Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետության մեջ դիվանագիտական աշխատանքը ամենանուրբ և բարդ աշխատանքներից մեկն է: Պատահական չէ, որ դիվանագիտական ասպարեզում արարողակարգերը և փոխադարձ հարաբերությունների կանոնակարգման դրույթները հարգվում են մանրակրկիտ կերպով, քանի որ յուրաքանչյուր սխալ կամ վրիպում՝ դիմացինի կողմից հանրային բեմում ինչ-որ նշանակություն է պարունակելու կամ որևէ միտումի արտահայտման միջոց է ընկալվելու: Հենց այդ պատճառով է, որ դիվանագիտական ասպարեզում աշխատողները կայացած և ընկալելի պետություններում ամենափորձառուներն են լինում, և այդ ասպարեզում տարիների փորձ ունենալը համարվում է անշրջանցելի պայման, օրինակ՝ դեսպան լինելու կամ որևէ պատվիրակության մաս կազմելու համար: Սա ընդհանուր օրենք է և ակնհայտ իրականություն համաշխարհային դիվանագիտական բեմահարթակում: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություններն անտեսում են այդ կարևոր հանգամանքը: Դեսպան է նշանակվում դիվանագիտական ասպարեզում որևէ փորձ չունեցողը. երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներ են դառնում ինչ-որ մեկի հետ «քայլելու աշխատանքային փորձ ունեցող» անփորձները, և այսպիսով՝ ցանկանում են՝ միջազգային բեմահարթակում Հայաստանը ընկալվի որպես լուրջ և հավասարակշռված պետություն: Այս դիվանագիտական կազմով և երերուն մոտեցումներով՝ դա հնարավոր չէ:
Հայկական դիվանագիտության այս տխուր համայնապատկերում հարկ է անդրադառնալ նաև մի այլ կարևոր հանգամանքի. պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորությունը ևս, անկախ իրենից, դիվանագիտական աշխատանք է կատարում: Լրատվական և հեռահաղորդակցության միջոցների զարգացման ներկա պայմաններում այլևս անիմաստ է դառնում որևէ արտահայտություն կամ միտք արտաբերել փակ շրջանակի համար: Պետական պատասխանատվություն ունեցող որևէ անհատի արտահայտությունը միշտ էլ խոշորացույցի տակ է, վերծանվում է այլ երկրների դիվանագիտական շրջանակների կողմից, և ի մասնավորումն, մեր հակառակորդ և թշնամի պետություններն այդ արտահայտությունները միջազգային հարթակներում օգտագործում են մեր երկրի դեմ: Այս ասպարեզում ևս, ցավոք, Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաները «խելամտությամբ» չեն փայլում:
Այս բոլորը կարելի է շտկել, կարելի է սրբագրել, եթե գոյություն ունենա սովորելու, հայրենիքի գաղափարը յուրացնելու և պետության իմաստն ու հայրենանվեր աշխատանքի առաքելությունն ընկալելու առկայության պարագայում:
Պատերազմից հետո, որպես պարտված կողմ, անհավասարակշիռ, անորոշ և վրիպումներով լի արտահայտությունները դիվանագիտական դաշտում ևս խորացնում են մեր կրած պարտությունը:
Ժամանակին ՀՀ վարչապետ հանդիսացող անձը իր «փայլուն» մտքերից մեկը համարում էր այն, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար: Ներկա կացության հեռանկարը մի բան շատ հստակ է դարձնում՝ այս պայմաններում սպասվող լուծումն անընդունելի է և՛ Արցախի, և՛ հայ ժողովրդի համար, իսկ կարևորն այն է, որ չփակենք այն ճանապարհները, որոնք կտանեն դեպի ցանկալի լուծում՝ թեկուզ տարիներ հետո: Ահա այստեղ է, որ հայկական դիվանագիտությունը մեծ աշխատանք ունի կատարելու: Աշխատանք, որի միջոցով իրավունքի ձեռքբերման ուղիները միշտ պետք է հասանելի լինեն և ընկալելի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է հարատև և անխոջ աշխատանք: Թշնամիների կողմից այժմ հայ ժողովուրդն իրավազրկվել է, իսկ իշխանությունների անխոհեմ քաղաքականության պատճառով այդ իրավազրկումը փոխանցվում է հաջորդ սերունդներին, ինչն անընդունելի է:
«Ապառաժ»-ի խմբագրական