կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 22:40
Քաղաքական

«Սա առեւանգում է». խուզարկություն` Ավետիք Չալաբյանի բնակարանում. ոստիկանները բերման ենթարկեցին նրան

Ոստիկանությունը քիչ  առաջ խուզարկություն է արել «Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա նրան բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

«Խուզարկությունը իրականացվել է օրինական թույլտվությամբ, խուզարկության հետեւանքով ոչ մի բան չի հայտնաբերվել եւ չէր էլ կարող հայտնաբերվել։ Սակայն, ոստիկանության աշխատակիցները պահանջում են, որ ես գնամ ոստիկանական բաժանմունք, բայց դրա համար հիմքեր չեն ներկայացնում։ Ես այդպես կոչված՝ քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեմ։ Ամեն դեպքում ես պատրաստ եմ փաստաբանիս հետ գնալ ոստիկանական բաժանմունք եւ օժանդակել գործի քննությանը, որը ցույց կտա, որ հարուցված քրգործը ինձ հետ կապ չունի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը, որից անմիջապես հետո ոստիկանները բռնեցին նրա թեւերից եւ նստեցրին ոստիկանական մեքենա։

Ավետիք Չալաբյանը սա որակեց որպես առեւանգում։

Հիշեցնենք, որ այսօր դիմակավոր ոստիկանները խուզարկել էին նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տունը, որտեղ ոչինչ չէին գտել։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ գործընթացն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։