Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Վլադիմիր Իլյիչը այն ժամանակ հայրենիք չէր ճանաչում, դրա համար էլ գերմանական կայսերական կառավարությունը, նրա կարծիքով, կարող էր իրեն թշնամի չլինել: Այդ ժամանակ նա տարված էր համաշխարհային հեղափոխության երազանքներով, և նրան փող էր պետք: Շատ փող: Նրա հայացքները շատ հարմար էին գերմանական շտաբի համար, և նա խոշոր գումար ստացավ՝ 70 մլն մարկ, որի դիմաց պարտավորվեց քայքայել ռուսական բանակը և դրդել Ռուսաստանին սեպարատ խաղաղության: Եվ այսպես, խելագար, քաղաքական հանցագործ, մոլագար, ուտոպիստ, լրտես և դավաճան, որի մասին խուզարկու ոստիկանության տրամադրության տակ կային ճշգրիտ անհերքելի տվյալներ, որ գալիս է որոշակի նպատակով՝ ոչնչացնելու և խայտառակելու Ռուսաստանը գերմանական փողերի դիմաց: Այդ մասին գիտեն Կերենսկին, գերագույն հրամանատարությունը, գիտեն դաշնակիցները: Ինչ են նրանք անում՝ ինքդ տեսար:
– Խեղկատակ է,- ասաց Սաբլինը:
– Իհարկե խեղկատակ է: Բայց այդ խեղկատակը անսովոր համառությամբ իր գործն առաջ է տանում»:
От двуглавого орла к красному знамени. 1894-1921: роман в 4 томах / П. Н. Краснов. – Издание 2-е, пересмотренное и исправленное автором. -Берлин
Իր վեպում հայտնի սպիտակգվարդիական, մոլի հակաբոլշևիկ Պ. Կրասնովի` Վ. Լենինին տրված այս գնահատականները անշուշտ սուբյեկտիվ են: Սակայն վերը բերված հատվածում մեզ հետաքրքրողը պետության քայքայման նրա նկարագրած միջոցներն են: Միայն ավելացնենք, որ դրանց մշակման և կիրառման գործում ոչ պակաս, կարելի է ասել՝ ավելի մեծ, դեր է խաղացել Լև Տրոցկին: Այդ միջոցները կատարելագործվեցին, հարստացան քարոզչական, հոգեբանական նոր գործիքակազմով և արդեն 70 տարի անց օգտագործվեցին Ռուսաստանի խորհրդային կայսրությունը «ոչնչացնելու ու խայտառակելու» նպատակով: Պատմությունը կրկնվեց: Իհարկե, ծիծաղելի կլիներ Գորբաչովին կամ Ելցինին Լենինի կամ Տրոցկու հետ համեմատելը եթե վերջինները խոշոր անհատականություններ էին, և իրենք էին հեղինակները իրենց գործերի, ապա առաջինները քաղաքական գաճաճներ էին և խամաճիկներ: Դրա համար էլ ասում են, որ պատմությունը կրկնվեց, բայց արդեն որպես ֆարս:
Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքը տարբեր երկրներում լիբերալ հասարակարգեր հաստատելու նպատակով իրականացրեց հեղաշրջումներ՝ կիրառելով քաղաքական այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց հիմքում ընկած էին Լենինի և Տրոցկու գործադրած միջոցները: Այդ հեղաշրջումները ներկայացվում էին որպես զանգվածային ընդվզումներ հակաժողովրդավարական և կոռումպացված իշխանությունների դեմ, որպես հեղափոխություններ: Իսկ նրբազգաց արևմտյան հասարակությանը չվախեցնելու համար դրանց տրվում էին պոետիկ, այս կամ այն գույնին, երևույթին կամ առարկային համապատասխանող անվանումներ:
«Պատմությունը կրկնվում է երկու անգամ,- ասում էր Հեգելը,- առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս»: Ֆարսը կրկնության ձևի մեջ է, որը պարունակում է կոմիկական տարրեր, առաջինի կապկումն է: Բայց պատմությունը կապկելու հետևանքները նույնքան ողբերգական են լինում, այդ թվում՝ կապկողների համար:
Մեր օրերի հայաստանյան իրականությունը բնութագրելու համար տեղին կլիներ նաև ռուս գրող-երգիծաբան Ա. Կնիշևի կողմից Հեգելի աֆորիզմի ձևափոխված տարբերակը.«Պատմությունը կրկնվում է երիցս․ առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկու անգամ էլ՝ բթամիտների համար»:
Հայաստանի Հանրապետության պատմությունը 100 տարվա ընթացքում կատարեց մի շրջան և, հասնելով 2020 թ., կրկնեց 1920 թ. ողբերգությունը: Բայց մինչ այդ Հայաստանի անկախացման պատմությունը 1991 թ. կրկնվեց որպես ֆարս: Հասկանալու համար, թե ինչու որպես ֆարս, դիմենք համեմատության: Առաջին հանրապետությունը սկիզբ առավ Սարդարապատի գոյամարտում տարած հաղթանակով, ձևավորվեց ընդամենը 12 հազ. ք. կմ տարածքում՝ բնակեցված մի քանի հարյուր հազար հայերով, պետաիրավական, քաղաքական կառուցվածք գոյություն չուներ, տնտեսությունը խղճուկ վիճակում էր:
Սակայն երկուսուկես տարում ծանրագույն պայմաններում Առաջին հանրապետության կառավարությունը պետություն հիմնեց, ստեղծեց մարտունակ բանակ, ազատագրեց տարածքներ, հաստատեց միջազգային հարաբերություններ, տնտեսության, ազգային կրթության ու մշակույթի զարգացման հիմքերը դրեց, կազմակերպեց հայահավաք:
Երրորդ հանրապետությունը իր նախորդից՝ Խորհրդային Հայաստանից, ժառանգություն ստացավ մոտ 30 հազ. ք. կմ տարածք՝ 4 միլիոնի հասնող բնակչությամբ, զարգացած արդյունաբերությամբ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններով, բարձրակարգ մասնագետների բանակով, պետական կառավարման ապարատով: 1991 թ., սակայն, Ղարաբաղյան շարժման ուսերի վրա իշխանության եկած ՀՀՇ-ն (նրա լիբերալ թևը) Սպիտակի երկրաշարժի, խորհրդային տնտեսական համակարգի փլուզման հետևանքով ճգնաժամի մեջ հայտնված երկիրը վերականգնելու և նորանկախ պետականության զարգացման հիմքերը դնելու և ամրապնդելու համար, այդ հսկայական ներուժն օգտագործելու փոխարեն, ընդամենը երեք տարում լիբերալ ռեֆորմների անվան տակ ոչնչացրեց իրեն բաժին հասած նյութական ու հոգևոր հարստությունը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հասցրեց 1918 թ. մակարդակին:
Տնտեսության մեջ կատարված ավերածությունները, բնակչության սրընթաց աղքատացումը պատճառ դարձան մեծ արտագաղթի, որի ցուցանիշները համադրելի էին 1915 թ. արևմտահայության արտագաղթի ցուցանիշների հետ: Որպես հետևանք՝ արմատապես փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը: Մինչ այդ սովորական դարձած հասարակության բաժանումը դասակարգերի և մասնագիտական խմբերի վերածվեց գործազուրկների և աշխատողների, աղքատացողների և հարստացողների պարզունակ բաժանման: Հասարակությունը քանակապես և որակապես անկում ապրեց: Աշխատանքից և ապրելու միջոցներից զրկված՝ արդյունաբերության, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտների հազարավոր մասնագետներ ստիպված լքեցին երկիրը: Նրանց փոխարեն հասարակական կյանքի մակերես բարձրացան սպեկուլյանտները, մանր առևտրականները, լիբերալիզմի մարտիկներ դարձած կոմունիստական և կոմերիտական ֆունկցիոներները, չկայացած արվեստագետները, դատարկախոս «մտավորականները» և այլք:
Սրանք էին, որ զբաղեցրին պետական պաշտոնները և պետք է իրականացնեին ժողովրդավարական ռեֆորմներ, զարգացնեին տնտեսությունը և կառուցեին անկախ, ինքնիշխան պետություն:
Ժողովրդավարության փոխարեն, սակայն, սանձազերծվեցին քաղաքական հետապնդումներ, տնտեսական բարեփոխումները սեփականաշնորհման անվան տակ վերածվեցին հանրային սեփականության թալանի, ազգային գաղափարախոսությունը բնորոշվեց որպես կեղծ կատեգորիա, ծաղրվեցին և նսեմացվեցին մեր անցյալը, բոլոր այն արժեքները, որոնք պայմանավորում են ազգային ինքնագիտակցության վերարտադրությունը, օտարություն սերմանվեց Սփյուռքի և արցախցիների նկատմամբ: Չկարողանալով լուծել պետության և քաղաքացիների առջև ծառացած խնդիրները, արդարացնելու համար իրենց ապիկարությունը նրանք ամեն ինչ բարդեցին Արցախյան ազատամարտի ու արցախցիների վրա և վերջնագիր ներկայացրին ժողովրդին, այն է՝ եթե ուզում եք լավ ապրել, Արցախը հանձնե՛ք Ադրբեջանին: Մի խոսքով՝ անկախության գործընթացը վերածեցին ֆարսի:
1998 թ. հաջողվեց կասեցնել նրանց ավերիչ ու ապազգային գործունեությունը: Հաջորդ տասը տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում տնտեսության, սոցիալական, անվտանգության, միջազգային հարաբերությունների ոլորտներում գրանցված հաջողությունները ապացուցեցին ՀՀՇ-ական այդ վերջնագրի անհիմն լինելը:
ՀՀՇ-ական կառավարման 7 տարիների ընթացքում հասարակության մեջ ձևավորվեց քաղաքացիների մի շերտ, որն առաջին իսկ օրերից ոգևորությամբ ընդունեց նոր իշխանությանը, դարձավ նրա հասարակական հավատարիմ հենարանը, նրա «ժողովուրդը»: Այն կազմված է տարբեր ունեցվածքի, զբաղմունքի, կրթության տեր մարդկանցից: Դրան մաս են կազմում իննսունականների զրկանքները կրած և չքավոր կյանքից բարոյալքված լյումպենը կամ, ինչպես այսօր ընդունված է ասել, ժեխը, ձախողակ, իրենց գործում չկայացած և դրանում բոլորին, բացի իրենցից, մեղադրող մարդիկ, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, քրեական տարրերը: Այդ շերտի մեջ զգալի տեղ են զբաղեցնում բազմաթիվ մանր ու խոշոր վաճառականները կամ, ինչպես իրենք են իրենց կոչում, բիզնեսմենները, կան նաև դրանցից բուծված օլիգարխներ և այլք: Այսքան տարբեր մարդկանց միավորում և ցեմենտում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ անձնական շահի գերակայությունը ազգայինի, պետականի նկատմամբ: Սրանց համար բարձրագույն արժեք են իրենց բնազդների բավարարումը, իրենց ցանկությունների կատարումը, իրենց իրավունքները, իրենց, այլ ոչ թե մարդու՝ ընդհանրապես:
Ազգային, կրոնական, բարոյական արժեքները սրանք համարում են վերացական, կեղծ հասկացություններ, որոնք կաղապարում են իրենց միտքը, խանգարում են իրենց կամքի ազատ դրսևորմանը, կաշկանդում են վարքագիծը: Սրանք այն մարդիկ են, որոնք իրենք իրենց դուրս են դնում ազգից և նրա պատմությունից: Ոչ մի թելով սրանք կապված չեն մեր պատմության հետ, ո՛չ հպարտանում են հերոսներով, ո՛չ ցավում ու կարեկցում են զոհերի համար, ո՛չ էլ ցանկանում են այդ ժառանգության վրա ապագա կերտել, շարունակել պատմության ընթացքը: Այս մարդիկ դիտում են պետությունը որպես առանձին սուբյեկտ, հասարակությունից դուրս մի օտար մարմին, որը կաշկանդում է իրենց օրենքներով և պարտավորություններով, ու այն պետք է միայն իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Օտարելով պետությունը հասարակությունից՝ նրանք այն նույնացնում են իշխանության հետ, իսկ ատելությունը իրենց ոչ հաճո իշխանությունների նկատմամբ տարածում են նաև պետության վրա: Պարզ երևում է, որ մեր հասարակության այս շերտը, գիտակցված կամ չգիտակցված տուրք տալով իր անձնապաշտական բնազդներին ու շահերին, լիբերալ արժեքների կողմնակից է: Այս մարդիկ թե՛ իրենց համոզմունքներով, թե՛ հոգեբանորեն միշտ պատրաստ են գունավոր հեղափոխությունների, որոնք լայն հնարավորություններ են բացում նրանց առաջ դրանց պղտոր ջրերում վեր բարձրանալու և գրավելու հասարակության մեջ իրենց արժանիքներին ոչ համապատասխան տեղ, լվալու իրենց կեղտոտ փետուրները կամ պարզապես ինչ-որ բան թռցնելու փողոցային անկարգությունների խառնաշփոթում:
Հիմա վերը նշված խմբին միացրե՛ք աղանդավորների բազմահազարանոց բանակը, որոնք իրենց էությամբ հակազգային և հակապետական են, ու կստանաք բնակչության մեկ երրորդը կազմող մի շերտ, որը թքել է պատմության վրա և մտադիր չէ դրանից դասեր քաղելու, որքան էլ այն կրկնվի՝ երկու թե տասներկու անգամ: Հասարակության այս շերտը արդեն 30 տարի դարձել է հայոց պետության ընթացքը և ճակատագիրը որոշող կամ, պարզ ասած, այդ ընթացքը խաթարող գործոն: Այդպիսի գործոն դարձավ նաև քաղաքական ուժերի բաժանումը վերը նշված նեոլիբերալ սկզբունքներն ընդունողների և դրանք մերժողների: Առաջիններից կազմվեց մի շրջանակ, որում հայտնված քաղաքական ուժերը պետք է գործեին արևմտյան քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ինստիտուտների թելադրած խաղի կանոններով։
Այդ շրջանակում հայտնված քաղաքական կուսակցություններից ու գործիչներից պետք է ձևավորվեին երկրի քաղաքական էլիտան, խորհրդարանը, կառավարությունը: Մերժողները որակվում էին հակաժողովրդավարներ, ազգայնամոլներ, ահաբեկիչներ, ենթարկվում հետապնդումների, հայտարարվում օրենքից դուրս:
Չնայած 1998 թ. այդ շրջանակի սահմանները խզվեցին, վերականգնվեցին Դաշնակցության իրավունքները, ակտիվացան կոմունիստները և այլք, սակայն վերնախավի կազմավորման սկզբունքները և քաղաքական դաշտում խաղի կանոնները հիմնականում պահպանվեցին: Ավելին՝ քաղաքական, պետաիրավական և ֆինանսատնտեսական լծակների զգալի մասը մնաց նույն մարդկանց ձեռքում, որոնք սոսկ կուսակցական պատկանելիությունն էին փոխել: Այս երկու գործոններն էին, որ ապահովեցին նեոլիբերալների վերադարձը և հանգեցրին 2020 թ. աղետին:
Հարյուր տարի առաջ հայ բոլշևիկներն իրենց դավաճանությունն արդարացնում էին համաշխարհային հեղափոխության հաղթանակով, որը կվերացներ ազգային պետություններն ու սահմանները, կրոնը, ավանդական ընտանիքը, և շահագործումից ու իմպերիալիզմի լծից ազատագրված աշխատավորները, այդ թվում՝ հայերն ու թուրքերը, կեղբայրանային և կապրեին խաղաղ ու երջանիկ:
Այսօր հայ լիբերալներն իրենց դավաճանությունը քողարկում են համաշխարհային ժողովրդավարության և մարդու իրավունքների հաղթանակով, որը կվերացնի ազգային պետությունների միջև սահմանները, մշակութային և կրոնական տարբերությունները, ավանդական ընտանիքը, որից հետո կոռուպցիայից ազատագրված հպարտ քաղաքացիները, որոնց թվում՝ հայերն ու թուրքերը, կապրեն խաղաղ, հպարտ ու երջանիկ: Թե՛ հայ բոլշևիկները, թե՛ հայ լիբերալները զոհաբերեցին մեր պետականությունը, նսեմացրին մեր ազգային արժանապատվությունը՝ հանուն այդ գաղափարները մեզ պարտադրողների շահերի: Երկու դեպքում էլ մեր ժողովրդին օգտագործեցին, իսկ պետությունը դարձրին փորձադաշտ այդ գաղափարների կիրառման համար:
Մի խոսքով՝ ինչպես հարյուր տարի առաջ բոլշևիկյան Ռուսաստանին, այնպես էլ այսօր Արևմուտքին ու տարածաշրջանում նրա առաջամարտիկ Թուրքիային հաջողվեց Հայաստանում իշխանության վերադարձնել նեոլիբերալներին: Դրա համար բոլոր նախադրյալները 2018 թ. արդեն կային:
Դեռ 2008 թ. մարտի 1-ին ՀՀՇ-ի ռևանշի փորձից հետո դրա կազմակերպիչներին անպատիժ թողնելը, իսկ կատարողներին, տեղիք տալով նրանց հովանավորների ճնշմանը, կարճ ժամանակ անց բանտերից ու փողոցներից քաղաքական դաշտ ետ բերելը և խորհրդարանական աթոռներ տրամադրելը, երիտասարդների նոր խմբերի հավաքագրումը և վերապատրաստումը արևմտյան կենտրոններում, նրանց փորձարկումը փողոցային շարժումներում ու բողոքի գործողություններում, թրծված ՀՀՇ-ականների կողմից պետական ու քաղաքական գործիչների, ղարաբաղցիների մասին հմտորեն պատրաստված ու տարածվող կեղծիքի կամ, ինչպես այսօր ընդունված է ասել, ֆեյքերի միջոցով քաղաքացիների ուղեղների լվացումը նախապատրաստվող նոր ռևանշի ակնհայտ նշաններն էին: Դրան գումարենք հանրապետության ղեկավարության, մեղմ ասած, ոչ համարժեք կադրային նշանակումները կառավարությունում, բանակում և ոստիկանությունում, ինչպես նաև 2017 թ. մեր իրականությանը և մեր պետության առջև ծառացած հիմնահարցերին ոչ համահունչ Սահմանադրության ընդունումը, որոնք նախապատրաստեցին բոլոր պայմանները 2018 թ. լիբերալ ռևանշի հաղթանակի համար: Ճիշտ կլինի ասել՝ թավշյա բարձիկի վրա պետության բանալիները հանձնվեցին երիտլիբերալներին: Վերջինները եկան և իրենց տրված հանձնարարականներն իրականացրին՝ չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության թե՛ պետության օղակների, թե՛ քաղաքական կուսակցությունների ու գործիչների կողմից: Այնպես որ «թավշյա» կոչված հեղափոխությունը ոչ թե քաղաքացիների տարերային բողոքի ու ընդվզման հետևանք էր, այլ պետական հեղաշրջում գունավոր հեղափոխության միջոցով: Իսկ երեք տարվա ընթացքում պետության քայքայումը և կապիտուլյացիայի հասցնելը ոչ թե այդ ալիքի վրա իշխանության եկած փողոցային հեղափոխականների անփորձության և շիզոֆրենիկ վարքագծի հետևանքն էր, ինչպես ուզում են ներկայացնել «հեղափոխության» հովանավորները, այլ հենց վերջիններիս կողմից լավ հաշվարկված և տարբեր երկրներում բազմիցս փորձարկված ծրագրի իրականացման հետևանքը։ Փողոցային հեղափոխականների քայլերն էլ մշակված ու ֆինանսավորված էին ըստ այդ ծրագրի: Հայաստանում իրականացված այս ծրագիրը մի փոքր դրվագն է այն սցենարի, որ բեմադրում են տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող խոշոր տերությունները: Այն Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական վերաձևումների շղթայի մեկ օղակն է, մարտավարական մեկ քայլն է՝ դրանք իրականացնելու համար:
«Թավշյա հեղափոխություն» կոչված այդ բեմադրությունում «ժողովրդի» դերում էր վերը նկարագրված հասարակական շերտը, որի ակտիվիստները հերետիկոսական մոլեռանդությամբ, կռապաշտական ծեսերով ու շոուներով բորբոքում էին զանգվածային հոգատարությունը, օժանդակում և արդարացնում հասարակության և պետության հիմքերը քանդող իրենց կուռքին:
Քաղաքացիների շատ ավելի ստվար զանգվածը չէր միացել փողոցային խրախճանքներին, բայց հավատացել էր, որ այլևս հպարտ և երջանիկ «քաղաքացու» կարգավիճակ ունի, ապրելու է հաղթանակած ժողովրդավարության պայմաններում: Հավատացողների թվում էին ոչ միայն գյուղացիներն ու քաղքենիները, մանր վաճառականներն ու արհեստավորները, ուսուցիչներն ու բժիշկները, մտավորականներն ու արվեստագետները, այլև բանակային ու ոստիկանական սպաներն ու շարքայինները, պետական ծառայողները և նույնիսկ որոշ քաղաքական կուսակցություններ: Աստիճանաբար հավատը մարեց, աճեց հիասթափությունը, իսկ կապիտուլյացիան ստորագրելուց հետո նրանք հասկացան, որ իրենց խաբել են: Հասկացան, բայց մնացին պասիվ դիտորդի դերում, անտարբեր և անմասնակից երկրի գլխին կախված սպառնալիքը չեզոքացնելու համար մղվող պայքարին: Ահա այս շերտը ներկայացնող մարդկանց է հասցեագրված Կնիշչևի «պատմությունը կրկնվում է երիցս…․» բնորոշումը:
«Թավշյա հեղափոխությունը» չափազանց ծանր հարված հասցրեց մեր պետականությանը, տարավ պարտության և նսեմացրեց վերջնագրով, հարցականի տակ դրեց մեր անկախությունը: Ինչևիցե, Հայաստանի Հանրապետությունը, բռնցքամարտի լեզվով ասած, ենթարկվեց նոկաուտի, և դժվար է ասել, մինչև տասը հաշվելը նա կկարողանա՞ ոտքի կանգնել ու շտկել մեջքը, թե ոչ: Հավատացած ենք, որ կկարողանա, որովհետև մեր հասարակության մեջ, բացի վերը նշված երկու հասարակական շերտերից, կա ևս մեկը՝ թվով սակավ, բայց բաղկացած մարդկանցից, որոնք ազգային ինքնասիրությունը չեն ստորադասում անձնական պահանջներին ու շահերին, չեն ենթարկվում օտարների թելադրած խաղի կանոններին: Այս մարդիկ են սերում և վերարտադրում ազգի հոգևոր ուժը, ծնում հերոսների և առաջնորդների, որոնք ընդունակ են համախմբելու ազգը, գտնելու անհրաժեշտ ռեսուրսները՝ ոտքի կանգնեցնելու պետությունը և վերականգնելու մեր պատմության ընթացքը:
Վարդան Հակոբյան