կարևոր
4759 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-30 18:18
Քաղաքական

Անցնող տարին բարդ ու ծանր էր, բայց մենք գնալու ենք առաջ. Ռուբեն Վարդանյան

Անցնող տարին բարդ ու ծանր էր, բայց մենք գնալու ենք առաջ. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր տարեվերջյան  ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ամփոփելով  անցնող տարին՝ պետնախարարն այն համարել է բարդ ու ծանր: «Մենք  բախվեցինք նոր իրականության՝ շրջափակման հետ: Մյուս կողմից՝ այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու, և երկու հանրահավաքները ցույց տվեցին կողք կողքի կանգնելու մարդկանց պատրաստակամությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել արցախցիներին, որոնք այս իրավիճակում չեն կորցնում իրենց ոգին, չեն փոխում իրենց պատկերացումներն Արցախի անկախության ու ապագայի վերաբերյալ և շարունակում են արժանապատիվ կանգնած մնալ իրենց հողի վրա»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին՝ բարդ պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Դիմելով առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և ենթակառուցվածների նորանշանակ նախարարներին՝  նա ասել է, որ այս իրավիճակում շնորհավորելն այնքան էլ տեղին չէ, փոխարենը, թերևս ավելի ճիշտ է  շնորհակալություն հայտնել պատասխանատվություն ստանձնելու համար: Պետնախարարն ընդգծել է, որ չնայած շրջափակմանը՝  նախաձեռնված բարեփոխումները շարունակվելու են. «Իհարկե, այլ կերպ էինք նախատեսում իրականացնել այս ամենը, սակայն նոր իրողությունները նոր մոտեցում են պահանջում: Պետք է որոշումներ կայացնենք ու քայլ առ քայլ առաջ գնանք»:

Անդրադառնալով ֆինանսատնտեսական իրավիճակին՝  նա նշել է, որ 2022 թվականն ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով: Բացի այդ, շրջափակման հետևանքով  գնալով ծանր վիճակում է հայտնվում  տնտեսությունը: Պետնախարարը նկատել է, որ այսպիսի իրողություններում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար մեծ ջանքեր և առավելագույնս կազմակերպված աշխատանք է պահանջվելու: «Չնայած այս դժվարություններին, մենք գնալու ենք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,-ընդգծել է նա: