Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը
-Պարոն Բալայան, Արցախի խորհրդարանն ընդունեց բանաձև՝ բարձրացնելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցը։ Դրանով կոչ է արվում Մինսկի խմբի համանախագահներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։
-Համապատասխան կառույցներին դիմելով՝ պետք է փորձել հարցի քննարկումն ակտիվացնել, լուծումներ ապահովել։ Հիմնախնդիրն այսպես կախված վիճակում պահելը չեմ կարծում, թե հնարավորություն կտա, որպեսզի տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղություն ապահովվի։ Պետք է վերջնական լուծում ապահովվի։ Միջազգային կառույցները, միջնորդ երկրները մշտապես խոսում են այս թեմայով, բայց գործնական քայլեր պետք է լինեն։ Պատերազմից հետո Մինսկի խումբը գրեթե գործնական քայլերի չի դիմել։ Նրանք պետք է տարածաշրջան գան, շփումներ ունենան ժողովրդի հետ, իրավիճակին ու նոր իրողություններին ծանոթանան և տեսանելի քայլեր ձեռնարկեն։ Վերջիվերջո Եվրախորհրդարանի վերջին բանաձևի մեջ էլ է այդ հարցն արծարծվել, որ Մինսկի խմբի համանախագահությունը ճանաչվում է որպես միակ ձևաչափը՝ այդ հարցը կարգավորելու համար։ Մյուս կետով ենթադրվում է, որ պետք է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգվի, որովհետև վերջիվերջո այդ ամենը բխում է մարդու ազատությունների հիմնարար սկզբունքներից։ Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ այս ժողովրդի հետ կապված խնդիրը, որը տասնամյակներ շարունակ ձգձգվում է, իրավական, բարոյական տեսանկյունից պետք է լուծում ունենա։
-Հայկական դիվանագիտությունը համարժեք աշխատանք տանո՞ւմ է այս ուղղությամբ։
-Դիվանագիտությունը երկու երես ունի, համենայնդեպս, հրապարակային այդ ակտիվությունը տեսանելի չէ։ Եվ կարծում եմ, որ հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններն այս հարցում բավական շատ անելիք ունեն, որովհետև գաղտնիք չէ, որ մեր չճանաչվածության հանգամանքը թույլ չի տալիս, որպեսզի մենք ակտիվ քայլեր կատարենք։ Իմ տարիների փորձառությունից եմ ասում՝ երբ Եվրոպայում համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում ես, երբեմն իմանալով, որ Ղարաբաղից ես, չեն ցանկանում քեզ հետ զրուցել։ Այս խնդիրը կա, և ՀՀ իրավասու մարմինները պետք է այդ առաքելությունն իրենց վրա վերցնեն և ակտիվ աշխատանք տանեն, որովհետև ոչ ոք չի գալու մեր փոխարեն մեր հարցերը լուծի։
-Այդ թվում՝ Հայաստանը չպե՞տք է ճանաչի Արցախը։
-Ամբողջ խնդիրն այն է, որ մենք անընդհատ այդ մասին խոսել ենք, բայց, ցավոք սրտի, ոչ նախկին, ոչ ներկայիս իշխանությունները դա հաշվի չեն առել։ Իսկապես Արցախի ճանաչումը պետք է վաղուց կատարվեր։ Կամ գոնե որպես գործընթացի սկիզբ՝ պետք է ռազմաքաղաքական դաշինք ստորագրվի հայկական երկու հանրապետությունների միջև։ Այսինքն՝ մենք իրավական, օրենսդրական դաշտում, նաև միջպետական հարաբերությունների նորմերի շրջանակներում պետք է փորձենք այդ հարցերին լուծումներ տալ, որ կարողանանք նաև դրսի հետ այդ թեմաներով զրուցենք։ Այսինքն՝ որպեսզի դրսում խոցելի չլինենք։
-Արցախի խորհրդարանն ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որով օկուպացված տարածքներին իրավական կարգավիճակ է տրվում։ Դեօկուպացիայի ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն այս որոշմանը։
-Փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման 34-ամյակը։ Խնդիրն այն է, որ հենց այն գլխից մենք անընդհատ փորձել ենք հարցը տանել իրավական ճանապարհով։ Այսինքն՝ փորձել լուծել խնդիրը՝ նստելով, խոսելով, որովհետև լավ ենք հասկանում, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ։ Բայց, ցավոք սրտի, քար լռության ենք հանդիպել, և անընդհատ փորձ է արվել մեր դեմ ֆիզիկական բռնության միջոցով հարցերը լուծել։ Մեր ժողովուրդն էլ իր իրավունքն ու արժանապատվությունն է պաշտպանել։ Իսկ ներկայում եղած ռեսուրսների ու հնարավորությունների սսահմաններում պետք է փորձ արվի իսկապես հարցը նորից վերաբացել, խոսել, քննարկել և լուծումներ ապահովել, եթե, կրկնում եմ, և գերտերությունները, և տարածաշրջանի պետություններն իսկապես ցանկանում են երկարատև ու կայուն խաղաղություն։
Այս օրենքի ընդունումը կարևոր է, քանի որ վերջիվերջո պետք է համապատասխան գնահատական տրվի տեղի ունեցածին, բռնի տեղահանված քաղաքացին իմանա իր կարգավիճակը, մյուս կողմից էլ, ևս մեկ անգամ միջազգային հանրությանը ներկայացվում է խնդիրը։