կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-07 14:25
Հասարակություն

Հայաստանի գյուղատնտեսությանը շատ ծանր օրեր են սպասվում․ Արթուր Խաչատրյան

Տարածաշրջանային ապաշրջափակման դեպքում Թուրքիան «կխժռի» Հայաստանի տնտեսությունը։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ թուրքական տնտեսության հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, քան հայկականինը, հետևաբար, Թուրքիան կկլանի Հայաստանի տնտեսությունը՝ նվազեցնելով զարգացման հնարավորությունները։

Հիմնական տուժողները լինելու են տեղական արտադրողները, հատկապես՝ ֆերմերները։ Թուրքիայում գյուղմթերքի ինքնարժեքը բավականին էժան է կազմում։ Թուրքական ապրանքները հեղեղելու են մեր շուկաները։ Հայաստանի գյուղատնտեսության վիճակը շատ վատ է լինելու։ Գյուղատնտեսությանը, որի հետ մեծ հույսեր է կապել այս կառավարությունը, ծանր օրեր են սպասվելու»,- նշեց նա։

Գյուղատնտեսության նախկին նախարարը ռիսկեր է տեսնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության շուրջ։ Փաշինյանը խաղողագործներին կոչ էր արել միավորվել, որպեսզի հաջորդ տարի խաղողի մթերման հարցը լուծվի։

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ կառավարությունն աջակցության տրամադրման թիրախն է փոխում, որի հետևանքով ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել խոշոր գյուղացիական տնտեսությունները։

«Պետությունը քաղաքացիներից հարկերի տեսքով գումար է վերցնում և հողը տալիս է հարուստ մարդկանց։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում մենք աջակցության փոխարեն ֆինանսավորում ենք խոշոր բիզնեսը։ Այո, ես մտավախություն ունեմ, որ խոշոր գյուղացիական տնտեսությունները քիչ-քիչ կարող են գնել գյուղացիների հողերը։ Արդյունքում՝ կարող ենք ունենալ խոշոր հողատերեր, իսկ շատ գյուղացիներ կկորցնեն իրենց հողատարածքները։ Ասոցիացիաների դեպքում պետք է հողի սեփականության իրավունքը պահպանվի»,- իր դիտարկումները ներկայացրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի մյուս առաջարկը դարձյալ գյուղացիներին էր վերաբերվում․ պետությունը հողամասը կաթիլային եղանակով ոռոգման դեպքում ֆերմերներին հինգ տարի ազատում է ջրի վարձից։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ նախ պետք է քայլեր ձեռնարկել ոռոգման ցանցերում ջրի 80 տոկոս կորուստը նվազեցնելու, ապա միայն խոսել ոռոգման արդիական համակարգի մասին։

«Միայն կաթիլային համակարգ ներդնելով՝ ոռոգման ջրի խնդիրը չի լուծվի, բացի դա, այն բավականին թանկ հաճույք է։ Կարևոր է գյուղատնտեսության արդիականացումը, բայց այն պետք է համալիր միջոցառումների շարք լինի՝ մի ծառը պոկելով տեղն այլ ծառ տնկելով չէ։ Այսօր խոսվում է ինտենսիվ այգեգործության զարգացման մասին, բայց չպետք է կորցնենք մեր տեղական սորտերը։ Այսօր շատ է խոսվում նաև սերտիֆիկացված տնկիների մասին, դա վտանգավոր է։ Այս խնդիրները պետք է ուսումնասիրել։ Եթե հայկական ծիրանի սորտի փոխարեն աճեցնես գաճաճ տեսակի ծիրան, կկորցնես մեր էնդեմիկ սորտերը։ Եթե մենք ռուսական շուկայում մրցում ենք մեր տեղական ապրանքով, ինտենսիվ այգեգործության դեպքում կարող է մեր ծիրանը չտարբերվել, օրինակ, լեհականից»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Ընդդիմադիր պատգամավորը զարմանում է ֆինանսական ոլորտի պատասխանատուների լավատեսական կանխատեսումների վրա։ Նրա դիտարկմամբ՝ իրատեսական չէ 7 տոկոս տնտեսական աճ ապահովել այն դեպքում, երբ գնաճը փաստացի «ուտում» է տնտեսությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։