Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ այսօր քաղաքացիները, հասարակական սեկտորի տարբեր ներկայացուցիչներ, Արցախից տեղահանվածներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով «կանխել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը»:
Ադրբեջանական իշխանությունները շարունակում են Արցախից զավթած տարածքներումհայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների ոչնչացման գործընթացը՝ պնդելով, թե հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են: Դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել: Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկանում է ժամանել Արցախ, Բաքվում ստեղծվեց պետական հանձնաժողով՝ ապացուցելու համար, որ Արցախում հայկական հուշարձաններ չկան:
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը նշեց, որ մի շարք հասարակական գործիչներ հայկական մշակութային հուշարձանների կորստի հարցը ամիսներ շարունակ բարձրացնում են, նախորդ տարի նամակ էին գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան՝ բարձրացնելով մշակութային ժառանգության վերացման խնդիրը:
Հաագայի դատարանը պատմական կարեւորության միջանկյալ վճիռ է իրականացրել, որը հենց վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը և պարտավորեցնում Ադրբեջանին՝ բացառել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի որեւէ գործողություն, դրանք ձեւախեղումը, նաեւ՝ յուրացումը:
«Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է անցնում, փոխում է իր մարտավարությունը եւ խնդիրը տանում այլ դաշտ՝ ըստ էության, իրեն դուրս բերելով իրավական դաշտից: Նրանք հիմա պնդում են, թե այն ժառանգություն, որ մենք դարեր շարունակ ունեցել ենք Արցախում, հայկական չէ, ինչը լկտի սուտ է: Ցավոք, այն գործողությունները, որոնք նրանք տասնամյակներով անում են՝ այդ սուտը առաջ մղելու համար, ես մտավախություն ունեմ, որ մի օր այլեւս չկարողանանք դրան հակազդել: Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք եւ միջազգային բոլոր կառույցներին եւ, հիմնականում, նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին չպարտավորեցնենք տեր կանգնել մեր մշակութային ունեցվածքին, ապա ուղղակիորեն կկորցնենք Արցախի հայկականության հետքը»,- ասաց Աբրահամյանը:
Ըստ նրա՝ հայկականության հետքը ջնջելու՝ Ադրբեջանի հեռահար նպատակն է հայերի ինքնորոշման իրավունքի բացառումը Արցախում:
Ադրբեջանի ցանկացած հակահայ գործողություն, ըստ էության, համաձայնեցված է Թուրքիայի հետ, որպես թուրքական կողմի հետ հարաբերության կարգավորման բանագնաց՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ի՞նչ անելիք ունի։ Աբրահամյանը պատասխանում է՝ այնքանով, որ խնդիրը ցանկացած հարթակում պետք է բարձրացնել:
Իսկ ի՞նչ է արվում քաղաքական եւ իրավական մասով: «Իրավական մասով շատ բաներ ուղղակի չի կարող ասվել: Եղիշե Կիրակոսյանն այս օրերին հսկայական աշխատանք է տանում: Հայտարարություններ չեն կարող անել, որովհետեւ խիստ փակ գործընթացներ են, որովհետեւ եթե մի բան իմացվի, հակընդդեմ գործողություններ կարվեն Ադրբեջանի կողմից: Հրապարակային գործողությունները հասարակության միջոցով պիտի իրականանան»,- ընդգծեց Աբրահամյանը:
Մանրամասեն՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան