կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 23:48
Հասարակություն

Քարագլուխ բարձունքից թշնամին նաև կոմունիկացիաները լիարժեք վերահսկելու հնարավորություն է ստանում

Քարագլուխ բարձունքից թշնամին նաև կոմունիկացիաները լիարժեք վերահսկելու հնարավորություն է ստանում

Ադրբեջանցիներին եթե հաջողվեց ամրացած մնալ Քարագլուխ-Շիկաքարի բարձրավանդակում, ապա ոչ միայն գերիշխող դիրք կունենան Արցախի բազմաթիվ բնակավայրերի վրա, այլև՝ վերահսկողություն կհաստատեն ճանապարհներին։ 

«Բարձրավանդակը բավականին մեծ տարածք է ընդգրկում և գերիշխող դիրք ունի չորս կողմերի վրա։ Նստել այստեղ՝ նշանակում է Ասկերանի, ինչպես նաև Մարտակերտի գյուղերի մի մասը նշանառության տակ առնել։ Հատկապես եթե հաշվի ենք առնում ժամանակակից զինատեսակների հնարավորությունները, կասկածից վեր է, որ լայնածավալ պատերազմի դեպքում այդ բնակավայրերն անմիջապես կթիրախավորվեն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը։

Շիկաքար-Քարագլուխը թշնամին պատահաբար չի ընտրել։ Խաչենի հովտի վրա վերահսկողություն հաստատելուց բացի, ադրբեջանցիները փորձում են նաև Ակնան վերաազատագրելու մեր հնարավորությունները նվազեցնել։ Քարագլուխ բարձունքից տեսանելի է Ակնայից մինչև հարթավայր ընկած ամբողջ տարածքը։

Վահրամ Բալայանy նկատում է՝ Շիկաքար-Քարագլուխը, որը նման է թերակղզու, դեռևս միջնադարում Արցախի կարևորագույն բերդերից էր, որը դիմակայել է արաբների, մոնղոլների, սելջուկ-թուրքերի ճնշումներին։

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ևս ադրբեջանցիներն ամեն կերպ փորձել են գրավել բարձունքը,   բայց չի հաջողվել։ Մերոնք ոչ միայն անառիկ են պահել այն, այլև առաջխաղացում են ունեցել Ակնայի ուղղությամբ»,-ասում է Բալայանը։

Անվտանգային խնդիրները, որոնք կարող են բազմապատկվել թշնամու՝ այդ ուղղությամբ առաջխաղացման դեպքում, պատմաբանը նպատակահարմար չի գտնում մանրամասնել, բայց շեշտում է՝ շրջակա բնակավայրերում ապրելու ոչ մի հնարավորություն չի լինելու, եթե թշնամին վերջնականապես հաստատվի Քարագլուխ բարձունքում․

«Եթե ադրբեջանցիները փորձեն հաջողությունը զարգացնել և դա նրանց հաջողվի, ապա շրջակա բնակավայրերի բնակիչների ոչ միայն ֆիզիկական գոյությունը վտանգի տակ կլինի, այլև կենսական պայմաններ չեն լինի․ տեսադաշտում գտնվող ո՛չ արոտատեղիները, ո՛չ դաշտերը, ո՛չ այդ տարածքով հոսող գետերն ու աղբյուրները չեն կարող օգտագործվել»։

Որ թշնամին առաջխաղացման դեպքում նաև Մարտակերտ տանող ճանապարհը կարող է վերահսկողության տակ վերցնել ու Արցախը, փաստացի, երկու մասի բաժանել, Բալայանը չի ժխտում։