կարևոր
3277 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-11 15:37
Քաղաքական

Գուցե Թագուհի Թովմասյանի պաշտոնը զբաղեցնելով ավելի հեշտ ականջ կկտրեն․ Մինասյանը՝ իշխանությանը

Իշխանությունը փորձում է քանակական մեծամասնության ուժով իր համար ոչ ցանկալի ընդդիմադիրներին զրկել Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու ՔՊ նախագծին։

«Սա ՔՊ-ի հերթական հակաքաղաքական, հակասահմանադրական ապօրինություն է։ Իրենք ցանկանում են զսպաշապիկ հագցնել ընդդիմությանը, ստիպել խաղալ իրենց խաղը»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ ընդդիմությունը նոր թեկնածուի չի առաջադրելու, եւ եթե անգամ իշխանությունն էլ չառաջադրի, միեւնույն է նախագահի լիազորություններն անցնելու է նրանց։

«Սահմանդրությունն ասում է, որ խմբակցությունն է որոշում ում նշանակել իրեն լիազորված պաշտոնում, ինչն էլ հակասում է կանոնակարգ օրենքին, դրա համար մենք ՍԴ դիմում ենք ներկայացրել։ Իրենք եթե թեկնածու չառաջադրեն, միեւնույն է, լիազորությունները կանցնեն ՔՊ-ական փոխնախագահին։ Ըննդիմությանը հասանելի բոլոր երեք հանձնաժողովի նախագահությունները զավթել են իշխանականները»,- ասաց Մինասյանը։

Նա անհիմն է համարում Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու համար բերված բոլոր հիմնավորումները։

«Նիստերից բացակայելով ինքը քաղաքական տեսակետ է արտահայտել, նույն է, որ քվերակությունների բոյկոտը որպես պատճառ օգտագործվի։ Միաժամանակ Թագուհի Թովմասյանը, թե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, թե Արցախում մշտապես ակտիվ է եղել։ Չեմ տեսնում այլ հանձնաժողովի նախագահի, որը նման մասշտաբի աշխատանք բերի։ Գուցե որոշ մարդկանց ախորժակը տանում է այդ նախագահի պաշտոնին, ծառայողական մեքենա ունենալուն կամ գուցե ականջ կտրելու ցանկությունն ավելի հեշտ կիրացնեն»,- ընդգծեց Մինասյանը։