կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 11:53
Առանց Կատեգորիա

80 տարի չգործադրված իրավունքից չպետք է խանդավառվել

80 տարի չգործադրված իրավունքից չպետք է խանդավառվել

Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը կիրակի օրը պաշտոնապես հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է վերադարձնել 1936 թվականից հետո երկրի ազգային փոքրամասնություններից` հայերից, հույներից ու հրեաներից խլված սեփականությունը: Կարծիքներ կան, որ որոշումն ընդունվել է Եվրամիության եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Թուրքիայի դեմ ներկայացված մի շարք հայցերի բավարարման ճնշման ներքո։ Թուրքիայի կառավարությանը նման կոչով դիմել էր նաեւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը:

Խնդրո առարկայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԻՑ:

- Նախ, այս ամբողջը պետք չէ կապել միայն ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնախմբի որոշման հետ: Սա ավելի հին ու երկար պատմություն ունի. 1936 թվականից այս խնդիրը Թուրքիայում կար, եւ երկրի իշխանությունները 2008-ին այս ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկեցին, սակայն այդ քայլերը բավարար չէին, որպեսզի արդարությունը վերականգնվեր: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի էին ունենում դատավարություններ, որտեղ Թուրքիան շարունակ տանուլ էր տալիս եւ ստիպված էր փոքրամասնությունների հիմնադրամներին վերադարձնել իրենց գույքը, ավելին` հոգալ դատական ծախսերը: Թուրքիայի կառավարության այս որոշումը պետք է դիտարկել այս համատեքստում: Բացի այդ` պահանջ կար ոչ միայն ոչ իսլամ փոքրամասնությունների, այլեւ Թուրիքայում գործող տարբեր իրավապաշտպան կառույցների կողմից:

- Եթե անգամ որոշումն իրագործվի, որքանո՞վ այն կբավարարի հայկական համայնքի ակնկալիքները:

- Այս որոշումը ո՛չ նվեր է, ո՛չ էլ շնորհ, որ պարգեւվում է փոքրամասնություններին, սա ընդամենը Լոզանի 1923 թվի պայմանագրով այդ փոքրամասնությունների իրավունքների գործադրության մասին որոշում է: 1936-ից առայսօր այդ փոքրամասնությունները զրկված էին այն անշարժ գույքից, որի մեծ մասը եկամտի աղբյուր էր այդ համայնքների համար: Պետք է նկատի ունենալ, որ այս որոշումը դեռ պետք է գործածության մեջ դրվի. համապատասխան կառույցներ դեռ պետք է վավերացնեն յուրաքանչյուր դեպքը, նոր միայն տվյալ կալվածքը փոխանցեն տվյալ հիմնադրամին: Անշուշտ, Կոնգրեսի որոշումը շատ ավելի ընդգրկուն էր, այն խոսում էր նաեւ Հայոց ցեղասպանությունից առաջ համայնքներին պատկանող կալվածքների, պաշտամունքի վայրերի վերադարձի մասին եւ ոչ միայն, իսկ այս որոշումը դրա շատ փոքր մասն է:

- Ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունն, այնուամենայինիվ, գնաց այս քայլին:

- Թեեւ ոմանք մեկնաբանեցին, որ այս որոշումը զուտ ինքնաբուխ քայլ էր, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Մի քանի պատճառներ կան, որոնք Թուրքիային ստիպեցին գնալ այս քայլին: Մեկը Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի պահանջն էր, մյուսը` Կոնգրեսի բանաձեւը, բայց Թուրքիայի կառավարությունն այդ քայլին գնաց նաեւ քրդական նախաձեռնությունը ձախողելու, Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման, Հայաստանի հետ հարաբերությունների պատճառով. այս ամենն առիթ էր, որպեսզի Թուրքիան այս քայլով փորձի համոզել Եվրամիությանը, նաեւ Միացյալ Նահանգներին, որ ինքը դրական քայլեր է անում իր ներսում ապրող հույն, հայ եւ հրեա համայնքների հանդեպ: Մի խոսքով, ցանկանում են այս որոշմամբ մի քանի ճակատներում բարի նիշ ապահովել, բայց թե ինչքան անկեղծորեն կգործադրեն այդ որոշումը, ցույց կտա ժամանակը:

- Կարծիքներ կան նաեւ, որ այս որոշմամբ Թուրքիան փորձում է սիրաշահել հայ համայնքին եւ նրան կտրել Սփյուռքից:

- Թուրքիայի ջանքը միշտ էլ հայկական ճակատը պառակտելն է եղել: Մի ժամանակ փորձեցին, հիմա էլ երբեմն շարունակում են ասել, որ Ցեղասպանության հարցը Հայաստանում ապրող խեղճ, աղքատ հայերին չի հետաքրքրում, այլ միայն հանգստավետ պայմաններում ապրող սփյուռքահայերին, բայց դա, իհարկե, այդպես չէ: Այսօր էլ թուրքերը փորձում են Սփյուռքում պառակտում առաջացնել, բայց վստահ եմ, որ չի հաջողվի: Թուրքիայում ապրող մեր հայրենակիցները, լինեն Թուրքիայի քաղաքացի, թե ոչ, ի վերջո, Թուրքիայի ձեռքում պատանդ են, եւ մենք պետք է գուրգուրանքով վերաբերվենք եւ ոչ թե որեւէ ձեւով կասկածի տակ դնենք նրանց հայրենասիրությունը: Անշուշտ, Թուրքիան փորձում է նաեւ ինչ-որ չափով շեղել ուշադրությունը հայկական հարցից` որ, ահա, տեսեք` ես ինչ-որ չափով հատուցում տալիս եմ: Բայց սա հատուցում չէ: Ինքը կարող է այդպես ցանկանալ, բայց մենք էլ պիտի հիշեցնենք, որ սա այն նվազագույն պարտավորություններն են, որ Թուրքիան այդ համայնքների նկատմամբ որոշել է կատարել:

- Այսինքն` առանձնապես խանդավառվելու կարիք չկա՞:

- Իհարկե, ոչ: Եթե նույնիսկ 12 ամիս հետո էլ այդ ամբողջը վերադարձվի, էլի ոգեւորվելու պատճառ չկա, որովհետեւ սա ընդամենը 80 տարի ուշացած քայլ է:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ