Դիմում եմ ձեզ` ոստիկան առ ոստիկան, չին առ չին, բերետ առ բերետ, գլխարկ առ գլխարկ։
Լրացավ 4 տարին, ինչ այս անհասկանալի երևույթը հայտնվել է վարչապետի աթոռին ու ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ: Այդ 4 տարում նա մեր երկրի ու ժողովրդի գլխին այնքան փորձանք է բերել, որ մենք չէինք տեսել ոչ խորհրդային իշխանության 70 և ոչ էլ մեր նոր անկախության 34 տարիների ընթացքում: Ազգի պառակտում, 44-օրյա խայտառակ պատերազմ, կապիտուլյացիա, տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, հարյուր հազարավոր տնավեր մարդիկ, հայկական ավանդական ընտանիքի բարոյական արժեքների վերացում, տնտեսական անդառնալի վնասներ... Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց դա որևէ ազդեցություն չի թողնում ի դժբախտություն մեզ վարչապետի աթոռին հայտնված արարածի վրա: Նա շարունակում է իր քանդիչ ու պառակտիչ ընթացքը: Հարցականի տակ է դրված արդեն մեր վերջին հողակտորի` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Փառք Աստծո, մեր ժողովուրդն այսօր ոտքի է ելել` իր հայրենիքը, իր տունը, իր ընտանիքը պաշտպանելու: Սա էլ մի բարեբախտություն է: Ուրիշ ժողովուրդ լինեինք` գուցե և տրվեինք կործանարար ալիքներին ու մտածեինք` հերն էլ անիծած, ուրիշ տեղ կապրենք: Բայց արժանապատիվ հայությունն այսօր ոտքի է կանգնել` պաշտպանելու իր հող հայրենին, վռնդելու իր գլխին պատուհաս դարձած այս իշխանություններին: Ոտքի է ելել նաև վարչապետի աթոռից կառչած դժբախտ արարածը, որ արդեն վաստակել է հայրենակործան տիրանի համարում: Նա ժողովրդի դեմ է հանել բոլոր ուժային կառույցները, այդ թվում և մեր ժողովրդի ոստիկանությանը: Բայց մենք ուրիշ ելք չունենք` տիրանը պետք է հեռանա, նրա հետքը պետք է մաքրվի Հայաստանի վարչապետի աթոռից:
Այս 4 տարում դուք ժողովրդի կողմից որևէ վիրավորանքի կամ բռնի գործողության չեք ենթարկվել: Պատճառն այն չէ, որ ժողովուրդը վախենում է ձեզնից, այլ այն, որ ձեզ համարում է իրենը ու դեռ հավատում է, որ դուք օրենքի ու արդարության պահապանն եք իր երկրում:
Որպես ձեր ծնող` խնդրում, հորդորում եմ բոլորիդ, ինչպես վերևում ասացի` ոստիկան առ ոստիկան, չին առ չին, բերետ առ բերետ, գլխարկ առ գլխարկ... Մի՛ շահագործեք ժողովրդի այդ պարզ և ինչ-որ տեղ հուզական վերաբերմունքը ձեր նկատմամբ: Վստահեցնում եմ` դա էլ սահման ունի: Ապացուցեք, որ դուք ծառայում եք օրենքին, պետությանը, ժողովրդին և ոչ թե վարչապետի աթոռից կառչած տնաքանդ երևույթին:
Ի՞նչ են անում ցուցարարները. վայրագություննե՞ր, հուշարձաննե՞ր են պղծում, ավտոմեքենանե՞ր են այրում, փողոցային անկարգություննե՞ր են հրահրում, ոստիկանության գույք ու միջոցնե՞ր են առևանգում, օտարերկրյա դեսպանատների մոտ ոստիկանության հետ պատերազմնե՞ր են բեմադրում... Ոչ, ժողովուրդն իրականացնում է խաղաղ ակցիաներ, ընդդիմությունն այդ ակցիաները կազմակերպում և պայքարն իր տրամաբանության մեջ է պահում ձեզնից ոչ պակաս: Եվ ուրեմն կարիք չկա, որ դուք ժողովրդի հանդեպ անհարկի վայրենության դրսևորումներով այս նորմալ ընթացքը ներկայացնեք ծուռ հայելու մեջ և օտարներին համոզեք, թե ահա, ժողովուրդն անկարգություններ է անում, իսկ մենք նրան կարգի ենք հրավիրում:
Մի՛ արեք: Դա վատ է: Դա աշխատելու է միայն ձեր դեմ: Աշխարհի ոչ մի դատարան չի ապացուցելու, որ ձեզ հրամաններ է տվել վարչապետի աթոռին սոսնձված երևույթը: Այդ երևույթին ամեն գնով կարդարացնեն, իսկ կրակի մեջ կմնաք դուք: Գիտեք չէ՞, որ ոչ մի իշխանություն հավերժական չէ: Արդ ուրեմն նաև իմացեք, որ առավել ևս հավերժական չէ այս խայտառակ իշխանությունը: Այն կանգնելու է Հայաստանի դատարանի առջև, և Հայաստանի դատարանն է այն միակ ատյանը, որտեղ արդարացվելու շանս ունեք դուք:
Սա էի ուզում ասել: Վաղը, չէ, արդեն այսօր, անհնազանդության ակցիաները շարունակվելու են: Այս պայքարը հասնելու է իր տրամաբանական ավարտին: Վարչապետի աթոռին թառած երևույթը պետք է չքվի: Մեր ժողովրդին մաղթում եմ հաղթանակ, իսկ ձեզ, հարգելի ոստիկաններ, բարի ծառայություն հայրենիքին:
Էդիկ Անդրեասյան