կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 13:19
Քաղաքական

Դատական իշխանության անկախությունը վտանգի տակ է

Դատական իշխանության անկախությունը վտանգի տակ է

Իրավունքի գերակայության սկզբունքի հիմքում ընկած դատական իշխանության անկախությունը կարևորագույն նշանակություն ունի ժողովրդավարության գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության համար։  «Օրենքով ստեղծված անկախ և անաչառ դատարանի» կողմից «արդար դատաքննության» հիմնական իրավունքը ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, ԵՄ հիմնարար իրավունքների խարտիայում և բազմաթիվ ազգային և միջազգային իրավական փաստաթղթերում: Այս նպատակին հասնելու համար դատավորները պետք է ազատ լինեն փաստերի և օրենքի հիման վրա որոշումներ կայացնելիս՝ առանց ֆինանսական, ֆիզիկական կամ մասնագիտական հաշվեհարդարի սպառնալիքի:

Սակայն ներկայումս մենք ականատես ենք լինում գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից դատական իշխանության վրա ազդեցության որոշակի լծակներ կիրառելու, նրան ցուցումներ տալու ավելի ու ավելի ակտիվ ու մտահոգիչ փորձերի՝ դրանով իսկ խարխլելով նրա անկախությունը։ Դատարանների շենքերի արգելափակումը եւ նմանատիպ այլ գործողություններ կարող են ուղղակիորեն վտանգել դատական մարմինների անկախությունը: Արդյունքում՝ դատավորները հակված կլինեն ձեռնպահ մնալ որոշումներ կայացնելուց, որոնք գործադիր իշխանության սրտով չեն, վախենալով անցումային արդարադատությունից կամ նմանատիպ ակտերից, որոնք անմիջականորեն սպառնում են պետության իրավական անվտանգությանը:

Դատավորների անկախությանը նպաստելու համար դատավորները պետք է պաշտպանված լինեն բռնաճնշումների սպառնալիքներից, իսկ դատավորների ընտրության գործընթացը պետք է լինի բաց, արդար եւ անկողմնակալ: Դատավորների ընտրությունը պետք է իրականացվի թեկնածուների արժանիքներին համապատասխան, այլ ոչ թե քաղաքական կամ անձնական նկատառումներով։ Սա երաշխիքի այն բանալին է, որ դատավորն անաչառ կգործի։  Դատավորների ընտրությունը նաև պետք է զերծ լինի սեռի, սոցիալական կամ քաղաքական կարգավիճակի խտրականությունից։

Դատական իշխանության անկախությունը դատավորներին թույլ է տալիս վճիռ կայացնել, որը կարող է հակասել իշխանության մյուս ճյուղերի շահերին։ Դատավորը կարող է արդար որոշում կայացնել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են կողմնակալ քաղաքականությունը եւ չափից ավելի պետական կարգավորումը: Դատական համակարգի անկախությունն օգնում է դատավորներին մեկնաբանել օրենքը՝ առանց պատժի վախի: Այս հայեցակարգը կարևոր է, քանի որ ապահովում է իրավական համակարգի կայունությունն ու շարունակականությունը, քանի որ առկա է վեճերի անաչառ լուծման երաշխիք։ Դատական իշխանության անկախության սկզբունքն օգնում է իշխանության բոլոր ճյուղերի միջեւ զսպումների եւ հակակշիռների ստեղծմանը   Դա ժողովրդավարության է հանգեցնում և նպաստում լավ կառավարմանը ՝ դրանով իսկ ստեղծելով կայունություն և զարգացում երկրի համար։

Դատական իշխանության անկախությունը թույլ է տալիս բոլոր քաղաքացիներին՝ օգտվել Սահմանադրությամբ երաշխավորված ազատությունից ՝ անկախ հանգամանքից, թե նրանք փոքրամասնության կամ մեծամասնության մաս են։ Դատական իշխանության անկախությունը արդար դատաքննության հիմնարար երաշխիքն է եւ օրենքի գերակայության նախնական պայմանը: Դատական իշխանության անկախությունը օրենքի անքակտելի մասն է, որը բոլոր քաղաքացիներին վստահություն է տալիս, որ օրենքը հավասարապես եւ արդարորեն կկիրառվի բոլորի նկատմամբ:

Դատավորների անկախության ուժեղացման հարցերը հատուկ ուշադրություն եւ անհապաղ լուծում են պահանջում։ Իրավունքի գերակայության եւ դատավորների անկախության սկզբունքների խախտումը սպառնալիքի տակ է դնում մարդու իրավունքները։  Դատավորների գործունեությունը պահանջում է պետության ղեկավարի, իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի, ինչպես նաեւ դատական համակարգի ներսում նրանց կողմից դատական գործերը լուծելիս ցանկացած միջամտության բացառում, որպեսզի ապահովվի օբյեկտիվ եւ անկողմնակալ որոշումների կայացումը, արդյունավետորեն պաշտպանվեն մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը:

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ