կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 19:41
Քաղաքական

ՄԱԿ-ի բարձր դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց հավաստիացումներ ներկայացնել հայ ռազմագերիների վերաբերյալ

ՄԱԿ-ի բարձր դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց հավաստիացումներ ներկայացնել հայ ռազմագերիների վերաբերյալ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը, որն ընթերցեց դատավոր Ջոան Դոնոգյուն։

Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը պետք է իր հանձնառությունների շրջանակում ապահովի 2021-ի հակամարտության պատճառով գերեվարված և այժմ գերեվարման մեջ գտնվող բոլոր անձանց անվտանգությունը, պաշտպանի նրանց բռնություններից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև հավաստիացումներ ներկայացնի այդ միջոցների կիրառման հարցով:

Մյուս կետով դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ատելության խոսքի տարածումն ու ռասսայական խտրականության տարածումը կանխելու համար, այդ թվում նաև՝ չթիրախավորել մարդկանց էթնիկ պատկանելության համար: 

Միձազգային դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել պատժելու հայկական պատմական ժառանգության նկատմամբ վանդալիզմի բոլոր դրսևորումները: Հատկապես մասնավորեցնում է, որ Ադրբեջանը պետք է վստահեցնի, որ ռազմավարի պուրակի ցուցանմուշները, որոնք հեռացվել են, կրկին չեն վերադարձվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանը Ադրբեջանի դեմ» գործով միջանկյալ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կներկայացնի դեկտեմբերի 7-ին: Այս մասին ասված է դատական մարմնի հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը 2021թ, սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնին գործ է հարուցել Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ։ 

Լսումների ժամանակ հայկական կողմի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հստակեցրել էր, որ Միջազգային դատարանը պետք է հրատապ միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Դրանց անհրաժեշտ են հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից պաշտպանելու համար․ «Այս հայցի միջոցով Հայաստանը ձգտում է կանխել  բռնությունն ու ատելության սրումը էթնիկ հայերի նկատմամբ՝  մինչեւ բուն գործի էությամբ որոշում կայացնելը»։

Հայաստանը պնդում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերին ենթարկել է ռասսայական խտրականության», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումներ»: Ըստ Հայաստանի՝ այս խախտումներն ուղղված են հայկական էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձանց՝ անկախ նրանց փաստացի ազգությունից։ Հայաստանը պնդում է, որ «այդ գործելաոճը ևս մեկ անգամ դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտումներ»։ Դիմումատուն պնդում է, որ «ռազմական գործողությունների ավարտից հետո», 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո, «Ադրբեջանը շարունակել է իր ագրեսիան՝ սպանությունների, խոշտանգումների և հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց նկատմամբ բռնություն»: