կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-20 12:03
Հասարակություն

Փետրվարի 20. Արցախի վերածննդի օր

Փետրվարի 20. Արցախի վերածննդի օր

Փետրվարի 20-ն Արցախում տոն է. Արցախի վերածննդի օրն է: 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում, հիմնվելով երկրամասի հայազգի բնակչության ցանկության վրա, որոշում կայացվեց՝ միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխանցելու համար։ Որոշում, որն արցախահայության կամարտահայտության արտացոլումն էր, իրավական հարթությունում՝ սեփական ճակատագրի եւ ազատության տնօրինման համար ժողովրդի արդար պահանջի դրսեւորումը։

«Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին ժողովրդական պատգամավորների ելույթները՝ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց, ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորն ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»,- նշված էր որոշման մեջ:

Փետրվարի 20-ին արցախահայությունն ի լուր աշխարհի հայտարարեց պայքարի քաղաքական ու սահմանադրական եղանակներին գերապատվություն տալու իր վճռի մասին: Իր հերթին, ադրբեջանական կողմն ընտրեց ահաբեկման ու բռնությունների, արյունահեղության ճանապարհը, որը մեկնարկեց Աղդամից բազմահազարանոց ամբոխի՝ Ասկերանի վրա ձեռնարկած հարձակմամբ:

Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:

1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Բախումների արդյունքում վիրավորվեց մի քանի տասնյակ հայ, սպանվեց 2 ադրբեջանցի: Չնայած ադրբեջանցիների իսկ վկայությունների համաձայն՝ սպանված ադրբեջանցիներից առնվազն մեկի վրա կրակել է ադրբեջանցի միլիցիոներ2, այնուամենայնիվ, պաշտոնական հետաքննության արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է եղել կրակողը:

Ադրբեջանի իշխանությունները, Կենտրոնի թողտվությամբ, փետրվարի 27–29-ը Սումգայիթ քաղաքում (Բաքվից 25 կմ հյուսիս) կազմակերպել են հայ ազգաբնակչության ջարդ: Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ զոհվել է 27 հայ: Իրականում, սակայն, տանջամահ է արվել շուրջ 100 և վիրավորվել 300 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտցված խորհրդային զորքը միայն գիշերն է դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա կոտորածը: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ:

1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ»:

1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին:

34 տարի անց Ադրբեջանի իշխանությունները, չհրաժարվելով ռազմական ուժով Արցախը նվաճելու մտադրությունից, շարունակում են իրենց վտանգավոր եւ հայատյաց քաղաքականությունը։

Օրեր առաջ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օրվա առթիվ հայտարարություն ընդունեց, որով վերահաստատում է իր հավատարմությունը 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը: