կարևոր
2896 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-04 13:50
Հասարակություն

Թուրքալեզու լրատվակայքի անդրադարձը տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի նոր աշխատանքին

Թուրքալեզու լրատվակայքի անդրադարձը տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի նոր աշխատանքին

Ռամազան Յավուզ

TİGRİS HABER – Ծնվել է Դիարբեքիրի Խանչեփեք թաղամասում, որին նաև «Գյավուր թաղ» են ասում, ու որի մասին գրքեր են գրվել, որտեղ քրդերը, թուրքերը, հայերն ու հրեաները միասին ապրել են եղբայրաբար, և ցավոք, այսօր այդ թաղամասի անցյալի հետքն անգամ չկա։

Դիարբեքիրի տարրական և միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո առաջին երաժշտական ​​կրթությունը հորից՝ Փուշիջի Հակոբից ստանալով՝ հարսանիքների ժամանակ սկսել է դարբուկա նվագել․ 1976 թ․ ընտանիքի հետ Ստամբուլ գաղթած հայ էր։

Ընտանիքը մնացել է Ստամբուլում, իսկ նա 1992 թ․ Ամերիկա է արտագաղթել։ 21 տարի է, ինչ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում է ապրում և վաստակելու համար ելույթ է ունենում կազինոներում՝ երգելով քրդերեն, թուրքերեն և իր մայրենի լեզվով՝ հայերեն։ Ասացի, որ երկար ժամանակ նրան հետևում էի ֆեյսբուքում: Երբեմն գրում էինք միմյաց։ Հրաշալի ուդ էր նվագում։ Գրեթե բոլոր հրապարակումներում խոսում էր Դիարբեքիրի հանդեպ կարոտի մասին, հարմար պայմանների դեպքում այնտեղ վերադառնալու ցանկություն էր արտահայտում։ Եվ դա արտահայտում էր ուդի նվագակցությամբ Դիարբեքիրի երգերը կատարելով։ Հետևորդների թիվը ևս բավականին մեծ էր։

Ամերիկայի նման երկրից նորից Դիարբեքիր վերադառնալու նրա ցանկությունն ինձ զարմացնում էր։ Մինչ բոլորը փորձում էին Ամերիկա գնալ, նա ուզում էր վերադառնալ։ Հաղորդագրություն գրելով փորձում էի ճշտել «վստա՞հ ես, խելքդ գլուխդ է՞, հո խնդիր չկա՞»։ Նա էլ թե՝ «Գժվում եմ երկիր վերադառնալու համար։ Այս տեղն ինձ համար չէ»։  Շատ թե քիչ գիտեք, ում մասին եմ խոսում։ Երվանդ Բոստանջը։ Այսինքն՝ բոլորին հայտնի նաունով՝ Ուդի Երվանդ։

Նրա կյանքը վերածվել է գրքի

Քաղաքի մշակութային և սոցիալական կառուցվածքի մասին տասնյակ գրքեր գրած ընկերոջս, ավագ եղբորս՝ դիարբեքիրցի Շեյհմուս Դիքենի հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ինքն էլ շատ կուզենար, որ Երվանդ Բոստանջըն վերադառնա, և անգամ ասաց, որ նրա կենսագրությունն է գրել՝ “Ula fılle hoş geldin” վերնագրով։ Գիրքը բավականին սիրվեց և մի քանի անգամ վերատպվեց։

Բնականաբար՝ Երվանդ Բոստանջըն Ամերիկայում աչալուրջ սպասում է։ Եթե ​​միջավայր ու հնարավորություն ստեղծվի, նա անմիջապես կվերադառնա Դիարբեքիր։ Այն ժամանակվա մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի՝ արտասահմանում ապրող ոչ մուսուլմաններին ուղղված «Վերադարձեք ձեր հայրենիք» նախաձեռնություն-կոչի մի տարբերակն էլ Դիարբեքիրի համայնքապետ Օսման Բայդեմիրն իրակականացրեց։ Ուդի Երվանդը որ դա լսեր, կսպասե՞ր․․․ Բնականաբար ոչ։ Որպես լրագրող, լավ լուր հայտնելու մտադրությամբ նրան հաղորդագրություն գրեցի, և հայտնեցի, որ ուզում եմ լուր պատրաստել նրա վերադարձի մասին։ Նա էլ համաձայնեց։

21 տարվա ընդմիջումից հետո Դիարբեքիր վերադարձավ, և դրա մասին առաջին լուրը ես գրեցի։ Հայտնի թերթերն ու հեռուստաալիքները լուրը շատ կարևոր համարեցին։ Լավ է, որ այդպես եղավ։ Ուդի Երվանդի վերադարձը պետք է որ մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Օմեր Չելիքի ուշադրությունն էլ գրաված լիներ, քանի որ վերջինս նրան հրավիրել էր Անկարա և հանդիպել նրա հետ։ Ուդի Երվանդը հաղթելով քննությունը՝ Դիարբեքիրի դասական թուրքական երաժշտության պետական ​​երգչախմբի ուդի և վոկալի կատարող դարձավ, ինչպես նաև Արվեստի խորհրդի անդամ։

Հայրենիքի ու սիրո համար վերադարձավ

Դեռևս Ամերիկայում սիրահարվել էր տիկին Թալինին և վերադառնալով Դիարեքիրում ամուսանցավ ու մեկ որդի ունեցավ։ Աշխարհն իրենն էր։ Որդու անունն էլ Տիգրան է դրել։ Կնոջն ու երեխային շատ է սիրում։ Աշխատանք էլ ունի։ Սրանից ավել՝ ի՞նչ։ Դիարբեքիրից բացի շրջակա քաղաքներում ևս նրանց հրավիրում են հասարակական առիթների և իր ուդի նվագակցությամբ երգելով երանգ է հաղորդում քրդական, թուրքական և հայկական երգերին։

Տարիներ անցան, և թոշակի անցավ։ Գրեթե ամեն օր այցելում է պատմական Սուր թաղամաս, օրն անցկացնում ընկերների հետ, իսկ Ամերիկայի մասին երբեք չէր էլ մտածում։ Մինչև TUBITAK-ի կողմից նրա կնոջ՝ Թալինի ԱՄՆ-ում աշխատանքի նշանակումը։ 2022 թ․ օգոստոսին նրա կինը՝ Թալինը, վերցրեց որդուն՝ Տիգրանին և գնաց Լոս Անջելես, Կալիֆորնիա՝ Ուդի Երվանդի 21 տարի ապրած վայրը։ Ուդի Երվանդն այս մեկնումից շատ վշտացավ։ Ամեն անգամ, երբ տեսնվում էինք, տխրությամբ ասում էր՝ «Ես այնտեղից եկա, այս անգամ էլ սիրելի տղաս ու կինս գնացին։ Նրանց կարոտին ո՞նց դիմանամ»։

Ուղեկցորդ դարձավ այն եկեղեցում, որտեղ մկրտվել էր

Այսինքն կարոտը հակառակ ուղղությամբ շրջվեց։ Սոցիալական ցանցերի էջերում իր երգերով սկսեց արտահայտել իր որդու և կնոջ հանդեպ կարոտը։ Նաև մեծ դեպրեսիայի մեջ էր։

Մինչև որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը ուրախ լուր հայտնեց։ Էրգյուն Այըքը նրան գտել էր և առաջարկել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում ուղեկցորդի պաշտոնը։ Ուդի Երվանդը կսպասե՞ր։ Անմիջապես ընդունեց և վաղ առավոտյան, արևածագից առաջ ճանապարհ ընկավ դեպի եկեղեցի։ Քանզի եկեղեցու նշանակությունն այն է, որ գտնվում է Դիարբեքիրի այն թաղամասում, ուր նա է ծնվել և մեծացել։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս եկեղեցում է մկրտվել Ուդի Երվանդը։

Եկեղեցին իրեն է սազում, ինքը՝ եկեղեցուն

Երբ Tigris Haber-ի գործուղմամբ գնացի եկեղեցի՝ նրան տեսնելու, դեմքը երանություն էր արտահայտում։ Ինձ ցույց տվեց իր մկրտության վայրը։ Շատ էր մոմ վառում, աղոթում այդտեղ ծառայություն իրականացնելու համար։ Եկող այցելուների մեջ զգալի թիվ էին կազմում նրան ճանաչողները։ Այցելուներին առանց հոգնելու պատմում էր Սուրբ Կիրակոսի պատմությունն ու նշանակությունը, ասես 40 տարվա գիդ լիներ։ Բա կատակնե՜րը․․․ Դիարբեքիրի բարբառով նրա արած կատակները 1-2 րոպեով եկեղեցի մտածների մնալը երկարացնում էին և լավ առիթ լինում ուրախ ժամանակ անցկացնելու։ Բնականաբար պատահական այցելուներին առանց զգուշացման չէր թողնում։ Եվ ճիշտ էր անում։ Որովհետև նրանցից ոմանք խորանում էին միայն նկարվելու համար, կարմիր շղթայով շրջապատված արգելված տարածքներ։ Ուդի Երվանդը, կարծես ինչ-որ մեկը կոշիկներով ոտք էր դրել իր տան գորգերի վրա, անմիջապես միջամտեց ու նրանց հեռացրեց տարածքից։ Այս աշխատանքը հենց նրա համար է։ Կարծում եմ՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը հիանալի և տեղին որոշում է կայացրել՝ այստեղ նշանակելով Ուդի Երվանդին։ Ինչպես հասկացանք՝ Սուրբ Կիրակոսը սազում է Ուդի Երվանդին, իսկ Ուդի Երվանդն էլ շատ լավ է սազում Սուրբ Կիրակոսին:

«Բախտիս միշտ կարոտ եմ մնացել»

Երբ եկեղեցու ներսը մի քիչ հանդարտվում է, ոտքի վրա զրուցում ենք։ Ասում եմ՝ «Դրսում նկարեմ քեզ»։ «Աշխատանքի մեջ եմ, չեմ կարող հեռանալ այստեղից, այս տեղն ինձ են վստահել։ Հերթափոխն ավարտվի՝ նոր»,-ասում է։ Այնքան նվիրված է իր գործին և հոգատար: Եկեղեցում մարդ չկա։ Իսկը զրուցելու և լուսանկարվելու ժամանակն է: Նա մի կողմից հետևում է եկեղեցու դռանը՝ «Որևէ մեկը գալի՞ս է», մյուս կողմից պատասխանում է իմ հարցերին և հակիրճ ասում հետևյալը.

«21 տարի Լոս Անջելեսում ապրեցի։ Միշտ կարոտում էի Դիարբեքիրին ու կնոջս, ում հետ ամուսնանալու էի։ Արդեն 10 ամիս է, ասում եմ՝ այ Լոս Անջելես, դու նորից ինձ կարոտի մեջ գցեցիր։ Լոս Անջելեսը չէ իմ կարոտը։ Իմ կարոտն այնտեղ գնացած սիրելի որդիս ու կինս են՝ Թալին Բոստանջին։ Նախկինում կարոտս Ամերիկայից այստեղ էր ուղղված։ Հիմա էլ այստեղից այնտեղ է ուղղված՝ դեպի ընտանիքս։ Այս անգամ էլ նրանք են գնացել։ Շատ տարօրինակ բան է, կարծես միշտ բախտին կարոտ մնանք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավագ եղբորս՝ Էրգյուն Այըքին, Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահին և տնօրենների խորհրդի մյուս անդամներին, ովքեր ինձ շատ ուրախացրին՝ ինձ այս գործը վստահելով»։

Երանի որդուս էլ այստեղ մկրտեի

Սուրբ Կիրակոս եկեղեցում մկրտված լինելով, Բոստանջըն նաև իր որդուն այստեղ մկրտելու ցանկություն է հայտնել՝ ասելով. «Ես այստեղ եմ մկրտվել։ Ի սրտե ցանկությունս է, որ որդիս՝ Տիգրանն էլ այստեղ մկրտվի։ Այս եկեղեցին ինձ խաղաղություն է տալիս: Կարծես այս եկեղեցին ներսիս ամբողջ բեռը հանած լինի։ Հայ վարպետների ձեռքով կառուցված այս քարե շինությունները խաղաղություն են պարգևում ոչ միայն այստեղ, այլեւ Մեծ մզկիթին ու այլ շինություններին՝ իրենց հոյակապ կառուցվածքով։ Այստեղ եկող յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր նստող, յուրաքանչյուր մոմ վառող պետք է տեղյակ լինի, որ այս վայրը պաշտամունքի կենտրոն է։ Ինչպիսի վարքագիծ Ուլու ջամի մտնելիս են մարդիկ դրսեւորում, նույն հարգանքով էլ պետք է մտնեն Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի։ Ինչպես դիարբեքիրցի գրող եղբայրս՝ Շեյհմուս Դիքենն է ասում՝ այս քարերը կրում են Դիարբեքիրի ոգին, և այս քարերը բոլոր ապրումների վկաներն են։

Ես դիարբեքիրցի եմ։ Լավ է, որ Դիրաբեքիրը կա։ Ես սիրում եմ իմ երկիրը և իմ ժողովրդին։ Լավ է, որ վերադարձա Ամերիկայից: Այստեղ շատ երջանիկ եմ։ Ուզում եմ այս գործը մինչև մահ անեմ այս եկեղեցում»։

Պատին գրվածները հուզում են սիրտը

Ամերիկայում գտնվող իր որդուն՝ Տիգրանին և կնոջը՝ Թալինին «Նրանց մեծ սեր եմ ուղարկում։ Նրանք իմ կյանքի աղբյուրն են, կյանքի այն ճյուղը, որին կառչած եմ» խոսքերը հղող Ուդի Երվանդ Բոստանջըի հետ նրա հերթափոխն ավարտվելուց հետո մենք սովորականի պես գնում ենք շրջելու պատմական Սուրում։

Չի մոռացել ուդը վերցնել։ Սկսեցինք շրջել փողոցներով և խորացանք Մարդինքափըից մինչև Ալի փաշա փողոցներով։  Մինչ նա, ուդը ձեռքին, քայլում էր փողոցներով, նրա դեմքին երևում էր իր սրտով նոր աշխատանք անելու երանությունը։ Ալի փաշա թաղամասի պատի վրա տեսնելով սրտի նկարն ու «Քեզ շատ եմ կարոտել» մակագրությունը՝ որդին ու կինը միտքն եկան, և շատ հուզվեց։ «Երբ փողոցներով քայլելիս տեսնում եմ պատի վրա նկարված սիրտ, սիրո մասին ինչ-որ գրվածք կամ որևէ երեխա, տղաս ու կինս են միտս գալիս, և տխրում եմ: Հայրս ասում էր «Տղա՛ս, մինչև երեխա չունենաս, երեխա սիրել չես սովորրի»։ Շատ ճիշտ էր ասում։ Լույսերի մեջ ննջի։ Շա՜տ եմ կարոտել նրանց»։ Այս խոսքերն ասելիս նրա աչքերը լցվեցին արցունքներով, և նա լուսանկարեց պատին գրվածը, որպեսզի ուղարկի կնոջն ու որդուն։ Հուսով եմ և մաղթում եմ, որ Ուդի Երվանդի՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս նոր ծառայությամբ ստեղծված երանությունն էլ ավելի ամրապնդվի Ամերիկայից վերադարձած կնոջ ու որդու շնորհիվ։

Եզրափակելով ասենք, որ Դիարբեքիրը սիրում է իրենում ծնված ու մեծացած Ուդի Երվանդին, Ուդի Երվանդն էլ՝ իր ներսի Դիրաբեքիրին, և լավ է, որ երկուսն էլ կան։

https://www.tigrishaber.com/hasret-pesini-birakmiyor-87391h.htm

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net