կարևոր
3643 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-28 13:40
Հասարակություն

Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր»

Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար կյանքը տված նահատակների հիշատակին:

«Այսօր Հայոց բանակի նվիրական օրվա կապակցությամբ մենք մեր ուղերձն ենք հղել մեր ժողովրդին, Հայոց բանակի մեր սպասավորներին, զորավարներին, զինվորներին և մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղել: Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր միաբանության հետ մենք աղոթք բարձրացրինք առ Աստված՝ հայցով, որ Տերը խաղաղ, ապահով, անվտանգ պահի մեր երկիրը և մեր ժողովրդին և զորացնի Հայոց բանակը, որպեսզի կարողանանք խաղաղության մեջ ապահով կյանք պարգևել մեր զավակներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ կատարեցինք Արցախի մեր զավակների համար, որ Տերը նրանց ոգին ամուր պահի, հավատքը՝ զորեղ, կամքը՝ զորեղ, որ կարողանան բոլոր դժվարություններն ու փորձությունները հաղթահարել և միասնաբար մեր ազգի աշխարհասփյուռ զավակների հետ իրականության առաջնորդել իրենց ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Տերը թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, մեր զավակներին:

Այս պահին մենք եկել ենք «Եռաբլուր» մեր խոնարհումը բերելու մեր նահատակված զինվորների հիշատակի առջև և նրանց հոգիների հանգստության համար՝ նրանց ծնողաց ու հարազատների հոգիների մխիթարության համար մեր աղոթքն առ Աստված բարձրացնելով: Թող Տերը նման ողբերգություններից, նման կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: