կարևոր
2836 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-07 10:54
Քաղաքական

Իշխանությունից հրավիրվածները հետաքրքրություն չեն ցուցաբերել․ «Հրապարակ»

Իշխանությունից հրավիրվածները հետաքրքրություն չեն ցուցաբերել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Հունիսի 2-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը, որին մասնակցել են Վեհափառ հայրապետը, Նաթան սրբազանը, Արշակ սրբազանը, եկեղեցու հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը եւ այլք։ Համակարգողը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր։ Սրբազանից հարցրինք, թե հարթակն ինչ նպատակներ ունի։

«Ձեւաչափ է, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն իրենց կարծիքն արտահայտելու, խոսելու ու քննարկելու այն թեմայի շուրջ, որն առաջարկում ենք մենք, հրավիրում ենք տարբեր բնագավառի ներկայացուցիչներին, իրենց համաձայնությամբ, եւ տեղում գնում է քննարկում, որից հետո ինչ-որ մի լուծումի հանգում ենք կամ չենք հանգում», -ասաց նա։

- Քննարկումների վերջնարդյունքը ո՞րն է, հարցերի շուրջ համաձայնություն ձեւավորե՞լը։

- Այո, եթե ընդհանուր համաձայնության գետին գտնվում է, ապա այդ գետնի մասին հրապարակվում է, այդ ընդհանուր կարծիքը հրապարակվում է, եւ հընթացս կերեւա՝ այդ կարծիքն ընդունելություն կգտնի՞, թե՞ չի գտնի հասարակության լայն շրջանակների մոտ։

- Այդ կարծիքը հասարակությա՞ն համար է, իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության։

- Բոլորի համար է եւ այդ կարծիքը չի հավակնում լինել եկեղեցվո կարծիքը, դա հավակնում է լինել եկեղեցվո եւ հասարակական գործիչների միասնական կարծիքը։ Նախաձեռնությունը եկեղեցունն է, բայց կարծիքն անպայմանորեն եկեղեցու կարծիքը չէ, կարող է համընկնել նաեւ եկեղեցվո կարծիքի հետ, բայց կարող է նաեւ չհամընկնել։

- Հանդիպումներն ինչքա՞ն են տեւելու, պարբերականություն սահմանվե՞լ է։

- Դա հընթացս կերեւա, հիմա որեւիցե կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց համակարգող խորհուրդը պարբերաբար կհավաքվի, թեմաները կմշակի, թեմաների շուրջ կկազմի այն մարդկանց ցանկը, որոնց պետք է հրավիրի, կհրավիրի, քննարկումը կանցկացվի, եթե որոշում կայացվի՝ ինչ-որ հրապարակմամբ հանդես գալ, թե հանդես չգալ։

- Մասնակիցների ցանկը փոփոխակա՞ն է լինելու։

- Այո, կարող են լինել մնայուն մարդիկ, որոնք մնայուն կերպով կհրավիրվեն, մյուսները կարող են փոփոխական լինել՝ նայած թեմային, եւ մենք խուսափում ենք միայն մի կողմին հրավիրելուց եւ, ինչպես ասել էինք, բոլոր կողմերից մարդիկ էլ հրավիրում ենք, իշխանություններից էլ ենք հրավիրում, բայց իշխանությունները ցանկություն չունեն մասնակցել։

- Հունիսի 2-ին տեղի ունեցած քննարկմանն իշխանության ներկայացուցիչ հրավիրվե՞լ է։

- Հրավիրել ենք, բայց իրենք չեն եկել, հետաքրքրություն չեն ցուցաբերել։

- Կարո՞ղ ենք իմանալ, թե ում եք հրավիրել։

- Ոչ, չեք կարող իմանալ։

- «Գավիթ» հարթակն ունի՞ խնդիր՝ ձեւավորված ընդդիմադիր շարժումներին աջակցելու կամ գոնե գաղափարական նյութ տալու։

- Նման ծրագիր չկա, բայց հարթակի մեր մասնակիցները կարող են նաեւ նման գաղափար առաջ քաշել, նման գաղափար պաշտպանել եւ նման եզրակացության գալ, ոչինչ բացառված չէ։

- Առաջին հանդիպումից հետո Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ լուծումների մասին խոսք չկար։ Այսինքն՝ ներկաները որեւէ որոշման վերաբերյալ ընդհանուր մոտեցման չեն հանգել։

- Որոշակի լուծումների առաջարկներ եղան, բայց ինքը՝ հարթակը, համարեց, որ այս պահին անհրաժեշտ է միայն հաղորդագրություն, եւ պետք չէ հայտարարությամբ հանդես գալ։ Ընդհանուր համաձայնությամբ այդ կարծիքը գոյացել է եւ տեղի է ունեցել։ Եթե հարթակը որոշեր, որ կարող է հայտարարությամբ հանդես գալ, կարող էր եւ հայտարարությամբ հանդես գալ։ Սա առաջին փորձն էր՝ նման հարթակի, եւ մասնակիցները որոշեցին այս անգամ բավարարվել միայն հայտարարությամբ, ինչը որ եղավ։

- Քննարկումն ի՞նչ մթնոլորտում է անցել, սուր ելույթներ, կարծիքների բախում եղե՞լ են։

- Շատ լավ, գործնական մթնոլորտում է անցել։ Այո, եղել է նաեւ կարծիքների զանազանություն։

ՀԳ․ Հավելենք, որ, մեր տեղեկություններով, այս հարթակի նախապատրաստական փուլում Էջմիածին են հրավիրվել պաշտոնյաներ, իշխանություններին կից մտավորականներ, որոնք հրաժարվել են ներկայանալ։ Մասնավորապես տեղեկացանք, որ հրավիրվել են ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։ Իսկ քննարկման վերջում հայտարարության տեքստ է ներկայացվել ներկաներին, սակայն այն այնքան անատամ է եղել, որ ներկաները մերժել են դա տարածելու առաջարկը։ Ամեն դեպքում, չի հասկացվում, թե Գարեգին Բ-ն ինչ նպատակ է հետապնդում նման հարթակի ստեղծմամբ՝ «ո՛չ նալին, ո՛չ մեխին» մարտավարությունը դժվար թե արդյունավետ լինի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում