կարևոր
3655 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 15:13
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ  ճանապարհը շարունակում է փակ մնալ և արդեն իններորդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Պետնախարարն ընդգծել է  նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը:

Առաջնային համարելով բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման հարցերը՝ պատնախարարը կարևորել է ի հայտ եկող նոր խնդիրների արագ արձագանքումը, դրանց լուծումների օպերատիվ քննարկումը:

Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես տեղեկություններ են ներկայացվել պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին: Նշվել է, որ մշտապես դիտարկումներ են իրականացվում, խնդիրներն արձանագրվում են և փորձ է արվում  դրանց արագ ու արդյունավետ լուծումներ գտնել:

Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա պաշարներից նաև որոշ  տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին:

Կարևորելով խնայողությունների իրականացումը՝ պետնախարարը հանձնարարել է պետական մարմիններին նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով  շահագործվող ավտոմեքենաներին:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների ոլորտներում ընթացիկ իրավիճակն ու խնայողություններին ուղղված միջոցառումների իրականացումը: