կարևոր
3235 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-23 17:52
Քաղաքական

Նիկոլից հետո կյանք կա, իսկ այս հողի վրա կան ուժեր, որոնք կարող են պատասխանատվություն ստանձնել․ Լիլիթ Գալստյան

Ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին․

Սիրելի Հայրենակիցներ,

Դժվար է, գուցեև՝ անիմաստ, այս ծանրագույն ժամնակներում, քաղաքական կամ պարզ մարդկային տեքստեր ասել մի խոհրդարանում, ուր քաղաքական մեծամասնության առաջնորդը հաշտ է  թուրք և դավաճան  բառերի հետ:

Այնինչ՝ ԹՈՒՐՔՆ ՈՒ ԴԱՎԱՃԱՆԸ  սոսկ բառեր կամ պիտակներ չեն, այլ գնահատական են,  կասեի՝ համակարգեր,  որոնք ունեն կոնկրետ բովանդակություն և պատասխանատվություն, ավելին՝ դրանք խարան են, որոնք չեն ջնջվում պատմության էջերից:  

Դուք՝ քաղաքական  մեծամասնություն,  կարող եք թաքնվել ԱԺ-ի զոդված ճաղավանդակների հետևում,  դուք կարող եք ձեր ծառայողական մեքենաներով, մեր հարկերից աշխատավարձ ստացող բազմաշար ոստիկանությամբ ճեղքել մարդկային բազմություն, փակված փողոցներ բացել, դուք կարող եք ինքնապաշտպանվել  ու ձեզ անխոցելի համարել՝ շրջելով  ձեր դեռևս չճաքած թիմով, դուք կարող եք սեփական թիկնապահների բիրտ ուժով  պատգամավոր լռեցնել, դուք կարող եք մի քանի կոպեկի համար թուրքերին  եղբայրության հիմներ ձոնել, դուք կարող եք ՀՀ քաղաքացուն ծեփել պատերին, պարզապես թքել նրա վրա, խոստանալ լեզուն կտրել,  բանտերում ընդդիմադիրների կեղեքել կամ զոհվածի մոր նվաստացնել:

 Բայց սրանք ժամանակավոր  են և սրանից Թուրք և Դավաճան բառերի բովանդակությունը չի փոխվում. ինչպես չի փոխվում և ձեզ չի հաջողվի փոխել մեր գենետիկ կոդը,  մեր հավաքական հիշողությունն ու արժանապատվությունը, այն գնահատականը, որ ձեզ տալիս է և տալու է հայ հասարակությունը:

Հինգ տարի առաջ դուք իշխանության եկաք բոլորովին այլ խոստումով, հազարավորների, ցավոք, այդ թվում և ես,  հավատացինք  արդար և ժողովրդավարական, զարգացող ու  միասնական Հայաստանին:

Հիմա, հինգ տարի հետո անկարելի է հավատալ, որ ժողովրդի ուսերին,  բոլորովին այլ խոստումով իշխանության եկած ուժը պիտի ուրանա մեր հավաքական ազգային-պետական շահերը, այդքան ներդաշնակ լինի թուրք-ադրբեջանական շահերին,  այդքան հանձնառու լինի օտար օրակարգերին, թքի  Սահմնադրության, ՀՀ Անկախության հռչակագրի և ՀՀ օրենքների վրա, միանձնյա որոշի Հայաստան-Արցախի ճակատագիրը, համաձայնություններ ձեռք բերի և ազգադավ խոստումներ տա ողջ հայ ժողովրդի թիկունքում:    Դուք և ձեր առաջնորդը սրա  բարոյական, քաղաքական և իրավական լեգիտիմությունը չունեք:

Պետություն կառուցելն  առաքինություն է, ուր տեղ չունեն սուտն ու ուրացումը:

Դուք՝ քաղաքական մեծամասնություն, ձեր քաղաքական և մարդկային ապագան  հարցականի տակ դնելու  անձնական իրավունքն ունեք, բայց ոչ՝ Հայոց պետականության և  մեր Հայրենիքի ապագան, ֆիզիկական գոյությունը:

Դուք, իսկապե՞ս, չեք գիտակցում, որ մի օր  գալու է պատասխան տալու ժամանակը…

 Եվ, այնուամենայնիվ,  նիկոլից հետո կյանք կա… արժե մտածել այս մասին։

Եվ այս հողի վրա կան քաղաքական ուժեր և անհատներ, ովքեր  ունակ են ընդհանրական գաղափարներ ձևակերպել և պատասխանատվություն ստանձնել: