Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Տեղեկություն տարածվեց, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Թե ինչ նախագծի մասին է խոսքը` Yerkir.am-ը փորձեց պարզել՝ կապ հաստատելով Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի դեկան Ցոլակ Ակոպյանի հետ։
Նա նշեց, որ քննարկումներ կար, որ բուհերը պետք է միավորվեին և իրենք գիտեին դրա մասին։
«Իմ կարծիքով օպտիմալացման կարիք կա, ոչ մեծ համալսարանների, քանի որ դիմորդների քանակով 3-րդն ենք եղել, այս տարի դիմորդների 60 տոկոս աճ ենք ունեցել»,- նշեց դեկանը։
Անդրադառնալով նախագծին նա ասաց, որ երեկ հոգաբարձուների խորհրդի նիստ է եղել և օրակարգի հարցերից մեկում նշված էր ռեկտորի մրցույթի հայտարարման հարցը, քանի որ դեկտեմբերին լրանում է ռեկտորի ժամկետը․ «Ի զարմանս մեզ՝ կառավարության խորհրդի անդամները առաջարկեցին հարցը օրակարգից հանել՝ բերելով պատճառաբանություն, որ հիմա քննարկվում է ինչ-որ նախագիծ, որը շատ կարճ ժամանակում ընդունվելու է, որպեսզի էլ անիմաստ մրցույթ չհայտարարվի։ Մեր խորհդի անդամները չհամաձայնվեցին, քվեարկության արդյունքում հաստատվեց, որ մրցույթ հայտարարվելու է։ Դրանից հետո մենք մեր կապերի միջոցով փորձեցինք հասկանալ՝ ինչ նախագծի մասին է խոսքը, պարզեցինք, որ այո, թաքուն նախագիծ է շրջանառվում, որ 3 բուհեր՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնելու նախագիծ է քննարկվում»,- ասաց նա։
Դեկանը նշեց, որ իրենք առավոտյան քննարկեցին իրենց անելիքները․ «Դասախոսները վրդովված էին, հիմա խորհրդի նիստ ենք պատրաստվում անցկացնել և մեր ուսանողներն էլ իմանալով դա՝ իրենց մասով դասադուլ են իրականցրել, դուրս են եկել բակ, մենք ևս միացանք նրանց, հորդորեցինք ներկա պահին վերադառնալ դասի, քանի որ հույս ունենք, որ կհանդիպենք կառավարության ներկայացուցիչների հետ, նրանք կպատասխանեն մեր հարցերին, և հարցը քաղաքակիրթ լուծում կստանա։ Էս պահին լավատես ենք, կարծում ենք, որ դասադուլի տարբերակը միշտ էլ կա, իսկ էս պահին որոշեցինք ամեն դեպքում քննարկենք, հասկանանք, թե ոնց ենք կանխում դա»։
Հարցին, եթե ամեն դեպքում չկարողնան կանխել նախագծի ընդունումը ինչ են անելու, դեկանը պատասխանեց․ «Հաշվի առնելով մեր դասախոսական կազմի, ուսանողների պահանջները, կարծում եմ, որ բոլորը պատրաստ են պաշտպանել իրենց 90-ամյա բուհը, որպեսզի թույլ չտան, որ փակվի։ Իրենք լեզվախաղ են անում, հիմա էլ կասեն չենք փակում՝ միավորում ենք, բայց մենք ցանկացած նման որոշման դեմ պատրաստ ենք կանգնել և պաշտպանել մեր բուհը։ Իմ խորհին համոզմամբ սա կրթական համակարգին մեծ վնաս է հասցնելու, իրականում, բարձագույն կրթական համակարգը բարդակի են վերածելու, դա ես չեմ ուզում մտածել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նախագիծը որոշվել է կյանքի կոչել շատ կարճ ժամկետում, նույնիսկ 10-օրյա ժամկետ է նշվել։
Դեկանը չի հասկանում բուհերը միավորելու տրամաբանությունը․ «Բրյուսովի համալսարանում ընդամենը 15 տոկոսն է ստանում մանկավարժի որակավորում, 85 տոկոսն այլ մասնագիտություններ են ստանում, այս պարագայում տրամաբանությունը ո՞րն է մանկավարժական համալսարանին միավորելու»։
Լ. Ա.