կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 20:42
Հասարակություն

Ադրբեջանը դա կարող է կոչել «Զանգեզուրի հյուրասենյակ» կամ «վերելակ», միայն թե ստանա իր ուզածը. քաղաքագետ

Ադրբեջանը դա կարող է կոչել «Զանգեզուրի հյուրասենյակ» կամ «վերելակ», միայն թե ստանա իր ուզածը. քաղաքագետ

«Լավրովի պլանի», միջանցքային տրամաբանության, ադրբեջանցի զինվորականի ձեռքով արցախցի խաղաղ բնակչի սպանության և Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին Yerkir.am-ը  զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

-Պարո՛ն Պողոսյան,  դատարանի որոշմամբ ձերբակալվեց «Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանը։ Այս նույն ժամանակահատվածում  կալանքի տակ են գտնվում Սյունիքի համայնքապետերը։ Աշոտ Մինասյանը շատերի պնդմամբ քաղաքական հետապնդվողներից մեկն է, շատերի պնդմամբ՝ Ն. Փաշինյանի վախի արտահայտման գործոններից մեկը: Աշոտ Մինասյանի և Սյունիքի համայնքապետերի կալանքի հետ կապված ձեր դիտարկումները, արդյո՞ք այս ամենին քաղաքական հետապնդում անվանելը ճիշտ չէ։

- Ես, բնականաբար, իրավական նրբություններին ծանոթ չեմ և այժմ որևէ գնահատական չեմ կարող տալ (իհարկե գիտեմ, որ մեկ տարի առաջ, կարծես թե, Աշոտ Մինասյանի դեմ քրեական գործ կար հարուցված նոյեմբերի 10-ից հետո տեղի ունեցած դեպքերից): Եթե մի փոքր ամպերից կտրվենք և ընդհանուր վիճակը նայենք, ապա հասկանալի է, որ այն ինչ կատարվում է Սյունիքում (այդ թվում՝   համայնքապետերի հետ կապված), հասկանալի է, որ այս գործընթացները չեն կարող նպաստել Սյունիքի պաշտպանողունակությանը, և, ընդհանրապես,  Սյունիքում դրական մթնոլորտի ձևավորմանը։ Ես գնահատականներ տալ չեմ կարող ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից, սակայն, ես, որպես անվտանգության մասնագետ, կարող եմ ասել, որ այն ինչ հիմա կատարվում է Սյունիքում, հաշվի առնելով նաև այն վտանգները, որոնք առկա են Սյունիքի մարզում, բնականաբար, այս ամենը ցանկալի գործընթաց չէ։

-Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուս լրագրողի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Ղարաբաղի հանձնումը հնարավոր էր մի քանի տարբերակով` ներառյալ «Լավրովի պլանը»։ Պաշտոնական Ռուսաստանն էլ իր հերթին հերքեց Աժ նախագահի այդ հայտարարությունը։ Կցանկանայինք լսել Ձեր կարծիքը, և ինչի՞ է ձգտում հասնել այս իշխանությունը նման վարքագծի դրսևորմամբ, արդյո՞ք,  իշխանությունները փորձում են հակառուսական նոր տրամադրություններ սերմանել հասարակության մեջ։

- Նախ մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ նկատի ունի Աժ նախագահը Ղարաբաղի հանձնում ասելով։ Եթե մենք խոսում ենք այն տարբերակների մասին, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր առաջարկում (սկսած 2004 թվականից), սրան զուգահեռ կային ռուսական առաջարկներ. համենայն դեպս այդ առաջարկները երբեք չեն հրապարակվել, ավելին` ռուսական կողմը անընդհատ հերքում է այդ առաջարկների գոյությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկները, որոնք հրապարակված են, իմա՝ այն, ինչ որ կար ըստ այդ առաջարկությունների, և այն իրավիճակը, ինչ մենք ունենք 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որը ի դեպ ստորագրել է ՀՀ վարչապետը, դրանք իրարից, բնականաբար, տարբերվող փաստաթղթեր են։ Ասել, օրինակ, մենք Ղարաբաղը կարող էինք հանձնել` համաձայնելով Մինսկի խմբի համանախագահների կամ ռուսական առաջարկի, որը, ենթադրաբար, որոշակի տարրերով տարբերվում էր համանախագահների առաջարկից, սակայն ակնհայտորեն շատ ավելի լավ էր մեզ համար, քան իշխանություններն ինչին համաձայնվել են և ստորագրել։ Ստացվում է՝ մենք որոշել էինք չհանձնել Ղարաբաղը` հրաժարվելով այդ առաջարկներից, բայց փոխարենը հանձնել ենք Ղարաբաղը՝ համաձայնվելով շատ ավելի վատ առաջարկի, այն էլ առնվազն 4000 զոհ տալուց հետո։ Հետևաբար, ասել, թե մենք Արցախը չենք ուզել հանձնել, դրա համար են նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել, դա որևէ տրամաբանության մեջ չի մտնում։

-Ճանապա՞րհ, թե՞ միջանցք. Հայաստանի և Ադրբեջանի հասարակական պատկերացումները ինչպիսի՞ն են: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կգնա՞ ռազմական էսկալացիայի «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար։

- Եկեք տերմիններից կտրվեք` խոսելով բովանդակության մասին։ Ադրբեջանցիները ասում են միջանցք, բայց նրանք պատրաստ են ասել ցանկացած այլ բառ, և կարևորը բովանդակությունն է։ Ադրբեջանն ավելի քան մեկ տարի է, ինչ ունի սեփական  դիրքորոշումը. իրենք պետք է Ադրբեջանից անցնեն Նախիջևան, և հատեն Հայաստանի սահմանը երկու անգամ։ Ե՛վ թե երկու անգամ Հայաստանի տարածքը հատելիս, և՛ թե երթևեկելիս՝ Հայաստանը չպետք է իրականացնի մաքսային, սահմանային և անձնագրային հսկողություններ։ Սա Ադրբեջանի պահանջն է` բովանդակության մասով։ Հիմա ադրբեջանցիները մեզ ասում են՝ վախենում եք «միջանցք» բառից՝ եկեք անունը դնենք «հյուրասենյակ», եթե «հյուրասենյակ» չէ, անունը դնենք «տարանցում», դա չեք ուզում՝ անունը կդնենք «վերելակ»։ Մեզ համար պետք է կարևոր լինի բովանդակությունը, քանի որ Ադրբեջանը դա կարող է կոչել «Զանգեզուրի վելերակ», միայն թե լինի այն բովանդակությունը, ինչ ինքն է ուզում։

Տերմինների շուրջ պատերազմը, որ մարդիկ ուզում են հասկանալ՝ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ «միջանցք» ասելով, ի՞նչ նկատի ունենք մենք, կամ, ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «միջանցք». անիմաստ խոսակցություններ են, որովհետև Ադրբեջանը գիտի` ինչ է ուզում։ Իսկ ինչ վերաբերում է ռազմական էսկալացիային, ապա Ադրբեջանը ռազմական էսկալացիայի ոչ թե կգնա, այլ արդեն գնում է. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանական զորքերը մեր տարածքում են, և Արցախում վերջին ամիսներին ՀՀ քաղաքացիների են սպանել։ Ադրբեջանը, բացի այն, որ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, այլև շարունակում է գրավված պահել որոշ հատվածներ, այդ ընթացքում սպանել կամ գերեվարել է բազմաթիվ հայ զինծառայողների, բացի դրանից՝ Ադրբեջանը շարունակում է ՀՀ քաղաքացիների սպանությունը։ Ադրբեջանը սպանելու է, քանի դեռ իր պահանջը չի ստացել, այն է՝ առաջին` առանց մաքսային, սահմանային, անձնագրային վերահսկողությունների ճանապարհ Սյունիքի մարզով, երկրորդ` Հայաստանը պետք է ճանաչի Արցախը (պաշտոնապես, ստորագրությամբ) Ադրբեջանի կազմում։ Քանի այս երկու պահանջները չեն կատարվել Ադրբեջանը շարունակելու է ռազմական ճնշումները թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ ՀՀ քաղաքացիների սպանությունը` Արցախում։

-Ականատես եղանք, թե ինչպես ադրբեջանցի զինվորականի ձեռքով արցախցի խաղաղ բնակիչ սպանվեց։ Եվ այս մթնոլորտում Հայաստանի ներկայիս իշխանությունները շարունակում են հասարակությանը նախապատրաստել  ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջանի» բացմանը։ Այս ամենին զուգահեռ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևը հոխորտում և ծաղրում հայերին միջազգային տարատեսակ հարթակներում, իսկ հայաստանյան իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ հակազդելու Ալիևի սպառնալիքներին: Ինչու՞ են իշխանությունները լռում:

- Կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Մի բան հստակ է, որ ՀՀ քաղաքացիների սպանությունից հետո ՀՀ արձագանքն անբավարար էր. որքան էլ ասեք, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և մենք կոչ ենք անում, որպեսզի իրականացվի հետաքննություն, և քաղաքացիներ չսպանվեն։ Սա, համարում եմ, անբավարար։ Սա ոչինչ չասող հայտարարություն է։

Ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջանի բացմանը, ապա Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ եթե ցանկանում եք խաղաղություն, Արցախը ճանաչեցեք Ադրբեջանի մաս, իսկ քաղաքացիները կշարունակեն ապրել Արցախում` ծառայելով ադրբեջանցիներին որպես էժան աշխատուժ։ Ադրբեջանը նման խաղաղության պատրաստ է` Արցախի Հանրապետություն չկա, կան ընդամենը Ադրբեջանի տարածքում ապրող մի քանի տասնյակ հազարավոր էթնիկ հայեր։ Եթե ՀՀ-ի համար այս տարբերակն ընդունելի է (առայժմ ամեն ինչ գնում է դրան, որովհետև հասկանալի է` եթե ամեն ինչ շարունակվի զարգանալ ինչպես մեկ տարում, նկատի ունեմ` այն, ինչ արվել է նոյեմբերի 10-ից հետո), ապա Արցախի հայերը շարունակելու են հեռանալ, որովհետև ապագան է անորոշ, և ֆիզիկական անվտանգությունը ամբողջությամբ ապահովված չէ։ Այս դեպքերը ցույց են տալիս, որ որևէ մեկը չունի երաշխիք, որ վաղն ինքը չի սպանվի։

-Ի՞նչ էինք մենք ակնկալում Սոչիի հանդիպումից որպես պետություն և ժողովուրդ և ի՞նչ կարող ենք ակնկալել Բրյուսելում կայանալիք հանդիպումից։

- Ճիշտն ասած, չգիտեմ` ինչ էինք ակնկալում Սոչիի հանդիպումից, բայց գիտեմ, որ Սոչիի հանդիպմանը մի բան կարող էր տեղի ունենալ. կա՛մ Հայաստանը գրավոր կհամաձայնվեր Ադրբեջանի պահանջներին, կա՛մ կհամաձայնվեր պահանջներին բանավոր, կա՛մ Հայաստանը չի համաձայնվել ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր։ Ադրբեջանի քայլերը Սոչիի հանդիպումից հետո ասում են, որ Ադրբեջանը ամբողջությամբ չի ստացել այն, ինչ պետք է ստանար։ Բրյուսելյան հանդիպումից ինչ պետք է սպասել, առնվազն ոչինչ։ Առնվազն չնչին քանակությամբ գերիների վերադարձ, որի դիմաց Հայաստանը Ադրբեջանին կտա ականապատման  քարտեզներ։

                                                                              Լենա Կարապետյան


Տես նաև՝  Ադրբեջանի «խաղաղության» պայմանները ՀՀ-ի համար համարժեք են կապիտուլյացիայի. քաղաքագետ: