կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-19 10:28
Իրավական

Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում

Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում

Քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարությունը նորանոր հարցեր է առաջացնում։

Եթե պարզվի, որ Գեւորգ Կուտոյանի մահն ինքնասպանություն չէ, ուրեմն մենք գործ ունենք առավել մեծ սպառնալիքի հետխ - նման հայտարարությամբ  է հանդես եկել փաստաբան Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ ՔԿ-ի տարածած հայտարարությունը նորանոր հարցեր է առաջացնում։

«Գ. Կուտոյանի ողբերգական մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:

Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:

Ստացվում է, որ որ Գ. Կուտոյանի կինն առնվազն տեղյակ է եղել, որ Ամանորից առաջ Գ. Կուտոյանը կրակոցներ է արձակել։

Ուստի հարց է առաջանում. Բացի կնոջից, ովքե՞ր են էլ տեղյակ եղել այդ կրակոցների մասին, ի՞նչ հոգեվիճակում է եղել այդ ժամանակ Գ. Կուտոյանը, ո՞րն է եղել այդ կրակոցներն արձակելու նպատակը, ինչո՞ւ չեն հայտնել այդ կրակոցների մասին, կամ եթե հայտնել են՝ ու՞մ են հայտնել, այդ կրակոցները կարո՞ղ էին լսած լինել հարևանները, թե՞ ոչ:

Այդուհանդերձ, եթե Կուտոյանն ինքն է կրակել, ապա ինչո՞ւ ինքը չէր հավաքել կրակված պարկուճները, որ խնդրել էր կնոջն այդ անելու։

Կամ ե՞րբ է խնդրել կնոջը: Կինն այդ պահին որտե՞ղ է եղել, ի՞նչ արձագանք է տվել այդ խնդրանքին, ու՞մ է հայտնել կինն այդ խնդրանքի կամ փաստի մասին։

Տարակուսելի է, որ այդ դեպքից շուրջ 20 օր անց Գ. Կուտոյանը կրկին անգամ ցանկացել է գնալ նշված բնակարան, և այդ հանգամանքը կնոջ մոտ հարցեր չի առաջացրել, կամ չի անհանգստացրել և տարօրինակ չի թվացել:

Առավել տարօրինակ է այն հանգամանքը, որ Գ. Կուտոյանը, ըստ հաղորդագրության, փորձել է գնալ այդ բնակարան՝ երկու-երեք օր հանգստանալու, այն դեպքում, երբ տոնական օրերն առավել լավ առիթ էին ընտանիքի հետ հանգստանալու համար, և որ ամենակարևորն է՝ նա նոր էր վերադարձել Հայաստան և հակառակը՝ պետք է ձգտեր առավելագույնս ընտանիքի հետ լինել։

Այնուամենայնիվ, քննության ընթացքում պետք է պարզվի, թե տան պատերին առկա կրակոցների հետքերն ի՞նչ վաղեմություն ունեն, նույն ատրճանակից են կրակվել, թե՞ ոչ, ի՞նչ նպատակով էր Գ. Կուտոյանը վերադարձել Հայաստան, նրան կանչե՞լ էին, թե՞ իր կամքով էր վերադարձել և որքա՞ն ժամանակով:

Անհրաժեշտ է նաև պարզել, թե վերադառնալուց հետո նա ո՞ւմ հետ է շփվել և ի՞նչ նպատակով:

Բացի այդ, քննությամբ պետք է պարզվի, թե ողբերգական դեպքից առաջ նա ի՞նչ հոգեվիճակում է եղել, արդյո՞ք նա ընկճված է եղել, դեպրեսիայի մեջ, եթե այո, ապա ովքե՞ր են նրան հասցրել այդ վիճակին։

Իսկ եթե պարզվի, որ ինքնասպանություն չէ, ուրեմն մենք գործ ունենք առավել մեծ սպառնալիքի հետ…»,- նշել է փաստաբանը ֆեյսբուքում։