կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-22 13:29
Աշխարհ

ԱՄՆ-ը կտրականապես դեմ է նոր սառը պատերազմի սանձազերծմանը. Բայդեն

ԱՄՆ-ը կտրականապես դեմ է նոր սառը պատերազմի սանձազերծմանը. Բայդեն

Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է նոր սառը պատերազմի սանձազերծմանը: Միևնույն ժամանակ, մենք դեմ ենք միջուկային սպառնալիքի ցանկացած ձևի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  76-րդ նստաշրջանի ընդհանուր նիստում:

Նրա խոսքով` ռազմական ուժը պետք է լինի միայն վերջին միջոցը: «Մենք չպետք է ուժ գործադրենք` որպես պատասխան մեր տեսած բոլոր խնդիրների»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նա ուշադրություն է հրավիրել  ժամանակների մարտահրավերներին՝ նշելով, որ կլիմայի ճգնաժամի հաղթահարումը, կորոնավիրուսային համաճարակը և այս տասնամյակի մյուս մարտահրավերները կորոշեն մարդկության ապագան:

Բացի դրանից` Բայդենը խոստացել է իր խոսքի տերը լինել Իրանի հարցում: «Միացյալ Նահանգները կպահպանի իր խոսքը և թույլ չի տա, որ Իրանը դառնա միջուկային տերություն: Միացյալ Նահանգները կշարունակի նաև միջուկային գործարքին վերադառնալու դիվանագիտական ջանքերը»,- ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Բայդենը հայտարարել է, որ աջակցում է անկախ հրեական պետությանը: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցը «երկու պետություն» սկզբունքն է, որոնցից մեկը կլինի ինքնիշխան Պաղեստինը: