կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 17:09
Հասարակություն

Ոչ միայն մեր գյուղացին, այլև ամբողջ Երեւանն է Ադրբեջանի թիրախում․ Վերին Շորժայի վարչական ղեկավար

Ոչ միայն մեր գյուղացին, այլև ամբողջ Երեւանն է Ադրբեջանի թիրախում․ Վերին Շորժայի վարչական ղեկավար

Առողջ մտածողները գիտեն, որ վտանգը միայն Վերին Շորժային չի առնչվում, վտանգն ամբողջ Հայաստանի մակարդակով է։ Ադրբեջանցիները բարձր սարն անցել են, այնտեղից մեր Սեւանա լիճը նրանց ոտքերի տակ է, ցանկացած րոպե կարող են կրակել ու սադրանք հրահրել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը

Ժողովրդի աչքերին թոզ փչելու, ձայներ կորզելու համար մինչեւ ընտրությունները իշխանամետ շրջանակները պնդում էին, թե գերիների վերադարձը, ադրբեջանցիների՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հայտնվելը, Հայաստանի տարածքները զավթելը ընդդիմության ձեռքի գործն է, եւ որ թշնամին հետ կքաշվի, երբ Փաշինյանը վերընտրվի։ Ընտրություններից 17 օր է անցել, ե՛ւ Գեղարքունիքի, ե՛ւ Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանական զորքը ոչ միայն չի հեռանում Հայաստանից, այլեւ ոտքը ամրապնդել՝ շինարարական աշխատանքներ է կատարում։ Ասվածը փաստում է նաեւ Վերին Շորժայի վարչական ղեկավարը։

«Ադրբեջանցիները եկել էին ընտրությա՞ն, որ ասում էին՝ ընտրություններից հետո կլքեն Գեղարքունիքի մարզի դիրքերը, հա՞։ Չեմ կարծում, որ նրանք հետ կգնան, եթե եկել ու այդքան աշխատանքներ են կատարում»,- ասաց Երանոսյանը՝ ընդգծելով՝ Գեղարքունիքի մարզի բնակիչների ինքնագիտակցությունը շատ ցածր է։ «Թշնամին եկել, զավթել է մեր հողը, նորմալ մարդը բա չի՞ մտածում, որ թշնամին է իրենց դեմը, այն թշնամին, որն ընդունակ է ամեն ինչի»,- նշեց մեր զրուցակիցը: 

Երանոսյանը քաղաքական հարցերին հրաժարվեց պատասխանել, օրինակ՝ թե ի՞նչ սպասելիքներ ունի նորընտիր կառավարությունից։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, սիրտս խառնում է լսելուց։ Գլուխս կախ՝ իմ աշխատանքն եմ կատարում, պատրաստվում ենք ցորենացանի։ Հիմա թե ով ինչ է ասում, ինչ է մտածում , Աստված իրենց հետ։ Իմ գործն ավելի հզոր է, քան մնացածի, ես իմ աշխատանքով թուրքին ցույց եմ տալիս՝ հայը չի վախենում ձեզանից։ Իրենք բարձր սարի վրա են նստած, մենք հարթավայրային հատվածում ցանքս ենք կատարում, մեզանից հեռու են մոտ 500 մետր եւ ցանկացած ժամանակ կարող են կրակել, սադրանք հրահրել»,- նշեց Վերին Շորժայի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել։ Արդյունքում՝ հայկական կողմն ունի մեկ, ադրբեջանցիները՝ երկու վիրավոր զինծառայող։ Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ԶՈւ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Լիանա Սարգսյան