«Թշնամական քարոզչության և այսօրվա հանրահավաքի մասին
- Վերջին օրերը նշանավորվեցին պետական հոգածության ներքո գտնվող իշխանական քարոզչամեքենայի՝ իմ դեմ ուղղված աղբագրերով և հերյուրանքներով։ Անշուշտ, բարոյականություն, պատասխանատվության զգացում և հայրենասիրություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ գրվածը սուտ է։ Եվ այս գրառմանս նպատակն էլ այն չէ, որ ապացուցեմ իմ ճշմարտացիությունը։ Ի վերջո ինչպես թուրքերի բոլոր ասածներն են քաղաքական հայերիս հանդեպ սուտ, այնպես էլ թուրքերի հայաստանյան դրածոների ասածները։
- Գրառմանս նպատակն ավելի մեծ համաշարը պարզաբանելն է։ Բանն այն է, որ կապիտուլյացիոն վարչակարգը խնդիր է դրել ամեն կերպ ձախողելու այսօրվա հանրահավաքը։ Ի տարբերություն մեզ, որ հաճախ ենք մեր շարքերում պայքարի հանդեպ թերահավատություն տեսնում, իրենք՝ զինված իրենց օտարերկրյա տերերի խորհուրդներով, գիտեն, որ քաղաքական կյանքի ամեն մի դրվագը, ամեն մի էպիզոդը, ամեն մի հանրահավաքը յուրատեսական «մարտական դիրք» է, որ չպիտի զիջես։ Այս է պատճառը, որ բացի հանրության շրջանում հանրահավաքը վարկաբեկելուց՝ իրենց իսկ շարքերում նույնպես ստեր են տարածում, որ հանրահավաքն Արցախի ու անվտանգության մասին չէ, այլ խորհրդարանական ընդդիմության ղեկավարների անձնական խնդիրների լուծման։
- Հենց այս համաշարում է պետք դիտարկել իմ դեմ ակտիվացած վայրահաչոցները։ Պարզ ասած՝ ես կոչ եմ անում միանալ հանրահավաքին, իրենք սարսափում են բազմամարդ հանրահավաքից, ուստի՝ թիրախավորում են ինձ։ Եվս մեկ դետալ․ պատերազմից հետո ինձ, գաղափարակից գործընկերներիս և Արցախի հայերին թիրախավորում են միայն թուրքերը և կապիտուլյանտականները։ Ինձ, գործընկերներիս և Արցախի հայերին միավորում է հայոց պայքարի գաղափարը, իսկ թուրքերին և կապիտուլյանտականներին միավորում է հայոց պայքարի հանդեպ ատելությունը։
- Ահա իրավիճակի պարզ խճանկարը։ Հենց այս խճանկարից ելնելով էլ՝ ես միանշանակ մասնակցելու եմ այսօրվա հանրահավաքին՝ լավ գիտակցելով, որ դա հակառակ է թշնամուս շահերին, և որ դա ևս մեկ (թեկուզ և ոչ վերջին) քայլ է թշնամուս հաղթելու ճանապարհին»։
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր