կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-20 22:35
Հասարակություն

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:

Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:

Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:

Զրուցակիցները մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: