Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:
Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը կարեւորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Սիրիայի համագործակցությունը:
Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ: Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:
Կողմերը կարեւորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը: Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը: Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման եւ ներմուծման ծավալների ավելացմանը: Ընդգծվել է սիրիահայերի զգալի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել: