կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 21:53
Հասարակություն

Հանուն թուրքական օրակարգի սպասարկման՝ ՔՊ-ն կտապալի՞ ԱԺ արտահերթ նիստը

Հանուն թուրքական օրակարգի սպասարկման՝ ՔՊ-ն կտապալի՞ ԱԺ արտահերթ նիստը

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանի արտահերթ նիստ, որը պետք է տեղի ունենա փետրվարի 23–ին, ժամը 12–ին։ Օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է՝ «Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ»։ Հիմնական զեկուցող՝ Անդրանիկ Թևանյան։

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները ձեռնպահ քվեարկեցին հայտարարության նախագծին, այսինքն՝ չընդունեցին հայտարարության նախագիծը։ Քաղպայմանագրիստ դարձած Գուրգեն Արսենյանի հիմնական թեզն այն էր, որ իրենք չեն ուզում Թուրքիային ու Ադրբեջանին նեղացնել, քանզի «խաղաղության դարաշրջան» են կառուցում։

Այս կեղծ խաղաղասիրական «փաստարկների» ներքո ՔՊ–ն փաստացի միացավ Շուշիի հռչակագրին և դեմ գնաց ՀՀ անկախության հռչակագրին՝ համաձայնելով Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, պատրաստակամություն հայտնելով թշնամիներին տրամադրել «Զանգեզուրի միջանցքը» և խոստանալով երբեք չունենալ մարտունակ բանակ։

Հանձնաժողովի նիստում ՔՊ–ի ներկայացրած տեսակետը հուշում է, որ ՔՊ–ն, ամենայն հավանականությամբ, կտապալի արտահերթ նիստը՝ քվորում չապահովելով։ Դա արդեն կլինի երկրորդ խայտառակությունը։

Թե ինչ կունենանք իրականում, պարզ կդառնա վաղը, ժամը 12։00–ին։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայաստան» խմբակցության կազմած հայտարարության տեքստի նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը։ Ահա՛ թե ինչի տակ չեն ուզում ստորագրել նիկոլական պատգամավորները։

  

ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ․ հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ։

Այդ հռչակագրով կնքվել է թուրք–ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում։

Թեև փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ։ Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար։

Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով և այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ։

Շուշիի հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը։ Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։

ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է՝

Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար։ Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով։

Հայտարարության ընդունման հիմնավորում

2020թ․ սեպտեմբերի 27–ից սկսած Արցախի Հանրապետությունը 44 օր շարունակ ենթարկվել է ահաբեկիչ վարձկաններով համալրված թուրք–ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի։

Պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի կոպտագույն խախտում էր։

2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն, որի ոչ բոլոր կետերն են կյանքի կոչվել, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի մասով։ Կողմերը պարտավորվել են գնալ տարածաշրջանային լարվածության թուլացման, կոմունիկացիաները գործարկելու, ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների իրականացման ճանապարհով, սակայն իրականում կան բազմաթիվ խոչընդոտներ կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման համար։

Հայտարարությունից հետո Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և խոսում է վերջնագրերի լեզվով՝ սպառնալով մեր անվտանգային միջավայրին։

Օկուպացված Շուշիում 2021թ․ հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ։ Այն լրջագույն սպառնալիքներ ու մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և խնդրի վերջնական լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում։

Հռչակագիրն այդ հակասում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընդունված հիմնարար սկզբունքներին, միջազգային իրավունքի հանրահայտ նորմերին, ուստի չի կարող համարվել լեգիտիմ։

Թեև ՀՀ գործադիր իշխանությունն՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, 2021–ի հունիսի 15–ի և հունիսի 17–ի հայտարարություններով անդրադարձել է Շուշիի հռչակագրին՝ այն որակելով որպես հակահայկական սադրանք և սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը, այնուամենայնիվ անհրաժեշտ է Շուշիի հռչակագրին գնահատական տալ նաև ՀՀ խորհրդարանի մակարդակով, քանզի Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանները դրանք վավերացրել են։ ՀՀ ԱԳՆ–ը՝ որպես գործադիրի ներկայացուցիչ, արձագանքել է Թուրքիայի ու Ադրբեջանի գործադիր մարմինների ղեկավարների որոշումներին։ Հիմա փաստաթուղթը տեղափոխվել է Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների հարթություն և վավերացվել, հետևաբար ՀՀ խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատի կրող պետական կառույց, պետք է իր գնահատականը տա հռչակագրի վավերացմանը՝ այդպիսով ընդգծելով մեր մտահոգությունների խորությունը և ՀՀ վերաբերմունքն ակնհայտ թշնամական այդ փաստաթղթին։ ՀՀ ԱԺ լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան, այսինքն՝ կստացվի, որ ՀՀ խորհրդարանը դեմ չէ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն, դեմ չէ Հայոց ցեղասպանության թեման պատմաբանների ուսումնասիրման դաշտ տեղափոխելուն։

Հռչակագրին գնահատական տալը կարևոր է նաև հայ–ադրբեջական ու հայ–թուրքական հարաբերությունների ներկա օրակարգերը հաշվի առնելով։

Մասնավորապես՝ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հայ–թուրքական հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, այնինչ հռչակագրի վավերացումը հակադրության մեջ է մտնում այդ հայտարարության հետ։

«Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգային միջավայրի ամրապնդման շահերից։ Հայտարարությունը մեսիջ կլինի ՀՀ քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ անվտանգային հարցերում ՀՀ–ն ունի կարմիր գծեր և չի նահանջելու դրանցից։

Աղբյուրը՝  7or.am