կարևոր
3055 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-04 13:08
Քաղաքական

Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է սկսել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը հեռացնելու պահանջով

Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է սկսել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը հեռացնելու պահանջով

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է նախաձեռնել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը հեռացնելու պահանջով։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թովմասյանը նշեց, որ այս ձևով իր աջակցությունն է հայտնում  «ՈՉ՝ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժմանը։

«Մենք պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը հեռացվի և Ադրբեջանի  ցեղասպան քաղաքականությանը վերջ տրվի։ Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հստակ իրողությունների վրա։

Մայիսի 3-ին մենք շատ կարճ ժամանակում ստորագրահավաքի ընթացքում 200-ից ավելի ստորագրություն ենք հավաքել, այսօր ավելի երկար ժամանակ կտրամադրեմ ակցիային։ Մայիսի 4-ին ժամը 12։00-ից լինելու եմ Շառլ Ազնավուրի հրապարակում մինչև 20։00-ն։

Նպատակ ունենք ավելի շատ ստորագրություններ հավաքել, որպեսզի համայն աշխարհին ապացուցենք, որ Հայաստանը և Հայաստանի քաղաքացին միասնական է և մենք չենք կարող երբևէ պատկերացնել կամ ընդունել այն տեսակետը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն։  Մենք այդ անհամաձայնությունն ենք հայտնում նաև փաստարկված, թղթի վրա։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի առնվազն պատասխանատվությունն է, որպեսզի  իր դժգոհության ձայնը բարձրացնի մեր հայրենակիցների նկատմամբ տեղի ունեցող իրավունքների խախտումների վերաբերյալ»,-ընդգծեց Թովմասյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Արցախի 120 հազար քաղաքացի 4 ամսից ավելի գտնվում են պատանդի վիճակում, խախտված է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, կենսական ամենակարևոր իրավունքները, մատակարարումները պատշաճ տեղի չեն ունենում։

«Նույնիսկ թերսնման խնդիր կա երեխաների, ծերերի և հղի կանանց շրջանում, ինչը խայտառակ իրողություն է 21-րդ դարում։ Մենք պետք է շարունակենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ի լուր աշխարհի»,- եզրափակեց Թովմասյանը։