Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում նրանց գոյության մասին շատերը տեղյակ չեն։ Նույնիսկ իրենք են նոր իմանում իրենց անցյալի մասին։ Մուսուլման հայերը պատմել են իրենց փորձությունների մասին։ Նրանք բողոքում էին թե՛ քրիստոնյաների, թե՛ մուսուլմանների կողմից լուսանցք մղված լինելու փաստից:
Վերջիհան Զիլֆիօղլու
Թուրքիան նոր է լսում նրանց գոյության մասին: 1915 թ․ ողբերգական իրադարձություններից (Հայոց ցեղասպանությունից-Ակունքի խմբագրություն) փրկվելուց հետո նրանք մնացել են Անատոլիայում (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբագրություն)։ Մուսուլման են դարձել, որպեսզի կարողանան պահպանել իրենց կյանքը։ Սակայն տարիներ շարունակ մինչև իսկ իրենց երեխաներին չէին պատմում իրենց անցյալի մասին: Նրանցից շատ քչերն են տանը՝ փակ դռների ետևում, ապրել հայկական մշակույթը: Այսօր նրանց մեծ մասն ապրում է Անատոլիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում և խոսում է թուրքերեն ու քրդերեն:
Շատերը ծագումով հայ լինելու մասին նոր են իմանում: Նրանց մեջ կան այնպիսիք, որ սեպտեմբերի 12-ին բերման ենթարկվելիս զինվորականներից են լսել իրենց անցյալի մասին, կամ հոր մահից հետո ՔԿԱԳ-ում են իմացել դրա մասին։
99 տարի անց երրորդ սերնդի մեջ կան այնպիսիք, ովքեր մկրտվում և քրիստոնեություն են ընդունում: Սակայն նրանք էլ են թաքցնում, որ փոխել են իրենց կրոնը: Այնպես որ որոշները և ուրբաթ օրը նամազի են գնում, և կիրակի օրը, եթե պատարագ լինում է՝ թաքուն եկեղեցի են գնում։ Նրանց մեծ մասը ցանկանում է տեսնել Հայաստանը։
Նրանք բողոքում են լուսանցք մղվելուց, իրենց բնակության վայրերում սոցիալական ճնշումներից։ Ասում են, որ արտաքսվել են քրիստոնյա հայերի կողմից, իսկ մահմեդականները նրանց անվանում են «դյոնմե» կամ «գավուր»։
Al Jazeera-ն Դիարբեքիրում հանդիպել է տարբեր գավառներից, տարբեր սերունդներից և տարբեր հայացքների տեր մահմեդական հայերի հետ: Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու բակը լցրել են տանը պատրաստած ուտելիքներով։ Պատմեցին իրենց պատմությունները:
Գյումյուշը շրջապատում, հայազգի հայտնի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի հետ նմանության պատճառով, հայտնի է նաև նրա անունով։
Մեդրեսե է հաճախել, իմամ է եղել
Հադի Գյումյուշ, ծնված 1952 թվականին՝ Ադըյամանում։ Հայկական ծագմամբ ամերիկացի հայտնի գրող Վիլյամ Սարոյանի հետ նմանության պատճառով շրջապատում հայտնի է նաև նա անունով։
Ղուրանն երկու ամսում սերտած, մեդրեսեում (մահմեդական կրոնական դպրոց-Ակունքի խմբագրություն) կրթություն ստացած Գյումյուշը իր ներկայիս վիճակը այսպես է նկարագրում․ «Հիսուսին լքեցինք, Մուհամեդին էլ առանց ճանաչելու կմեռնենք»: Երեխա ժամանակ ընկերներից «գյավուր», «դյոնմե» լսած Գյումյուշը այդ ժամանակ չի կարողացել հասկանալ իրեն ուղղված այդ անվանումների իմաստը, և միայն 1980-ի ռազմական հեղաշրջման ժամանակ կալանավորվելիս է իմացել, որ հայ է։
«Ընտանիքս թունդ մուսուլման էր։ Մեզ ստիպում էին լավագույնս կատարել մեր կրոնական պարտավորությունները: Հայրս իսլամական հոգևորական էր։ 22 տարի մեդրեսեական կյանք եմ ունեցել, հինգ տարի իմամություն եմ արել։ Պապից ավելի կաթոլիկ էինք փորձում լինել։ Ձախական հայացներիս պատճառով երեք բանից չեմ սիրել խոսել, հիմա էլ չեմ սիրում՝ կրոն, լեզու, ազգություն։ Երբ ինձ ձերբակալեցին, ասացին՝ «Դյոնմե՛, գիտենք, որ հայ ես, խոսի՛ր»։ Ասացի․ «Չէ, մենք մահմեդական ենք, հայ չենք», սակայն ինձ ծաղրուծանակի ենթարկեցին։ Մի կողմից դեմ առ դեմ հայտնվեցի հայ լինելուս փաստի հետ, մյուս կողմից՝ այս ինքնությունը փրկեց ինձ կազմակերպության անդամ լինելու մեղադրանքից»:
Հադի Գյումյուշը պատմեց, որ երբ պարզվել է, թե ինքը հայ է, կորցրել է և՛ սիրած կնոջը, և՛ այն մասնագիտությունը, որը շատ է սիրում՝ ուսուցչությունը։ Նա արցունքներով պատմեց, որ ընտանիքի անցյալն ուսումնասիրելու համար իր վրա ճնշում է գործադրվել անգամ սեփական քրոջ կողմից։
«Ինձ սովորեցրել են, որ հայերը ահարկու, դաժան, մեջքից խփող մարդիկ են։ Երբ իմացա իմ իրական ինքնությունը, ինքս ինձ հարցրեցի՝ ուրեմն ես հիմա այս բոլո՞րն եմ։ Բայց արագ հաղթահարեցի այդ տրավման: Ինքնությունս ուսումնասիրելիս հասկացա, որ հայությունը հպարտանալու բան է, ոչ թե ամաչելու: Ընտանիքս ինձ ճնշեց, քույրս ասում էր «Դու մեր պատվի հետ խաղացիր, աղջիկներս տանը կմնան»։ Այն կնոջից, ում սիրահարված էի, ստիպված էի բաժանվել, երբ ինքնությանս պատճառով ասաց՝ «Քեզ սիրում եմ, բայց…»: Ազգային կրթության նախարարությունից ասացին՝ «Ծագումով հայ է, չի կարող ենթարկվել Աթաթուրքի սկզբունքներին և բարեփոխումներին», ուստի ես չեմ կարող շարունակել իմ մասնագիտությունը, որն այդքան սիրում էի»։
Հղում կատարելով գրող Վիլյամ Սարոյանի խոսքերին՝ Գյումյուշն ասաց՝ «Ուզենք թե չուզենք՝ մենք հայ ենք»։ Նա նեղսրտում էր, որ թե՛ մահմեդականները, թե՛ քրիստոնյա հայերը իրեն միշտ արհամարհում են, և դիմեց հայերին.
«Մեզ հասկանալու համար պետք է ապրեք այն, ինչ մենք ենք ապրել: Ես մեռնե՞մ, թե՞ մուսուլման լինեմ։ Կամ մահ կընտրեմ, կամ մուսուլման լինելը։ Իմ հայությունը դու՞ք եք որոշելու, պատրիարքարա՞նը, թե՞ ես, որ հարյուր տարի ամենածանր տառապանքներն եմ վերապրել։ Եթե «երանիները» չլինեին, այս ապրումներից ոչ մեկը չլիներ, մենք սահամանափակվել ենք այդ «երանիների» մեջ, Աստված ոչ մեկին նման բանի չարժանացնի»։
Հադի Գյումյուշը, ով չնայած մուսուլման լինելուն, իր ժամանակի մեծ մասն անցկացնում է եկեղեցու բակում, ասաց․ «Փորձում եմ այստեղ ընկալել իմ մշակույթը։ Այս վայրն ինձ հանգստություն է պարգևում»։ Նա ասաց, որ արդեն չի կատարում իսլամի պահանջները։ Գյումյուշը պատմեց, որ իրեն շատ է հետաքրքրում քրիստոնեական հայկական պատարագը։
«Երբ մեռնես, ուզում ես՝ քեզ թաղեն մուսուլմանակա՞ն, թե՞ քրիստոնեական ավանդույթներով» հարցին նա պատասխանեց. «Ինձ որպես քրիստոնյա թաղող չկա։ Աստծո գահին վճարելիք ամենամեծ հաշիվներից մեկը սա կլինի։ Ես ո՞վ եմ, ի՞նչ եմ»։
1915-ի դեպքերի մասին Գյումյուշն ասաց. «Մենք, որ ամենաշատն ենք տուժել, ասում ենք, որ արյունը արյունով չպետք է լվանալ, պետք է պայքարել ապագայի համար»։
«Փչացած մածունի վերաբերմունք են ցուցաբերում»
Մկրտության պատրաստվող 34-ամյա Մուստաֆան, անվտանգության նկատառումներից և ընտանիքի ճնշումներից ելնելով՝ չցանկացավ հայտնել իր ազգանունը։ Նա ասաց, որ հայ լինելու մասին իմացել է երազում տեսած պապի շնորհիվ։
«Պապս երազումս ասաց՝ «Գտի՛ր կանաչ գիրքս»։ Երազով շատ տպավորված էի, հարցրի ընտանիքիս։ Սկզբում ասացին, որ նման գիրք չկա։ Սակայն իմ պնդմամբ մի քանի ամիս անց գիրքն ինձ տվեցին: Հայերեն էր, չկարողացա կարդալ։ Հետո իմացա, որ դա Ավետարան է: Գրքի յուրաքանչյուր էջում պապս ընտանիքի անդամների մասին գրառումներ էր արել: Որ նրա իսկական անունը Ստեփան է՝ այնտեղից իմացա»:
Մուստաֆայի խոսքով, Ստամբուլի հայերը դուրս են թողնում իրենց, իսկ սփյուռքում գտնվողները որպես քաղաքական գործիք օգտագործում են Թուրքիայի դեմ։
«Մի կողմից մեզ փչացած մածունի պես են վերաբերվում ու դուրս են անում։ Երբ մտնում եմ մզկիթ, մուսուլմանները իմ թիկունքում նամազ չեն անում, հայերը ինձ տեր չեն կանգնում։ Օտարի օտարն եմ։ Քրիստոնության համար հնարավորություններ, դպրոցներ ու գրքեր ունենալով՝ տեր չեն կանգնում նրանց։ Մեծ պայքարով սովորեցի հայերենը, իմ մշակույթն ու երաժշտությունը։ Հարց եմ տալիս՝ ո՞վ է ավելի քիչ կամ ավելի շատ հայ»։
Մուստաֆան 1915 թ․ դեպքերից հետո կյանքից դառնացած հայ էթնոերաժշտագետ Կոմիտասի երաժշտության վրա է աշխատում։ Նա ցանկանում է ամուսնանալ հայի հետ և իր երեխաներին որպես քրիստոնյա մեծացնել։
Հոր անունը նրա մահվան պահին է իմացել
Անգլերենի թոշակառու ուսուցչուհի Ռահիմե Քարաքաշը Էլազըղի Խարբերդ գավառից է։ Նա ասաց, որ իր հայ լինելը հոր մահից հետո է իմացել՝ բնակչության գրանցամատյաններից։
«Բնակչության հաշվառման մեջ տեսել եմ, որ հորս իսկական անունը Սարգիս է։ Նրա իսկական անվան վրա խաչ էր քաշած։ Երբ իմացա այս փաստը, շատ բարկացա հորս վրա, որ թաքցնում էր մեր ինքնությունը։ Նրա գերեզման չեմ այցելում, չեմ կարողանում գնալ»։
Նման բողոքներ է հնչեցրել նաև Քարաքաշը։ «Քրդերը սոցիալիստ են ձեւանում ու մեզ ճնշում են, մուսուլման դառնալու պատճառով հայերը մեզ տեր չեն կանգնում, բա ի՞նչ անենք»- ասաց նա։
Աբդուլգաֆֆուր Թյուրքայը դժգոհեց, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում դեռևս քահանա չի նշանակվել։
Տարիներ անց է մկրտվել
Աբդուլգաֆուր Թյուրքայը մկրտվելով ստացել է Օհաննես անունը։ Նույնականացման քարտի «կրոն» բաժնում այժմ գրված է քրիստոնյա։ Թյուրքայը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի անդամ է։ Նա ասաց, որ մահմեդական հայերը միմյանց շատ լավ են ճանաչում, և որ արևելյան և հարավ-արևելյան Անատոլիայում հազարավոր մահմեդական հայեր կան։ Պատմեց, որ ամուսնություններ են տեղի ունեցել միմյանց միջև։ Թուրքայը նաև ասաց, որ իրենք հանրության հսկողության տակ են գտնվում։
«Թեև թաքցնում ենք մեր իրական ինքնությունը, նրանք մեզ թույլ չեն տալիս մոռանալ, թե ով ենք մենք: Մենք թրի մնացորդացն ենք։ 100 տարի է՝ այնպիսի ուծացում ենք ապրում, որ իմ լեզուն, կրոնը, մշակույթը չգիտեմ։ Ամեն ինչ հենց սկզբից եմ սկսում»։
Թուրքայը դժգոհել է, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում դեռ քահանա չի նշանակվել, սակայն «պատրիարքարանը նույնպես մեղավոր չէ, որովհետև անգամ Ստամբուլի եկեղեցիներում պատարագ մատուցող քահանաներ չկան։ «Քանզի Թուրքիայում չկա որեւէ հաստատություն, որտեղ մենք կարող ենք հոգեւոր մարդկանց պատրաստել»,- ասաց նա։
Երիտասարդ սերունդը զգուշավոր է
Ավելի երիտասարդ մահմեդական հայերը ցանկացան, որ իրենց ինքնությունը գաղտնի մնա՝ կրկին անվտանգության և ապագայի մտահոգությունների համար։ Դիարբեքիրից 22-ամյա Ֆ․ Ա․-ն ասաց, որ օրական հինգ անգամ նամազ է անում, սակայն կիրակի օրերին նաև եկեղեցի է գնում։ «Մզկիթում հետևումս չեն աղոթում,-ասաց նա,- քանի որ ինչքան էլ թաքցնենք, նրանք գիտեն, թե ով ենք»: «Մորուք եմ թողել, Ղուրանը ձեռքիս եմ շրջում։ Ուզում եմ, որ ինձ ընկալեն որպես իրենցից մեկը: Այլապես չեմ կարողանա ամուսնանալ, ընտանիք կազմել։ Կյանքս զնդան են դարձրել»,- հավելեց նա։
Իսկ Շըրնաքից եկած Հալիդեն 19 տարեկան է։ Գլխաշոր է կրում և ասում «Փա՜ռք ալլահին, մահմեդական ենք»։ Հալիդեն իր հայկական ինքնության մասին նշում է. «Տեղյակ եմ՝ ով եմ, ինչ եմ։ Սակայն ստիպված եմ միառժամանակ մոռանալ այդ փաստը։ Հակառակ դեպքում այս միջավայրը մեզ թույլ չի տա ապրել, մեզ ապաստան չեն տա»,- ասաց նա։
https://www.aljazeera.com.tr/al-jazeera-ozel/otekinin-otekisi-musluman-ermeniler
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net