Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են: Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագություն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում: Ակնհայտ է. Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև:
Խմբակցությունը վերահաստատեց նախկինում տրված իր գնահատականը առ այն, որ նման պայմաններում Հայաստանի ներկա քաղաքական իշխանությունները անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ: Մասնավորապես.
Խմբակցությունն անդրադառնալով Աժ՝ ս.թ. հոկտեմբերի 4-ի հերթական նիստերի օրակարգին, արձանագրում է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շարունակում է Հայաստանի իրական օրակարգին անհաղորդ լինել: Ապօրինի կերպով մերժելով խորհրդարանական ընդդիմության առաջադրած նախաձեռնությունները, քաղաքական մեծամասնությունը և Աժ ղեկավարությունը իրենց մեծամտությամբ և ոչ ադեկվատ վարքածով ապալեգիտիմացնում են առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Դեմ լինելով հերթական նիստերի օրակարգային այն հարցերին, որոնք խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը, խմբակցությունը հարկ է համարում անդրադառնալ օրկարագում ներառված երեք հարցի: Մասնավորապես, ԱԺ օրակարգում ներառված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը 6-ամսով երկարացնելու հարցը: Ինչպես նշել ենք, այս հարցով ԱԺ գործող պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ունակ չէ իրականացնելու արդյունավետ աշխատանք, քանի որ նրանում մեծամասնությունը կազմում են այն նույն իշխանության ներկայացուցիչները, որոնց բացթողումների ու առերևույթ հանցագործությունների արձանագրմամբ պետք է զբաղվի այս քննիչ հանձնաժողովը: Հետևաբար այն անկախ չէ և չի կարող արձագրել դրական արդյուքներ, ինչի վկայությունն է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի գործունեությունը: Ավելին՝ փորձ է արվում և արվելու խեղաթյուրել պարտության իրական պատճառները: Մինչդեռ, «Հայաստան» խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ առաջադրել էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրող, իրականում անկախ ինքնավար մարմնի ստեղծման օրինագիծ, որի քննարկումն ու ընդունումը սակայն մերժվեց իշխանության կողմից: «Հայաստան» խմբակցության առաջարկությունը ընդունվելու դեպքում ուսումնասիրության առարկա կլինեին նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի բացերն ու թերությունները, որոնց վերացումը հիմք կտար կանխարգելելու Ադրբեջանական նոր և շարունական ագրեսիան և պատերազմական գործողությունները: «Հայաստան» խմբակցությունը դեմ լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որպես քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացմանը, շարունակելու է հետամուտ լինել իր նախաձեռնության կյանքի կոչմանը:
Աժ օրակարգի մեկ այլ հարցով կառավարությունն առաջարկում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Խիստ կարևորելով այս թեման, որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման կարևոր հենասյուն, խմբակցությունը որոշեց այս հարցով կազմակերպել հանրային, մասնագիտական լայն քննարկում՝ առկա մարտահրավերների հատկորոշման և առաջարկվող լուծումների համարժեքության գնահատման առումով:
Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերին, խմբակցությունը կրկին փաստում է, որ քննարկվող հարցերը վերաբերելի չեն ոլորտում առկա հրատապ խնդիրներին, այդ թվում՝ խորացող աղքատությանը:
«Հայաստան» խմբակցություն 04.10.22թ.