Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության և հայ-բրազիլական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը: Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմն իր հռետորաբանությամբ ու շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման անհրաժեշտությունը: