկայացրել ԱԺ նախագահին և նրա պաշտոնակատարին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցի քննությունը կհետաձգվի, մինչև ինքը կկարողանա ներկայանալ աշխատանքի:
«Նրանք չեն լսել և իմ դիմումն անպատասխան են թողել, քննարկել ու քվեարկել են ինձ լիազորություններից զրկելու հարցը, ինչի համար ես դիմել եմ Վարչական դատարան»,-ասաց Թովմասյանը՝ վստահություն հայտնելով, որ իր լիազորությունները վերականգնվելու են դատարանի միջոցով:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հուլիսի 11-ին փակ գաղտնի քվեարկությամբ դադարեցրել էր Թագուհի Թովմասյանի լիազորություններն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: ԱԺ նիստերի դահլիճում հարցի քննարկմանն ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցել: