կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 13:44
Հասարակություն

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր է իրականացնում

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր է իրականացնում

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը 1996 թ-ից կրթական և մասնագիտական կրթաթոշակային ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ այդպիսով հնարավորություն տալով ավելի քան 1500 հայաստանցի աշակերտների, ուսանողների, դասախոսների, վարչական աշխատակիցների սովորելու և մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ում։ 

Ներկայումս կազմակերպությունն իրականացնում է պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների փոխանակման և վերապատրաստման Professional Fellows Program (PFP) ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և փորձառություն ձեռքբերել ԱՄՆ հաստատություններում` համագործակցության սկիզբ դնելով երկու երկրների կառույցների միջև։ 

Այս կրթաթոշակ-ծրագիրն անբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:

 
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
 
▪ ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական և կառավարման գործընթացներին,
▪ կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
▪ ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների միջև,
▪ միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:
 
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում և կրթաթոշակ: Բնակարանը և սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
 
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
 
▪ լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ
▪ ունենան առնվազն բակալավրի կրթություն
▪ դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
▪ ցուցաբերեն առաջնորդելու և համագործակցելու հմտություններ
▪ ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հանրային սեկտորում
▪ տիրապետեն անգլերենին:
 
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
 
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2022թ. մարտի 28-ը ներկայացնեն առցանց դիմում։
Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից կամ դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ: