Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ.
Դուք քաջատեղյակ եք, թե ինչ ծանր իրավիճակում ենք գտնվում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Ավելի քան 120.000 արցախցիների կյանքը, որոնցից 30.000-ը երեխաներ են, կրկին վտանգի տակ է։ Արցախը հումանիտար աղետի շեմին է։ Բայց Արցախին կոտրել հնարավոր չէ։
Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը արցախահայության էթնիկ զտումն է կամ ամբողջական ոչնչացումը։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կազմում Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ չկան։ Կա միայն Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիք և պատրվակ՝ շարունակելու 2020 թվականի պատերազմը։
Փաստորեն, երեկվանից Արցախը լիակատար շրջափակման մեջ է, ինչպես 1941 թվականի ձմռանը Լենինգրադը։ Այս կրիտիկական իրավիճակում չափազանց կարևոր է չկորցնել զգոնությունը, լինել կարգապահ և կազմակերպված։ Ոչ մի խուճապ: Մի՛ հավատացեք կեղծիքներին և ապատեղեկատվությանը, որոնք թշնամին տարածում է Արցախի ժողովրդի ամուր կամքը կոտրելու համար։Մի՛ տրվեք ասեկոսեներին և խուճապային տրամադրություններին, մի՛ արեք չմտածված գործողություններ։
Վստահեցնում եմ, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար։ Արցախի իշխանություններն ու պատասխանատու կառույցները մշտական կապի մեջ են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։
Կառավարությունում իմ ղեկավարությամբ գործում է շուրջօրյա օպերատիվ շտաբ։ Մենք վառելիքի և սննդի բավարար պաշար ունենք։ Ներկայումս դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա։
Մենք անում ենք հնարավորը՝ բացառելու հումանիտար ճգնաժամը և ձեզ կտրամադրենք ճշմարիտ, արդի տեղեկատվություն զարգացումների և ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ: Իրավիճակի զարգացման մասին Արցախի օպերատիվ շտաբը պարբերաբար կտեղեկացնի։
Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին՝ հումանիտար աղետը կանխելու համար ձեր միանշանակ աջակցության կարիքն ունենք։ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են, այլեւ ուղղակի ահաբեկչություն։ Համաշխարհային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի կողմից իր բոլոր միջազգային պարտավորությունների խախտումը։
Լաչինի միջանցքում սադրանքի նպատակներից մեկն էլ ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է։ Ադրբեջանն անում է ամեն ինչ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու համար, որը կոչված է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը.
Անհրաժեշտ եմ համարում ավելացնել խաղաղապահների կոնտինգենտը և ընդլայնել նրանց մանդատը։ Բայց, իհարկե, առաջին հերթին մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա, Ադրբեջանը ձգտում է մեզ ճնշել, թուլացնել և զրկել հույսից։ Թող իմանան, որ մեզ չի կարելի կոտրել։ Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, և մենք այստեղից չենք հեռանալու»։