Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են։ Գրիգորյանի պնդմամբ՝ վերջին շրջանում վառ արտահայտվող հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական պատճառը հենց սա է։
Իշխանությունն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը, գրում է «Ազատությունը»։
«Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», - հայտարարել է Գրիգորյանը:
Այն հարցին, թե «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է. «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»:
Այն դիտարկմանը, թե «այս ճնշումն էլ, որ Լաչինում որ կա, այս իրադարձությունները»՝ Գրիգորյանն արձագանքել է․ «Բնականաբար, դրա մասին է այդ ամբողջ ճնշումները»:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև առաջին անգամ հաստատել է իշխանական որոշ պատգամավորների շուրթերով հնչող այն պնդումը, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը։ Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանը դիմադրում է ռազմավարական դաշնակցի այդ ցանկությանը և պատասխան է ստանում ռազմական ճնշումների ձևով։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է՝ Սահմանադրությամբ Հայաստանը ինքնիշխան պետություն է և մնալու է այդպիսին, իսկ սուվերությունը պաշտպանելը այս իշխանության առաքելությունն է։
«Միութենական պետության հետ կապված՝ բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը, երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով», - հայտարարել է Գրիգորյանը: